Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ներկայացրել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթի մանրամասները՝ նշելով, որ փաստաթուղթը վերաբերում է երկկողմ հարաբերությունների որակական բարելավմանը և ընդգրկում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ՝ տնտեսականից մինչև անվտանգություն, ժողովրդավարություն և պաշտպանություն։
«Այս ռազմավարական գործընկերության փաստաթուղթը բարձրացնում է հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը։ Ոլորտները բազմաթիվ են՝ սկսած տնտեսական համագործակցությունից, վերջացրած անվտանգության, ժողովրդավարական և պաշտպանության ոլորտում համագործակցության։ Սա շատ հաջողված, բազմաոլորտ և լավ հեռանկարներ բացող փաստաթուղթ է։
Մի մասը ասաց, որ այս փաստաթղթով փրկվեցինք։ Ժողովուրդ ջան, չփրկվեցինք և պետք չէ ընդհանրապես փրկիչներ ման գալ։ Ինչպես պետք չէր նախկինում փրկիչներ ման գալ հյուսիսում, հիմա պետք չէ փրկիչներ ման գալ արևմուտքում, արևելքում և որևէ տեղ։ Եթե մենք փրկվելու ձև ունենք, մենք ինքներս պետք է այնպես անենք, որ և փրկվենք, և զարգանանք, և ամրանանք։ Մենք փրկիչներ չենք փնտրում և այս փաստաթղթով էլ փրկիչներ չենք գտել»,- ասել է Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը նաև անդրադարձել է այն մտահոգություններին, թե փաստաթուղթը կարող է բացասական ազդեցություն ունենալ Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա։
«Ես վերադարձել եմ Մոսկվայից աշխատանքային այցից, իսկ արտաքին գործերի նախարարի տեղակալը՝ Թեհրանից։ Մենք մեր գործընկերների հետ շատ սերտ կապի մեջ ենք, բազմաթիվ հարցեր կոորդինացնում ենք և փոխըմբռնման մթնոլորտում աշխատում ենք»,- ասել է նախարարը՝ հորդորելով չգերագնահատել և չթերագնահատել փաստաթղթի կարևորությունը՝ շեշտելով, որ այն պարզապես Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների խորացման հնարավորություն է, բայց ոչ ռազմական դաշինք։
«2023 թվականի գարնանը հայտարարեցինք, որ աշխատելու ենք հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Եվ ահա 2024 թվականի հունվարի 14-ին մենք ստորագրեցինք այդ փաստաթուղթը, որը մի քիչ փոխում է համագործակցության ձևաչափը։ Նշել ենք նոր ուղղություններ, նոր ոլորտներ, նաև նոր հնարավորություններ:
Հայաստանի համար առաջնային են սեփական շահերը։ Մենք ինքնիշխան երկիր ենք, և մեր բոլոր որոշումներն առաջնորդվում են բացառապես Հայաստանի շահերով։ Մեր բոլոր գործընկերները, ովքեր հարգում են մեր ինքնիշխանությունը, պետք է հարգանքով մոտենան մեր դիրքորոշմանը»,- նշել է Միրզոյանը։