Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Բաքվում Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ղեկավարության կեղծ դատավարության թեմային։
Հարցին, թե արդյոք հետևո՞ւմ են այդ դատավարությանը և ի՞նչ արձագանք ունեն, Սիմոնյանը պատասխանեց, որ արձագանքելու բան չկա։
«Դե ինչ կա այստեղ արձագանքելու։ Հետևում ենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում։ Բայց արձագանքելու որևէ բան չկա։ Ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում։ Ցավալի է, հույս ունենանք, որ դատավարությունը հնարավորություն կտա այդ մարդկանց ինչ-որ ձևով հետ բերելու, ազատելու քննարկում ունենալ»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Սիմոնյանը։
Լրագրողի այն դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները և ընդդիմությունը հայտարարում են, թե հայկական կողմը բավարար ջանքեր չի գործադրել, ԱԺ նախագահը արձագանքեց, որ չի հետևում Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հայտարարություններին և կարծում է, որ նրանք պետք է հնարավորինս զերծ մնան գործընթացին միջամտելուց։
«Ղարաբաղի նախկին պաշտոնյաների հայտարարություններին և ասածներին միտված չեմ հետևել ու համարում եմ, որ ավելի լավ կլինի, որ իրենք հնարավորինս շատ չխառնվեն, լռեն։ Իրենք ինչքան խառնվեցին, ինչ արեցին, դրա հետևանքը տեսանք։ Կարծում եմ, որ ճիշտը իրենց կողմից լռելն է»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ Ադրբեջանում հունվարի 17-ից սկսվել են շինծու մեղադրանքներով ռազմական հանցագործությունների համար մեղադրվող հայերի դատավարությունները։
Պաշտպանության նվազագույն հնարավորություններից զրկված, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով դատական նիստերի դահլիճ հասած դատավարության ընթացքում 6 ադրբեջանցի դատախազ է պաշտպանում, այսպես կոչված, «պետական մեղադրանքը»։
2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:
Նույն դահլիճում և նույն դատավորի նախագահությամբ կշարունակվի նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը, որն առանձնացել է առանձին վարույթով: