Արայիկ Հարությունյանը միաձայն ընտրվեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը միաձայն ընտրվեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ։ Մատենադարանում ընթանում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հերթական ժողովը։

Հիշեցնենք, որ 8 տարի ֆեդերացիան ղեկավարած, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը օրերս ֆեյսբուքյան գրառումով հայտարարել էր ՀԾՖ նախագահի պաշտոնում այլեւս չառաջադրվելու մասին. «Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ Կարծում եմ ժամանակն է (կամ մի բան էլ ուշացած), որ լինեն նոր դեմքեր, նոր ծրագրերով»,- գրել էր նա։

ՀԾՖ նախագահի ընտրություններին ներկա էին ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամեդ Ջալուդը, Ծանրամարտի Ասիական ֆեդերացիայի նախագահ պարոն Ալմանան, Բահրեյնի ֆեդերացիայի նախագահը, IWF գլխավոր քարտուղարը, հայկական ծանրամարտի ներկայացուցիչներ, մարզիկներ, մարզիչներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որն էլ նախագահի միակ թեկնածուն է:

Հրաչյա Ռոստոմյանը ժողովին չի մասնակցում:

ՀԾՖ ժողովի մեկնարկում որոշվեց, որ բոլոր քվեարկությունները, այդ թվում նախագահի ընտրություններն անցնելու են բաց քվեարկությամբ:

Ֆեդերացիայի 110 անդամից ներկա է 79 պատվիրակ, որոնք ապահովում են քվորումը:

Ժողովի առաջին հարցերից մեկը նախագահ Հրաչյա Ռոստոմյանի հրաժարականի դիմումը ընդունելն էր: Պատվիրակները միաձայն համաձայնեցին Հրաչյա Ռոստոմյանի հետագա պաշտոնավարումը դադարեցնել: Դեմ եւ ձեռնպահ չկար:

Մինչեւ նախագահի քվեարկության մեկնարկը , Միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամեդ Ջալուդը եւ մյուս պաշտոնական հյուրերը իրենց անմիջական աջակցությունը հայտնեցին Արայիկ Հարությունյանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ