Երդմնակալությունից առաջ՝ ժամերգության. Թրամփը տիկնոջ հետ այցելել է Վաշինգտոնի Սուրբ Հովհաննես եկեղեցի

Դոնալդ Թրամփը երդմնակալությանից առաջ ժամանել է Վաշինգտոնի Սուրբ Հովհաննես եկեղեցի՝ մասնակցելու ժամերգությանը:

Այս արարողությունից հետո Թրամփը կնոջ հետ կուղևորվի Սպիտակ տուն, որտեղ կմասնակցի Ջո և Ջիլ Բայդենների կողմից կազմակերպված ավանդական առավոտյան թեյախմությանը։ Այնտեղից նախագահները և նրանց ամուսինները կշարժվեն դեպի Կապիտոլիում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 20-ի երեկոյան (ՀՀ ժամանակով) Վաշինգտոնում տեղի կունենա Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, որից հետո նա պաշտոնապես կդառնա ԱՄՆ 47-րդ նախագահը։

Միջոցառման գլխավոր բեմում՝ ԱՄՆ Կապիտոլիումում, նախ տեղի կունենա երաժշտական ներկայացում, ապա Դոնալդ Թրամփի և նորընտիր փոխնախագահ Ջեյ Վենսի երդումը, որից հետո Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը հանդես կգա իր երդմնակալության ուղերձով։

Ընդհանուր առմամբ, Կոնգրեսի երդմնակալության արարողությունների հանձնաժողովը թողարկել է միջոցառման 220 հազար տոմս: Այդ տոմսերը տրվում են կոնգրեսականներին, որոնք այնուհետև դրանք բաժանում են իրենց ընտրողների միջև։ Տոմսերն անվճար են, բայց դժվար է ձեռք բերել: Նրանք, ովքեր չեն կարող մասնակցել արարողությանը, բնականաբար, կարող են դիտել հեռարձակումը հեռուստացույցով կամ ինտերնետով:

Երդմնակալության բարձրաստիճան հյուրերի թվում կլինեն Թրամփի նախորդ Ջո Բայդենը (2021 թվականին Թրամփը նրա երդմնակալությանը չի մասնակցել), ինչպես նաև նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշը և Բարաք Օբաման։ Օտարերկրյա առաջնորդներին սովորաբար չի հրավիրում ԱՄՆ կառավարությունը, սակայն Թրամփը խախտել է այդ ավանդույթը և հրավերներ ուղարկել։

Սպասվում է, որ երդմնակալությանը կմասնակցեն նաև խոշոր գործարարներ՝ Tesla-ի և SpaceX-ի ղեկավար, Թրամփի դաշնակից Իլոն Մասկը, Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը և TikTok-ի ղեկավար Շոու Ցզու Չուն: (Թրամփը դեմ է TikTok-ի արգելքին ԱՄՆ-ում, չնայած իր առաջին նախագահական ժամկետում նա էր սպառնացել արգելափակել սոցիալական ցանցը)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ