Սիրունյանը ոնց որոշել է և որոշվել է, որ առաջադրվի, տենց էլ որոշել է և որոշվել է ինքնաբացարկ հայտնի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում արձագանքեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։

Վերջինս նկատեց՝ ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվել իշխանությունը, երբ Ալեքսանդր Սիրունյանին առաջադրել է ԲԴԽ անդամի թեկնածուի պաշտոնում․ «Տարբերակ մեկ՝ սեռական բնույթի իր հայհոյանքները, տարբերակ երկրորդ՝ ՔՊ-ական լինելը, տարբերակ երեք՝ կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված լինելու լուրերը, տարբերակ չորս՝ առաջարկեք ձեր տարբերակը»։

ՀՀ վարչապետը, պատասխանելով հարցին, ընտրեց չորրորդ տարբերակը․

«Տարբերակ չորրորդ՝ ԲԴԽ նախագահի թեկնածության մասին անհրաժեշտ պարամետրերի առկայությունը։

Հիմա Դուք, որ ասում եք՝ ձեր ստեղծած, մեր ստեղծած ինստիտուտները իրենց ինստիտուցիոնալ դերը կատարել են, մեր ստեղծածը, ձեր ստեղծածը չեն կատարել։ Այդ ինստիտուտները հենց նման դեպքերի համար են ստեղծվել, որ լինեն տարբեր ֆիլտրեր, և դրանք աշխատել են։ Հիմա, հարգելի տիկին Խամոյան, ես ձեզ հաճույքով տեղեկացնում եմ՝ ՀՀ-ում հակակշիռների և փոխզսպումների համակարգը կոնկրետ ձեր նշած օրինակով գործում է, ինչի առիթով շնորհավորում եմ ձեզ և մեզ և բոլորիս։

Ես ընտրեցի իմ տարբերակը և ազդարարեցի Հայաստանի Հանրապետությունում հակակշիռների մեխանիզմի գործունեությունը։ Հիմա Դուք ի՞նչից եք դժգոհ, ուզում եք ասել՝ կարո՞ղ է այդքան էլ լավ թեկնածու չէինք ընտրել, մենք որոշում ենք կայացրել, դա եկել է հակակշիռների մեխանիզմով անցել է, ֆիլտրվել է, և թեկնածուն որոշել է ինքնաբացարկ հայտնել, այսինքն՝ ոնց որոշել է և որոշվել է, որ առաջադրվի, տենց էլ որոշել է և որոշվել է ինքնաբացարկ հայտնել»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ