Նորմատիվներ սահմանեք, որ ամեն շենքի վրա չգրեն հիվանդանոց. Սուքիասյան. տեսանյութ

«Պարոն Թորոսյանին ճանաչում եմ 3 տարուց ավելի, ուզում եմ ասել, որ շատ խելացի, գիտակից, ճկուն, արտաքին աշխարհը լավ պատկերացնող, բժշկական ձեռնարկությունների մասին տեղյակ, նորարարական տեխնոլոգիաներից տեղյակ մարդ է, որը, կարծում եմ, մեզ կօգնի, և այն խնդիրները, որոնք մինչև այսօր լուծված չեն, լուծումներ կգտնեն: Բայց ես ուզում եմ այն խնդիրների մասին անպայման բարձրաձայնել, որոնց առնչվել եմ»:

Այս մասին Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Առաջինը. ես կուզեմ, որ մի այլ հարթակ ստեղծվի. Հայաստանի Հանրապետությունը փոքր պետություն է, և հազվադեպ հանդիպող հիվանդություններ են լինում քաղաքացիների մոտ, նրանց շտապ պետք է տարվի արտասահման՝ հաշվի առնելով, որ Հայաստանում այդ մասնագետները չկան:

Վիզաների խնդիրը, որ պետք է մեր պետական մարմինները միջազգային կառույցների հետ աշխատեն, որ ցանկացած երկրում, որտեղ լավագույն մասնագետներ կան, կարողանան արագ տեղափոխել մեր հիվանդներին: Կամ եթե կարողանան, գոնե այդ մասնագետներին հրավիրեն Հայաստան, որպեսզի պետական աջակցություն լինի: Երկրորդ հարց էլ կա՝ դեղորայքի հետ կապված. որ դեղորայքի կարիք է լինում Հայաստան բերելու հազվագյուտ հիվանդությունների համար, դեղատոմսերը անգլերեն չեն, խնդրում ենք, որ դուք Համաշխարհային առողջապահական կազմակերպության կամ նախարարության միջոցով մի հարթակ ստեղծեք, որպեսզի ցանկացած քաղաքացի կարողան դիմել, որ օգնեն»,- ասաց նա:

Այնուհետև Սուքիասյանը շարունակեց. «Մյուսը բժշկական տուրիզմի մասին է, այդտեղ 3 կարևոր խնդիր կա. Հայաստանում շատերը չեն գիտակցում՝ բժշկի կարևորությունն ու փորձը նրանում է՝ քանի վիրահատություն է արել, ինչպես է այդ հիվանդություններին լուծում տվել, այդ վերլուծությունները եթե չլինեն, մենք ինչպես կարող ենք բժշկի որակավորում տալ, նրանք էլ մեր ՀՀ-ի բրենդն են: Սարքավորումները պիտի արդիական լինեն, որ օգնեն մեր բժիշկներին, նրանք էլ օգնեն հիվանդներին: Հիվանդի վայրը, որտեղ նա պետք է գտնվի, արդյոք համապատասխանո՞ւմ է միջազգային նորմերին, թե՞ ոչ: Խնդրում եմ նորմատիվներ սահմանեք, որպեսզի ամեն մեկը ոնց ժամանակին էր ամեն շենքի վրա գրում՝ համալսարան, հիմա չգրեն՝ հիվանդանոց»:

Պատգամավորի խոսքով՝ հիվանդանոցների արդյունավետ աշխատանքի խնդիր կա:

«Շատերը ԿՏ-ներ են ձեռք բերում, ու այն աշխատում է իր ծանրաբեռնվածության տաս տոկոսով, նշանակում է՝ ինքնարժեքը բարձրանում է, և քաղաքացիներն են դրա համար վճարում: Նորմատիվներ սահմանեք նախարարություններով, որ այդ ԿՏ-ն՝ քանի կիլոմետր հեռավորության վրա ինչ լոգիստիկա պետք է ունենա ու ինչ կարգի շրջանների պետք է սպասարկի: Երկրորդը գիտաժողովներն են Հայաստանում, մենք Սփյուռքում հրաշալի մասնագետներ ունենք, որոնք կարող են գալ, այստեղ գիտաժողովներ վարել, կարող են իրենց ընկերներին նույնպես իրենց հետ բերել, և այս առումով էլ Հայաստանը դառնա հարթակ», — նկատեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ