Թուրքիայի ողբերգական հրդեհի գործով ձերբակալվել է ավելի քան տասնյակ մարդ, այդ թվում՝ Բոլուի փոխքաղաքապետը

Թուրքիայի Բոլուի փոխքաղաքապետը և հրշեջ ծառայության ղեկավարի տեղակալը ձերբակալվել են հյուրանոցում բռնկված հրդեհի գործով, որի հետևանքով 76 մարդ էր զոհվել։

Այս մասին «X»-ում գրել է Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը։

Նրա խոսքով՝ Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի մոտակայքում գտնվող հյուրանոցում բռնկված հրդեհի հետ կապված դատական հետաքննությունն ընթանում է «շատ նուրբ, բազմակողմանի և մանրակրկիտ»։

«Քննության շրջանակներում մինչ այժմ ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում՝ Բոլուի քաղաքապետարանի հրդեհային պաշտպանության գծով փոխքաղաքապետը, Բոլուի քաղաքապետարանի հրշեջ պետը, բիզնեսի սեփականատերը, ընկերության գործադիր տնօրենը և հյուրանոցի մենեջերը»,- գրել է Թունչը։

Հիշեցնենք՝ «Գրանդ Քարթալ» հյուրանոցում հրդեհը տեղի էր ունեցել հունվարի 21-ի գիշերը։ Այն բռնկվել էր հյուրանոցի չորրորդ հարկի ռեստորանում և արագ տարածվել շենքով փայտե երեսպատման պատճառով։

Հրդեհի պահին հյուրանոցում եղել էր 237 զբոսաշրջիկ, այդ թվում՝ երեխաներով ընտանիքներ, որոնք հանգստավայր էին գնացել դպրոցական արձակուրդների ժամանակ։ Հրդեհային ազդանշանային համակարգը չի աշխատել:

Բազմաթիվ հյուրեր, արթնանալով ծխի հոտից, հայտնաբերել են, որ միջանցքներն արդեն լցված են ծխով, և դրանց միջով անցնելն անհնար է։ Փախչելու համար մարդիկ ցած են իջել կապված սավաններով կամ դուրս նետվել այրվող շենքի պատուհաններից։

Թուրքիայի իշխանությունները հետաքննություն են սկսել։

Վերջին տվյալներով՝ Քարթալկայա հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 76 մարդ, տուժել՝ 51 հոգի։ Մեկ զբոսաշրջիկի վիճակը գնահատվում է ծանր։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համազգային սուգ է հայտարարել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ