ԲԴԽ անդամի թեկնածուի քվեարկությունը պետք է տեղի ունենա, սակայն ՔՊ խմբակցությունը չի մասնակցի դրան. Կոնջորյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ նիստերի դահլիճում իր ելույթի ընթացքում հիշեցրեց՝ Ալեքսանդր Սիրունյանը, որն առաջադրված էր որպես ԲԴԽ անդամի թեկնածու, հանդես է եկել հայտարարությամբ և հրաժարվել իր թեկնածությունից:

Նա նշեց․

«Պարոն Սիրունյանը հիմնավորեց այն հանգամանքով, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացության մեջ, մասնավորապես գույքային, հողի հետ կապված հարցեր կային, որոնք նաև Ազգային ժողովում քննարկման առարկա դարձան: Եվ հիմնվելով սրա վրա՝ պարոն Սիրունյանը իր թեկնածությունը հետ է կանչել:

Ուզում եմ տեղեկացնել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացությունը, ըստ կարգի, ուղարկվում է ԱԺ՝ թեկնածությունը առաջադրելուց հետո: Երբ թեկնածուն առաջադրվում է, դրանից հետո նրա վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն էլ իր ուսումնասիրություններից հետո տալիս է իր եզրակացությունը:

Մենք, ըստ էության, ևս կարևորում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության եզրակացությունները, հիմնվում դրանց վրա, և ինքներս՝ մեր իշխանությունը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հիմնել է հենց այսպիսի համանման իրավիճակներում խորհրդատվություն ներկայացնելու համար, կարևորում ենք ինստիտուտների և դրանց կողմից տրված եզրահանգումների կշիռը:

Պետք է ասեմ, որ քվեարկությունը, օրենքի համաձայն, պետք է տեղի ունենա, որովհետև ընթացակարգերը այլ բան չեն ենթադրում, սակայն ուզում եմ հայտնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի այս քվեարկությանը՝ իմ կողմից արդեն իսկ նշված հանգամանքների բերումով»։

Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված Ալեքսանդր Սիրունյանը կամովին հանել է իր թեկնածությունը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ