Քաղաքական «վարդավառ» կամ՝ ընդդիմադիր դաշտի «իքիբիրները», «մանղալչիները», «պլաստինկաները» շարունակում են միմայնց վրա «պզզացնելը»

Ընդդիմադիր դաշտում, ավելի ստույգ՝ նախկին՝ երկրորդ և երրորդ նախագահների թիմերի և համակիրների միջև բռնկված հրդեհը, ինչպես երևում է, մտել է ոչ թե հանգչելու, այլ՝ իրար վրա ցեխաջուր արձակելու փուլ։ Քաղաքական «վարդավառը», մի խոսքով, շարունակվում է։ Իշխանությանը հեռացնելու «կուրս» վերցրած ու ամեն անգամ այդ «կուրսը» կեսից տապալած, արտահերթ ընտրությունների հոտ առած երկու այս թիմերը, ի դեպ, մեկ անգամ չէ, որ քարոզչական հարձակումներ են իրականացրել միմյանց դեմ։ Բայց, հանուն արդարության նշենք, որ այդ հարձակումները գոնե առերևույթ տեղավորվել են պոլիտկոռեկտության սահմնաններում։ Այն է՝ բանը չի հասել միմյանց «այ քաչալ շուն, այ գող փիսո» ասելուն, «էլ հեր ու մեր» «հիշելուն»։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքը, սակայն, ցույց է տալիս, որ հայրենի օպոզիցիոներները շուտով կդիմեն «քֆուրոլոգիայի» ժանրին՝ դրանից բխող հետևանքներով։ Առաջինը պոլիտկոռեկտության «կարմիր գիծը» հատեց Ռ․Քոչարյանի ենթակալությամբ գործող «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, Անդրանիկ Թևանյանը՝ բառիս բուն իմաստով ցեխը մտցնելով Սերժ Սարգսյանին, նրան մեղադրելով զանազան քաղաքական մեղքերում։ Սրան, բնականաբար, հաջորդեց պատասխան հակահարվածը ՀՀԿ-ի տարբեր ներկայացուցիչների ու ակտիվիստների կողմից։ Բանը հասավ նաև միմյանց մեղադրելուն, թե՝ ինչու են քոչարյանական այս կամ այն ԶԼՄ-ում հարցազրույցների հրավիրվում նրանք, ովքեր վատ են արտահայտվում Սերժ Սարգսյանի հասցեին։

ՊՈՒ-ական պատգամավոր Աննա Մկրտչյանն էլ, հյուրընկալվելով «իրենցոքական» ԶԼՄ-ներից մեկին ՀՀԿ-ի բոստանը քար նետողներին, մասնավորապես Ա․Թևանյանին, մի լավ «ցայեց»՝ համեմատելով հին սկավառակի հետ, որին ժամանակ առ ժամանակ պտտում են՝ իր կուսղեկի հասցեին անլվա խոսքեր ցփնելու նպատակով։ Հիշյալ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ օրերս մեկ այլ տաղավար էր շտապել ու ՀՀԿ-ի թասիբը պաշտպանեց ուշագրավ համեմատությամբ՝ իրենց կպնող ընդդիմադիրներին անվանելով «իքիբիրնոցի մանղալչիներ»։

Փաստորեն, Սերժ Սարգսյանը, երբ իշխանության էր, ժամանակին ընդդիմությանը տեսակավորում էր «դատարկ դհոլների», «իդիոտների», «հաճախորդների», կոալիցիոն նախկին գործընկերոջն էլ չխնայելով «չարիք» անվանեց, այժմ նրա կրթած-աճեցրած կուսակիցներն էլ պիտակում են իրենց հետ նույն կարգավիճակում գտնվող քաղաքական ուժերին, անվանում «պլաստիկա», «մանղալչի»․․․Քաղաքական բառապաշարի ինչպիսի՜ էվոլյուցիա, ընդդիադիր դաշտում տիրող ինչպիսի՜ հաշտ ու բարիշ վիճակ։ Սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ տղաներ և աղջիկներ, բոլորդ էլ ճիշտ եք, հետևեք Աստվածաշնչյան պատգամին՝ «սիրեցեք զմիմյանս», իսկ եթե ոչ, ապա․․․ «իրար կերեք, կշտացեք»։

Ի դեպ, «տղաներ» ասացինք, հիշեցինք․ դեռ ամիսներ առաջ, երբ պարզ դարձավ «սրբազան» կոչվող շարժումը ձախողել է ու մտել փակուղի, Է․Շարմազանովն էր դիմել ընդդիմադիր «տղաներին»՝ հորդորելով իրար վրա ջուր չպզացնել։ «Հիմա մեր տունը վառվում ա, որպեսզի տունը հանգցնենք, էդ հրշեջները, որոնցից մեկն էլ ՀՀԿ-ն ա, չպտի ջուրը պզզցնեն իրար վրա, այլ պտի էդ տան կրակը մարեն։ Իմ մոտ նենց տպավորություն ա, որ մենք էդ շլանգը ձեռներս, մեկն էլ՝ մենք, էդ կրակը ուզում ենք մարենք, հետևից մեր վրա պզզցնում են։ Հերիք ա, տղաներ ջան, իրար վրա պզզցնեք` ընդդիմության մեր գործընկերներին եմ ասում։ Ուզում ե՞ք իշխանափոխություն, գիտակցում ե՞նք, որ իշխանափոխությունն ա էդ աղետից պրծնելը, բերեք իրար վրա շլանգով իրար վրա հերիք ջուր պահենք ու վարկաբեկենք։ Մտածենք և գործենք, ինչպես Սերժ Սարգսյանն ա ասում՝ «զրո ամբիցիա» սկզբունքով։ Քանի դեռ էդ ներքին տարաձայնությունները կան, ընդդիմության ընդդիմությունները կան, և դա ավելի ցայտուն ա առնվազն սոցիալական տիրույթում, քան Նիկոլի դեմ պայքարը, Նիկոլը մնալու ա»։

Նույն Շարմազանովը դեռ 2023-ի ամռանը հայտարարել էր, որ մինչև 2024 թվականը Նիկոլ Փաշինյանն արդեն հեռացված կլինի։ 2024-ն էլ թե՝ մինչև էս տարվա վերջ Նիկոլի հարցերը լուծած-պրծած կլինենք։ Արդեն 2025 թվականն է, Շարմազանովի ասած «պոսլե զավտռան» դեռ չի եկել․․․

Ի դեպ, տարբեր աղբյուրներից մեզ տեղեկություն է հասնում, թե ՌԴ-ն ՀՀ ընդդիմադիր դաշտի հերթական «քասթինգն» է հայտարարել՝ առաջիկայում նորից փողոցային պայքար բզբզալու համար։ Օպոզիցիայի հիմնական դերակատարներն էլ սկսել են բորենիների վարք դրսևորելով միմյանց հոշոտել՝ ոտն ի գլուխ, «թիվ մեկ» ուժի էստաֆետը վերցնելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ