«Նախ ուզում եմ արձանագրենք, որ Երևանում այլևս չկան այն, ինչ մենք դեռևս 2017 թվականից անվանել ենք «հուսահատության գազելներ» և ասել, որ դրանք չեն լինելու: Հիմա չկան «հուսահատության գազելներ»-ը, և արձանագրենք, որ Կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը այդ խոստումը կատարել է»:
Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի այն հարցին, ըստ որի՝ Երևանում տրանսպորտի լայնածավալ ռեֆորմ է իրականացվում, ինչի արդյունքում հարմարավետ նոր ավտոբուսներ են բերվել, անկանխիկ վճարման համակարգ է ներդրվել, ստվերից դուրս են եկել տոմսերից գոյացող մեծ գումարներ, սակայն քաղաքացիները բազմաթիվ խնդիրներ են արձանագրում՝ վալիդատորների անսարքություն, «Թել-Սել» համակարգի խափանումներ և այլն, որոնք բարդացնում են մարդկանց կյանքը և գեներացնում դժգոհության ալիք. «Տեխնիկական խնդիրների հետ կապված ինչպե՞ս եք տեսնում լուծումը»:
Վարչապետն արձագանքելով ասաց, որ, ըստ էության, քննարկում են Երևանում նոր տրանսպորտային համակարգ ստեղծելու հարցը:
«Հիմա հարց՝ Երևանում տրանսպորտային համակարգ չի՞ եղել, այսինքն՝ մենք նո՞ր ենք տրանսպորտային համակարգ ստեղծում: Երևանում եղել են իկարուսներ, եղել են տրոլեյբուսներ, տրամվայներ, ինչ-որ մի տրանսպորտային համակարգ, այդ տրանսպորտային համակարգը ինչո՞ւ է վերացել, որովհետև ամեն ինչ արվել է, որպեսզի լինի ձրի, սոցիալական որևէ շորշոփ չառաջացնի, իսկ հետո գնացել կորել է: Հիմա Երևանի քաղաքապետարանը կարող է ասել՝ եկե՛ք ոչ մի բան չփոխենք, էն տրամաբանությամբ, որով օգտվում էինք գազելներից, օգտվեք նաև գերմանական արտադրության «ՄԱՆ» ավտոբուսներից: Կարող է, բայց ես ուզում եմ մենք նաև արձանագրենք, թե ինչ տեղի կունենա դրա արդյունքում, տեղի կունենա հետևյալը՝ շատ շուտով մենք կունենաք «ՄԱՆ» ավտոբուսներ, որոնց պատուհանի տեղը, օրինակ, սկոչով ցելաֆոն է կպցրած, օդորակիչը չի աշխատում, դուռը չի բացվում, նստարանը կոտրված է, այն, ինչ մեր աչքի առաջ մի քանի անգամ տեղի է ունեցել: Բայց ուզում եմ արձանագրել, որ երբ որ մենք այսօր տրանսպորտ ենք նստում, ունենք երկու ընտրություն. ուզում ենք վճարել միայն մեր այսօր գործի գնալու համա՞ր, թե՞ ուզում ենք այնպես անել, որ 10 տարի հետո էլ նորմալ տրանսպորտով Երևան քաղաքում հնարավոր լինի գործի գնալ: Իկարուսի օրինակը ինչի համար եմ բերում, որովհետև այն ժամանակ էդ օրվա համար էլ չի վճարվել, 10 տարի հետոյի համար էլ չի վճարվել»,- նկատեց վարչապետը: