Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությnւնը բարձրացավ, հիմա արդեն կարգավորվելու ժամանակահատվածն է. Սուքիասյան

ԵԱՏՄ-ի մեր գործընկերները պետք է այդ ձևով չընդունեն խնդիրը, որովհետև ապագայում իրենք նույնպես ուզենալու են մտնել եվրոպական շուկա, եթե կարգավորվի հարաբերությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով հարցին, թե՝ երբ ընտրում ենք Եվրամիության ճանապարհը, արդյոք մեր տնտեսությունը հարվածի տակ չենք դնում։

«Երկուսն էլ շուկա են, աշխարհում բոլորը պայքարում են շուկաների համար, իրացնելու համար, կոոպերացիա ստեղծելու, տնտեսությունների միջև փոխկապակցվածություն ստեղծելու համար: Երկրագունդը փոքր է, և ամեն մեկն ուզում է ավելի մեծ ծավալների հնարավորություններ ունենա: Երբ լինում է փոխկապակցված տնտեսություն, այդ երկրների հարաբերություններն ավելի դրական են դառնում, դրա համար շատ դեպքերում դա համարում են լավագույն գործիքներից մեկը կայունության, խաղաղության և փոխըմբռման»,-ասաց նա:

Պատգամավորը նկատեց, որ վերջին բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ աշխարհում երեք կարևոր գործոն է գործելու. առաջինը հանքահունքային հնարավորություններն են, երկրորդը լոգիստիկ հնարավորություններն են, որը Հայաստանն ուզում է խաղաղության խաչմերուկով դեր վերցնի իր վրա տարածաշրջանում, և երրորդն այն է, թե տեխնոլոգիաներին ինչքան մոտ ես:

«Վերջերս ուսումնասիրում էինք, և պարզեցինք, որ Հայաստանում և ԱՄՆ-ում հայ մարդկանց մասնակցությամբ, մոտավորապես մինչև 60,000 ինժեներներ կան տարբեր հայտնի համաշխարհային կազմակերպություններում: Ես կարծում եմ՝ դա նավթային ռեսուրսներին համարժեք ռեսուրս է: Սա շատ բավականին լուրջ է, որովհետև այսօր աշխարհում թիվ մեկ կարևորության մասնագետը նա է, ով կարողանում է ամենաառաջադեմ տեխնոլոգիաների մեջ մի նոր միտք գեներացնել, մի նոր առաջընթաց ապահովել:

Վերջին հաշվով տնտեսությունների փոխկապակցվածությունը շատ կարևոր բան է։ Ես կարծում եմ՝ մեր ռուս ընկերները նույնպես դա կգնահատեն, և ավելի ոչ էմոցիոնալ որոշումներ կկայացվեն և՛ մեր կողմից, և՛ Ռուսաստանի կողմից»,-ասաց Խաչատուր Սուքիասյանը:

Դիտարկմանը, որ Մոսկվայից շատ կոշտ արձագանքեցին ԵՄ ինտեգրման գործընթացին և նույնիսկ դա «Տիտանիկի» տոմս գնելու հետ համեմատեցին, պատգամավորն ասաց. «Դրանք քաղաքական մտքեր են, իսկ գործադիրը գործադիրի հետ հանդիպելուց այլ կերպ են խոսում: Կարծում եմ՝ Լավրով-Միրզոյան հանդիպումները շատ աշխատանքային են անցել, դա նկատելի էր: Ամեն ինչ շատ ճիշտ ճանապարհով գնում է։ Իհարկե, շատ լարված, ավելի սուր հատվածներ էլ կան, այս պահին էմոցիոնալության խնդիր էլ կա:

Իսկ եթե ուզում եք ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի գնահատականը տամ, դրանք հազարավոր բաղադրիչների հետ են կապված, թե ինչ կարգի հնարավորություններ, թույլտվություններ կլինի նույն ԵՄ շուկայում մեր հայտնվելու դեպքում, մեզ ինչ կարգի իրենք հնարավորություններ կտան, մինչև մերոնք կարողանան ադապտացվել:

Մենք պետք է մեր անվտանգային խնդիրը, դիվերսիֆիկացման խնդիրը լուծենք, պետք է շատ կայուն տնտեսություն ունենանք:

Մեզ համար շատ ցանկալի կլինի, որ ՌԴ մեր գործընկերները նույնպես կարողանան ինչ-որ աստիճանի կարգավորեն իրենց հարաբերություններն արևմտյան երկրների հետ: Այդ դեպքում հնարավոր է ավելի հեշտ որոշումներ կայացվեն»:

Կրկին անդրադառնալով Մրիզոյան-Լավրով հանդիպմանը՝ Սուքիասյանը նկատեց, որ եթե հարաբերությունները խաթարվեն, ոչ միայն Հայաստանը կորուստ կունենա, այլև Ռուսաստանը. «Կարծում եմ՝ այդ գնահատականների արդյունքում ավելի սթափ են մտածել, ավելի աշխատանքային է եղել հանդիպումը: Ցանկալի կլիներ, որ ՌԴ-ի կողմից կոշտ հայտարարություններ չլինեին, բայց այդ սրումներից հետո սթափություն է առաջանում, սթափ են սկսում գործել:

Միգուցե այդ կորն այդպես բարձրացավ, հիմա արդեն նվազելու և կարգավորվելու ժամանակահատվածն է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ