ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, հավատարիմ մնալով սեփական կուսակցության գործելաոճին, հերթական անգամ ստի ու մանիպուլյացիայի միջոցով փորձում է հանրության մեջ վախ և խուճապ առաջացնել, իբրև թե մոտալուտ ռազմական էսկալացիայի մասին գուժելով։
ԱԺ պատգամավորի կողմից հանրությանը նման ձևով մոլորեցնելու և սթրեսի ենթարկելու գործելաոճը խիստ դատապարտելի է։ Իսկ ինչ «ահասարսուռ» փաստ է «հայտնաբերել» դաշնակ գործիչը։ Խաչատրյանը, հղում անելով Բրիտանական կառավարության՝ իր քաղաքացիների համար պարբերաբար թարմացվող և արդեն իսկ սովորական դարձած հրապարակմանը, «գուժում է», թե Բրիտանական կառավարությունը խորհուրդ չի տալիս երթևեկել ՀՀ որոշ սահմանամերձ շրջանների ճանապարհներով։
Իրականության մեջ, սակայն, նման հրապարակումներով հանդես են գալիս թե՛ Բրիտանիայի, թե ԱՄՆ կառավարության և դեսպանատների կայքերը, այստեղ որևէ նորություն չկա:
Ընդդիմադիր պատգամավորը այս զգուշացումը հատուկ չի համեմատել նախորդիվ ներկայացված զգուշացումների հետ։ Ավելին՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի նախազգուշացման մեջ ոչ մի նոր կամ սենսացիոն բան չկա. նախորդ զգուշացման մեջ (https://web.archive.org/web/20250114151523/https://www.gov.uk/foreign-travel-advice/armenia) նշվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի մասին, որը ազդել է Հայաստանի հյուսիսում երթևեկության վրա, իսկ նորում դրա մասին որևէ հիշատակում չկա։
Հայաստանում «ահաբեկչական սպառնալիքի հնարավորության» մասին «ավանդական» զգուշացումը նույնպես որոշակիորեն մեղմացել է։