Արևմտյան Հայաստանը՝ Մուշն ու Արդահանը, ՀՀԿ-ի հայրենիքը չէ՞. Թե՞ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հայրենիքն ավարտվում էր այնտեղ, որտեղ սկսվում էր Աղդամը

ԱԺ 2025 թվականի նստաշրջանը մեկնարկեց ՀՀԿ-ական պատգամավոր Աննա Մկրտչյանի կողմից ռազմահայրենասիրական, թույլ տվեք ասել՝ «մուղամի» «քոքմամբ», որի պատճառը կամ առիթը ԱԺ նախագահության պատին փակցված Հայաստանի Հանրապետության քարտեզի ուրվագիծն էր։ Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանի աճեցրած կուսակցական կադրը միայնակ էր իր մուղամերգության մեջ, նրան հետո «սոլո» կատարումներով միացան ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության մյուս «լիրիկական սոպրանոները», ինչպես նաև «տենորները», «բարիտոնները», «բասերը», «մեցոսոպրանոները», «ալտերն» ու… «կոնտրալտոները»։ Ռեպերտուարը, ինչպես նախկինում, նույնն էր՝ պրիմիտիվ, երգեցողության որակն, ինչպես միշտ, անտանելի։ Ինչևէ։

Պարզվեց, որ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ 29 հազար 743 քառ. կմ-ն ամփոփող ոսկեգույն մակետը, ըստ տիկին Մկրտչյանի «հայրենաընկալման», «մետաղի ջարդոն» է։ Այս «հայրենավաճառներն ու իշխանազավթներն», ահա, փոքրացրել են «մեր հայրենիք, ազատ, անկախ»-ը, սարքել «մի թիքյա» ու հպարտորեն կպցրել ԱԺ պատին։ Մինչդեռ իրենց՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մեր «Երկիր հայրենին» տարածքով ավելի մեծ էր ու ընդարձակ, ներկայիս «քիփլիկ» տարածքի փոխարեն ընդգրկում էր նաև Լեռնային Ղարաբաղը՝ ներառյալ գրավյալ, եթե կուզեք՝ ազատագրված տարածքները։ Համենայնդեպս Աննա Մկրտչյանի՝ նիստերի դահլիճի ամբիոնի հետին պատին «սկոչած» քարտեզը այդպիսի պարամետրերով հայրենիքն էր արտացոլում։ Այսինքն՝ այն տարածքը, որը Սերժ Սարգսյանի օրոք շրջանառության մեջ դրված «հայրենասիրական դոկտրինի» ձևակերպմամբ՝ ներառում էր «հայկական երկու ազատ և զարգացող, օր օրի ամրացող ու շենացող պետությունները» միասին վերցրած։

Համոզված ենք, որ եթե նման բան Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին աներ որևէ ընդդիմադիր պատգամավոր, դիցուք՝ Զարուհի Փոստանջյանը, նրա այդ արարքը ՀՀԿ-ականները, դիցուք ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, «տուտ ժե» «նժդեհականաբար» կհեգնեին՝ նվազագույնը կոչելով «դիշովի պոպուլիզմ»։

Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանի ագիտպրոպը, «հայկական երկու պետությունների» մասին նաղլը երկրիս ներսում տիրաժավորելով, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո այլ բանով էր զբաղված՝ բանակցում էր աննամկրտչյանական ուրվագծմամբ հայրենիքի մի մասը՝ ԼՂՀ հարակից 7 շրջանները՝ 5+2, Ադրբեջանին վերադարձնելու շուրջ։ Այս մասին, ի դեպ, ԱԺ ամբիոնից, ի պատասխան տիկին Մկրտչյանի ակցիայի, հիշեցրեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Փաստորեն, Սերժ Սարգսյանն ու նրա կոալիցիոն գործընկերները՝ այդ թվում և ՀՅԴ-ն (մերթ ընդ մերթ կոալիցիա կազմած), տարիներ շարունակ զբաղվել են հայրենավաճառությամբ։ Սերժ Սարգսյանն էր, չէ՞, որ 2016-ի քառօրյայից ամիսներ անց Կրեմլի պրոպագանդիստ Կիսելյովի հետ հարցազրույցում հավաստիացնում էր՝ «հայկական կողմերը պատրաստ էին (են) Ադրբեջանին վերադարձնել ԼՂՀ վերահսկողության տակ յոթ շրջանները…» (https://www.facebook.com/watch/?v=1808870222516179):

Ի դեպ, երրորդ նախագահի նախորդը՝ Ռոբերտ Քոչարյանն էլ էր իր պաշտոնավարման օրոք ընդունում («Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույց, 2006 թ. սեպտեմբեր), որ «Լեռնային Ղարաբաղի վարչական սահմաններից դուրս կան հողեր, որոնք գրավված են հայկական ուժերի կողմից։ Բազմիցս ասել ենք, որ բացի ՀՀ-ի և Ղարաբաղի միջև գտնվող Լաչինի նեղ հողաշերտից, մենք պատրաստ ենք քննարկել տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պայմանները»։

Քոչարյանն էլ, փաստորեն, ուրանում ու ավանսով վաճառում էր մեր հայրենիքի մի մասը՝ հակասելով Աննա Մկրտչյանի պատկերացրած հայրենիքի տեսլականին։

Ի դեպ, հետին թվով հայրենապաշտպանա-հայրենամեռները մի քանի անգամ մերժել են ճանաչել իրենց երևակայության մեջ «հռչակված» «հայկական երկրորդ պետության» անկախությունը՝ նման օրինագիծ ԱԺ բերած ընդդիմությանը մեղադրելով արկածախնդրության, պոպուլիզմի մեջ, հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին։ Մասնավորապես «Ժառանգություն» խմբակցությունը պարբերաբար (2007-ին, 2009-ին, 2012-ին) հանդես է եկել նման օրենսդրական նախաձեռնությամբ, սակայն դրան միս ու արյուն տալ այդպես էլ չհաջողվեց։ ԼՂ անկախության ճանաչման հարցը կրկին խորհրդարանի օրակարգում էր 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո. Զարուհի Փոստանջյանը ու այսօր հետին թվով հայրենամեռների բանակը համալրած Հրանտ Բագրատյանը Արցախի անկախության ճանաչման մասին օրինագիծ էին ներկայացրել, սակայն ճանաչման գործընթացը դարձյալ առկախվեց, քանի որ հարցի շուրջ չկար խորհրդարանական կոնսենսուս։ Աննա Մկրտչյանին, որն այդ օրերին հավանաբար տարրական դասարանում սովորող աշակերտուհի էր, ուստի առաջարկում ենք «պերեմոտկա» տալ պատմությունն ու ԱԺ կայքում ծանոթանալ մեր հայրենիքի մի մասը չճանաչելու ՀՀԿ-ի «խայտառակ ու ամոթալի», եթե կուզեք՝ «դավաճանական», եթե էլ ավելի շատ կուզեք՝ «ուրացողական» վարքագծին։ Դառնանք ու աննամկրտչյանավարի մի հարց տանք ՀՀԿ-ին՝ ի վերջո, եթե մեր հայրենիքի տարածքն ավելի ընդարձակ էր ու շարունակվում էր ԱԺ պատին փակցված «մետաղի ջարդոնից» անդին՝ ԼՂԻՄ+ 7 «գրավյալ շրջաններ», ինչո՞ւ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանավարման 10 տարիներին այդպես էլ չհաջողվեց իրագործել ոչ ՀՀ Անկախության հռչակագրի նախաբանում արտացոլված «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը, այսինքն՝ Ղարաբաղի միացումը ՀՀ-ին, ոչ էլ ԼՂՀ-ի, այսպես ասած, բռնակցումը ՀՀ-ին։ Սերժ Սարգսյանին ու նրա նախորդին, այս անկյալությունից բացի, չհաջողվեց նաև ԼՂ խնդրի հայանպաստ կարգավորման շուրջ միջազգային կոնսոլիդացիա ապահովել (ՄԱԿ, ԵԱՀԿ), ստանալ գերտերություններից մեկ-երկուսի աջակցությունը, որի պայմաններում ՀՀ-ն գուցե կարող էր միակողմանիորեն ճանաչել ԼՂՀ-ն որպես անկախ պետություն։ Ազգային փոքրամասնությունների անկախացման բոլոր հաջողված դեպքերը (Էրիտրեա, Արևելյան Թիմոր, Կոսովո, Հարավային Սուդան, Ղրիմ, Աբխազիա, Հարավային Օսեթիա) տեղի են ունեցել բացառապես այդպիսի աջակցության առկայության շնորհիվ։

Այն, որ «Ղարաբաղը մեր հայրենիքն է», բայց մեր մյուս հայրենիքի՝ Հայաստանի մաս չի կազմում, տիկին Մկրտչյանի կուսղեկը «խոստովանել» էր ՀՀԿ-ի՝ «և-և»-ի դիվանագիտության «հաղթանակի» (Մաքսային միությանն անդամակցելու) մասին խոսելիս։ 2014 մայիսին Ծաղկաձորում ՀՀԿ երիտկազմակերպության հավաքի ժամանակ Սարգսյանն ազդարարել էր՝ «իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չի այսօր կազմում» (վերհիշելով Ղազախստանի նախագահ Նազարբաևի հետ ունեցած տհաճ հարցուպատասխանը)։

Ավելի ուշ էլ՝ նույն թվականի հունիսին, Հ1-ին տված հարցազրույցում Ղարաբաղը «ուրացած» երկրորդ նախագահը ամրագրել էր՝ ՀՀ-ն անդամակցելու է ԵԱՏՄ-ին դրա իսկ կողմից ճանաչած սահմաններով, «այնպես, ինչպես ՀՀ-ն այս 20-23 տարիների ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին։ Որևէ մեկը կա՞, որ էստեղ հարց առաջացնի կամ ասի՝ այս մոտեցումը սխալ է։ Վստահ եմ, որ ոչ»։

Ի դեպ, առաջարկում ենք, որ երկրի ներսում՝ ԱԺ-ում, «կատու ճղող» Աննա Մկրտչյանն ու ընդդիմադիր անսամբլի մյուս «մուղամչիները» մի համանման ակցիա էլ իրականացնեն ՄԱԿ-ում, որի պաշտոնական կայքում հրապարակված ՀՀ քարտեզը նույնպես «հակասում է» «իսկական» մեր հայրենիքի «իսկական» սահմաններին։ Այսինքն՝ 2013-ին (Սերժ Սարգսյանի նախագահության օրոք) ՄԱԿ-ի քարտեզագրության բաժնի վերջին թարմացմամբ «հայկական երկրորդ պետությունը»՝ Ղարաբաղը, ներառված չէ «հայկական մյուս պետության»՝ ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ։ Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, մինչ ՄԱԿ ուղարկվող քարտեզներից «սղվում» էր ԼՂ-ն, ՀՀ-ում շրջանառվող քարտեզներում Ղարաբաղը միայն մեծանում էր՝ ներառելով նախկին ԼՂԻՄ տարածքից դուրս գտնվող 7 շրջանները։

Թեև ուշացումով, բայց մի շշպռիչ պատասխան էլ, ակնկալում ենք, «ոչմիթիզական» հայտնի շրջանակը կհղի ՌԴ նախագահին ու նրա ԱԳ նախարարին, որոնք մեկ անգամ չէ, որ ազդարարել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է», և մեկ անգամ չէ, որ նախատել են՝ «ոչ ոք, նույնիսկ Հայաստանը, չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը»: «Ի՞նչ է սա նշանակում միջազգային իրավունքի տեսանկյունից: Որ Ադրբեջանը վերադարձրել է այն տարածքները, որոնք ինքը և ամբողջ միջազգային հանրությունը համարում էին Ադրբեջանի տարածքը: Այդ առումով Ադրբեջանն իրավունք ուներ ընտրել ցանկացած դաշնակից, որն իրեն այդ օգնությունը կցուցաբերեր»,- մասնավորապես 44-օրյա պատերազմից հետո ազդարարել էր «Լավրովի պլանի» հեղինակ երկրի նախագահը։

Հա, ի դեպ, մի ճակատագրական վրիպակ կար Աննա Մկրտչյանի կպցրած քարտեզում. դրանում ներառված չէր մեր հայրենիքի մեկ այլ՝ ահռելի հատվածը՝ Արևմտյան Հայաստանը՝ Արարատ լեռն ու Վանա լիճն էլ մեջը։

Հապա ինչո՞ւ, բա Վանը, Մուշը, Սասունը, Ալաշկերտը, Արդահանը… Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ականների հայրենիքը չե՞ն, թե՞ նրանց պատկերացրած հայրենիքի սահմաններն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են Աղդամի սահմանները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ