Բաքվում հունվարի 17-ից մեկնարկած շինծու մեղադրանքներով ռազմական հանցագործությունների համար մեղադրվող հայերի դատավարությունները Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը որակում է անհեթեթություն:
Հիշեցնենք, որ դատապարտյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև՝ այս կամ այն մեղադրական փնջով անցնող այլ հայեր, որոնք ադրբեջանական հասարակությանը և համայն աշխարհին ներկայացվում են որպես «դաժան» հանցագործներ, ահաբեկիչներ, իսկ իրականում, ըստ Սաքունցի, հային դատապարտում են պարզապես հայ լինելու համար:
Վերջինս նկատում է՝ միջազգային որևէ փաստաթղթում չկա որակում, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ապօրինի զինված ստորաբաժանում է եղել, Ղարաբաղի ղեկավարները՝ ահաբեկիչներ, ԼՂ-ն որպես միավորում՝ ահաբեկչական կազմավորում, ինչը փորձում է ապացուցել Բաքվի, այսպես կոչված, «արդարադատություն»-ը՝ նպատակ ունենալով օրակարգից դուրս թողնել ԼՂ ժողովրդի էթնիկ զտման փաստը, որի համար Ալիևը, այնուամենայնիվ, պատասխան տալու է:
Սաքունցը նաև նկատում է, որ խոշտանգումը, նվաստացումը, ֆիզիկական բռնությունները սովորական վարքագիծ են Ադրբեջանի իրավապահ մարմինների համար, որը կիրառում են այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք գտնվում են ազատազրկման վայրերում:
Իրավապաշտպանի համոզմամբ՝ հարցը պետք է բարձրացվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, դիվանագիտական և այլ խողովակներով ջանքեր պետք է գործադրել այդ ուղղությամբ:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում