Մինչ պաշտոնական Մոսկվայից անհոգնել հորդորում են Հայաստանին վերադառնալ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությանը, ՀՀ-ն շարունակում է փնտրել և գտնել նոր ռազմավարական գործընկերներ, որի ամենաթարմ օրինակը վերջերս Վաշինգտոնում կնքված հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթուղթն է:
Իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ այս փաստաթղթով Նահանգները ստանձնում է նաև որոշակի պատասխանատվություն Հայաստանի սահմանների կառավարման և պաշտպանության համար, որի տրամաբանական շարունակությունը պետք է լինի սահմաններից համալիր կերպով ռուս սահմանապահ ուժերի և ենթակառուցվածքների հեռացումը, և այդ առումով Հայաստանը արմատական փոփոխությունների նախաշեմին է:
Խոսելով նոյեմբերի 9-ի հայտարարության մասին՝ Խալաթյանն ասում է՝ փաստաթուղթը, ըստ էության, գոյություն չունի:
«Շատերը խոսում են ստորագրությունը համաձայնագրից հետ չվերցնելու մասին, ես կարող եմ ասել, որ դա զուտ տեխնիկական հարց է, բովանդակային առումով մենք ազատ ենք այդ պարտավորությունը չկատարելու, և որևէ մեկը մեզ չի կարող ստիպել, կամ իրավաբանորեն հիմնավորել այդ պարտավորությունը կատարելու անհրաժեշտությունը: Երբ երեք կողմերից երկուսը խախտել են իրենց բոլոր պարտականությունները, ըստ էության, համաձայնագիրը կորցրել է իր ուժը, և ՀՀ-ն ազատ է չկատարել իր հանձնառությունը»,- ասում է Խալաթյանը:
Իրավագետի խոսքով՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի իբր թե փրկչական բնույթի մասին խոսում են մարդիկ, որոնք իրականացնում են Ռուսաստանի շահերի սպասարկում, սակայն դա արհեստական և անհիմն խոսույթ է: Իսկ Զախարովայի և ռուս պաշտոնյանների անհանգստությունը, ըստ Խալաթյանի, մատնում է նրանց վախերը:
«Որ Հայաստանը, ըստ էության, կատարում է ոչ ստանդարտ քայլեր, որոնք չեն տեղավորվում, օրինակ, տխրահռչակ Լուկաշենկոյի այն մտքի մեջ, թե «а куда они денутся», կարծես թե «армяни куда то хотят деться», որը որ կապ չունի ռուսական պատկերացումների հետ: Եվ այստեղ այդ նենգափոխումը, որ Զախարովան անում է առ այն, թե իրենք երբեք չենք խոսել արտատարածքային միջանցքի մասին, ՀՀ ինքնիշխանությունը պահպանվում է, ՌԴ թաքուն մտքերն է քողարկում, որ միջանցքը լինելու էր միայն իրենցը: Այսինքն՝ իրենք կարծում են, որ ՀՀ-ին մեծ լավություն են անում, որ այդ միջանցքում չեն դեգերելու ադրբեջանցիներն ու թուրքերը, այսինքն՝ մեզ համար հողի օտարումը ՌԴ-ին չի համարվում սուվերենության կորուստ՝ ըստ իրենց»,- կարծիք է հայտնում նա:
Իրավագետը վտանգավոր միտում է տեսնում նրանում, որ հայ-ամերիկյան կնքված փաստաթուղթը արժեզրկող որոշ փորձագետներ ներկայացնում են, թե «Հայաստանի քաղաքականությունը՝ անվտանգություն, մի քիչ գումար, մի քիչ սոցիալական ապահովություն մուրալն է», և, ըստ նրանց, «Հայաստանը որպես մուրացիկ պարզապես փոխում է իրեն ողորմություն տվողին»:
Խալաթյանի պնդմամբ՝ սա շատ ցածրակարգ ընկալում է և հարիր չէ ինքնիշխան պետության վերլուծական մտքին:
«Հայաստանի Հանրապետությանը ոչ ոք չի փրկելու, փրկիչ հորջորջող ՌԴ-ն ցույց տվեց, թե ինչպես է աշխատում փրկչի գաղափարը միջազգային հարաբերություններում: Փրկչի գաղափարը ինքնին ընդունելի չէ և երբեք էլ չի աշխատելու որևէ պետության պարագայում: Չկա միջազգային հարաբերություններում փրկչի գաղափար, կան փոխադարձ շահեր որոնող, գտնող, ամրապնդող և, ըստ այդմ, գործող պետություններ»,- ասում է զրուցակիցը:
Հայաստան-ԱՄՆ փաստաթուղթը, ըստ նրա, արձանագրում է հետևյալը՝ կան հստակ շահերի ընդհանրություններ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև, ընդ որում՝ կա հստակ փոխըմբռնում թե՛ գնացող, թե՛ եկող վարչակազմերի մոտ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի երկարաժամկետ շահերի և դրանում Հայաստանի որոշակի դերի վերաբերյալ:
«Սա ցույց է տալիս, որ այս համաձայնագիրը ֆիքսում է հստակ շահեր, փոխադարձ հետաքրքրություններ, բայց երկուստեք պահանջվում է աշխատանք, այսինքն՝ համաձայնագիրն այն մասին չէ, որ երկնքից պարզապես «մանանա» պետք է թափվի, և, օրինակ, մենք կամ ԱՄՆ-ն չունենք տնային աշխատանք, բայց սա ինքնիշխան պետությանը բնորոշ համաձայնագիր է»,- ասում է իրավագետը:
Վերջինս նկատում է՝ միջազգային հանրությունը Սյունիքի ճանապարհով՝ Հայաստանի դերով այնքան է շահագրգռված, և Ռուսաստանի հետ այնքան իրարամերժ ծրագրեր կան, որ Հայաստանի ինքնիշխանության պահպանումը ուղիղ ենթադրում է այդքան քննարկվող միջանցքի չտրամադրում Ռուսաստանին:
Նա հիշեցնում է սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը, որոնք, ըստ նրա, իրականություն են դարձել՝ «Մեղրին է, որ աշխարհի հզորագույններին հրավիրում է Հայաստան». «Քավ լիցի, մենք հակառուսականություն չենք քարոզում, մենք քարոզում ենք իրականան հայաստանակենտրոնություն, և հայ-ռուսական հարաբերությունները, այո, վաղուց վերաիմաստավորման կարիք ունեն, և եթե ՌԴ-ն պատրաստ է ինքնիշխան հենքի վրա մեզ հետ համագործակցել, որևէ հարց այդտեղ չկա, այլևս կան կարմիր գծեր, որ ՀՀ իշխանությունները և հայ հասարակությունը չեն հատելու»: