Եթե այնպիսի իրավիճակ լինի, որ իմ մանդատը վայր դնելն անհրաժեշտ լինի թիմին, մեկ վայրկյան չեմ մտածի. Թորոսյան

«Եթե այնպիսի իրավիճակ լինի, որ իմ մանդատը վայր դնելն անհրաժեշտ լինի մեր թիմին, մեկ վայրկյան չեմ մտածի դրա վերաբերյալ»:

ԱԺ-ում պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Կյուրեղյանը, դիելով Թորոսյանին, ասաց, թե Նարեկ Զեյնալյանը ՔՊ խմբակցության այն քիչ պատգամավորներից էր, որը տիրապետում էր իր ոլորտի խնդիրներին, ղեկավարում էր իրեն վստահված հանձնաժողովը:

«Ճշտե՞լ եք՝ ո՞ր մեղքի համար նա արժանացավ այդ գիշերային SMS-ին և վայր դրեց մանդատը։ Որպես գործընկեր՝ փորձեցի՞ք պաշտպանել նրա իրավունքները, չէ՞ որ ոչ ոք, առավել ևս՝ վարչապետը, իրավունք չունեն պատգամավորից պահանջել, որ մանդատը վայր դնի, առավել ևս՝ ժողովրդավարական բաստիոն համարվող երկրում։ Եվ Դուք պատրա՞ստ եք վայր դնել Ձեր մանդատը, եթե վատ երազի արդյունքում վաղը ստանաք նման պահանջ»- հարցրեց Կյուրեղյանը։

Ի պատասխան՝ Թորոսյանը Կյուրեղյանին հորդորեց որակումներ չտալ՝ «վատ երազ» և այլն:

«Ինչպես իմ ելույթում նշեցի, ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Զեյնալյանին՝ կատարած լավ աշխատանքի համար։ Ինչ վերաբերում է նրա՝ մանդատը վայ դնելուն, ինքը մեկնաբանել է, բայց ես, այնուամենայնիվ, կարձագանքեմ։

Ես ՔՊ վարչության անդամ եմ, որտեղ քննարկվում են ներկուսակցական հարցեր։ Կարծում եմ՝ մեր վարչության նախագահը՝ Նիկոլ Փաշինյանը, ով ՀՀ վարչապետն է, լինելով մեր բոլորի առաջնորդը, իրավունք ունի, միգուցե նաև պարտավոր է, որոշումներ կայացնելու և խնդրանքներ հայտնելու։ Եթե այնպիսի իրավիճակ լինի, որ իմ մանդատը վայր դնելն անհրաժեշտ լինի մեր թիմին, մեկ վայրկյան չեմ մտածի դրա վերաբերյալ։ Այս թեման արդեն փակված է, և նորից կրքեր բորբոքելու փորձերն անիմաստ են»,- եզրափակեց Թորոսյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ