ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում զարմանք ու հարգանք արտահայտեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի նկատմամբ։
Վերջինս անդրադարձավ բրիտանական կողմի զգուշացմանը, որը Խաչատրյանը մեջբերեց իր հարցի ժամանակ։
«Կա՛մ ձեզ լավ չեն ասել, կա՛մ ամբողջը չեք կարդացել։ Մեղմացում կա Հայաստանի նկատմամբ առվող ռեկոմեդացիաների մասով, ահաբեկչության վտանգի մասին լուրջ կտորն էլ դուրս է հանված։
Բրիտանական կարգավորումը այս փուլում մեղմացում է ունեցել Հայաստանի նկատմամբ»,- շեշտեց նախարարը։
Ինչ վերաբերվում է սահմանազատման գործընթացին, միրզոյանը կարևորեց․
«Ունենք օկուպացված տարածքներ 200 քառակուսի կմ-ից ավելի, որը պետք է ներկայացնենք սահմանազատման գործընթացների ժամանակ։
Ինձ մնար Հայաստանի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից Ատլանտյան օվկիանոսով, բայց մոլորակի վրա, բացի մեզնից կա ևս 200 պետություն։ Մենք շահագրգիռ ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, այն համարում ենք խաղաղության գործընթացի էական կարևոր բաղադրիչ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Խաչատրյանը, հղում անելով բրիտանական կառավարության՝ իր քաղաքացիների համար պարբերաբար թարմացվող և արդեն իսկ սովորական դարձած հրապարակմանը, «գուժում է», թե բրիտանական կառավարությունը խորհուրդ չի տալիս երթևեկել ՀՀ որոշ սահմանամերձ շրջանների ճանապարհներով։
Իրականության մեջ, սակայն, նման հրապարակումներով հանդես են գալիս թե՛ Բրիտանիայի, թե ԱՄՆ կառավարության և դեսպանատների կայքերը։
Ընդդիմադիր պատգամավորը այս զգուշացումը հատուկ չի համեմատել նախորդիվ ներկայացված զգուշացումների հետ։ Ավելին՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի նախազգուշացման մեջ ոչ մի նոր կամ սենսացիոն բան չկա. նախորդ զգուշացման մեջ (https://web.archive.org/web/20250114151523/https://www.gov.uk/foreign-travel-advice/armenia) նշվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի մասին, որը ազդել է Հայաստանի հյուսիսում երթևեկության վրա, իսկ նորում դրա մասին որևէ հիշատակում չկա։
Հայաստանում «ահաբեկչական սպառնալիքի հնարավորության» մասին «ավանդական» զգուշացումը նույնպես որոշակիորեն մեղմացել է։