«Մարդուն պիտի ասենք՝ պետությունը չի մտնում քո գրպանը, պետությունը ասում է՝ դու իմ տերն ես, հիմա եկել եմ դրա ուրիշ այլաբանությամբ: Երբ թոռները մտնում են պապիկի գրպանը, պապը թաթերին չի տալիս, ասի՝ մի մտեք, որովհետև հարազատի հարաբերություն է իրենց մեջ: Հերիք է մենք պետությունը ընկալենք որպես թշնամի»:
Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի՝ Եկամուտների ընդհանուր հայտարարագրման ռեֆորմի մասին հարցին:
«Ռելիգտային ընկալումը դա է, որ մենք ասում ենք պետություն, միանգամից պատկերացում ենք այն կայսրությունը, որը մեզ ճզմել է, սպանել: 15-րդ դարից հետո այդպես է եղել հարաբերությունը: Այս պատկերացումները քաղաքացու մոտ պետության վերաբերյալ պետք է փոխվեն: Ասում են՝ պարգևավճար, կոռուպցիա, մարդկանց մոտ ընկալում է ստեղծվել, որ պետական բյուջեն այս դահլիճի այսքան հատվածի համար է ծախսվում: Էլի եմ ասում՝ ոչ մի ընտանիք ինքը իր համար չի անում այնքան ծախս, ինչքան որ անում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն: Կառավարությունը Հայաստանի ժողովրդին ասել է կարգախոսը, որ «Հայաստանը իմ տունն է, ժողովուրդը իմ ընտանիքն է», դա նշանակում է մանկապարտեզներ, դպրոցներ, ճանապարհներ: Դուք որ արհեստավոր եք տանում ձեր տուն, ի՞նչ է կատարվում ձեր շինարարության հետ, անունը դնում եք կոռուպցիոն ռի՞սկ: Չեք դնում, չէ՞, այդ նույն պրոբլեմների հետ բախվում է պետությունը: Մեր բյուջեյում համընդհանուր հայտարարագրման համակարգից եկամուտ նախատեսված չԷ, զրո է եկամուտը»,— ասաց վարչապետը:
Այս համատեքստում նա նկատեց՝ մարդկանց մեջ նույնիսկ լուր է պտտվել, որ ընտանիքի անդամը մյուսին գումար փոխանցելու դեպքում էլ հարկվելու է, ինչն այդպես չէ. «Այդպիսի բան չկա, մինչև 300 հազար դրամը (ուզում է տարին 800 անգամ փոխանցում կատարի) չի հայտարարագրվում, դրանից ավելին է հայտարարագրվում է, բայց չի հարկվում: Կլինի Հայաստանի ներսից, թե դրսից, աշխարհի որ ծայրից էլ որ լինի, դրամով, թե դոլարով, չի հարկվում: Այստեղ այլ բան կա, օրինակ՝ ընտանիքներ կան՝ անապահովության նպաստ են ստանում 25 հազար դրամ կամ 30, մեկ էլ պարզվում է՝ ամիսը ստանում է 3000 դոլար տրանսֆերտ: Այ դա պետք է հարկվի: Մենք նպաստը տալիս ենք այն կանխավարկածով, որ նա հացի փող չունի: Մենք չենք ուզում այդ փողը որևէ մեկի ձեռքից խլել, մենք ուզում ենք դա վերահասցեագրենք այն մարդուն, ով իրոք դրա կարիքը ունի»: