«2020-ի նոյեմբերից հետո Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ամեն ինչ արվել է հասարակության բևեռացման, հասարակության մեջ ատելության սերմանման, հայհոյանքի նորմալացման ուղղությամբ, և հաճախ եղել են դեպքեր, որ այն սադրանքները, որոնք եղել են այդ կողմից, այդ սադրանքներին տրվել են շատ նորմալ, շատ լավ մարդիկ»:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր քաղհասարակության ներկայացուցիչների հայտարարությանը, որոնք պահանջում են չեղարկել ԲԴԽ անդամի պաշտոնում Ալեքսանդր Սիրունյանի թեկնածության մասին որոշումը: Խոսքը, մասնավորապես, հանրային տիրույթում Սիրունյանի բառապաշարի մասին է:
Դիտարկմանը՝ արդյոք դա խնդիր չէ՞, Ալեքսանյանը պատասխանեց՝ պետք է ինդիվիդուալ եղանակով հասկանալ՝ ինչի մասին է խոսքը:
«ՀԿ-ների արժեքային, օբյեկտիվ հիմքը, հենքը հասկանալու համար ինձ պետք է հասկանալ՝ նմանատիպ իրավիճակում իրենք անցած անգամ այդ նույն հայտարարությունը տարածե՞լ են, թե՞ ոչ: Եթե պարզվի՝ տարածել են, ուրեմն նրանց հարցերին ևս պետք է պատասխանել ու հասցեագրել նրանց նամակը»,- նշեց նա:
Երբ լրագրողներից մեկը ընթերցեց Սիրունյանի գրառումներից մեկը, որը վերաբերում էր ադրբեջանցիների ու ղարաբաղցիների կողմից հանքերը կիսելու թեմային, պատգամավորն ասաց. «Հազար ներողություն, բայց ԼՂ նախկին իշխանությունների կողմից հանքեր կամ ՀԷԿ-եր ծախել-չծախելու, ադրբեջանցիների հետ գործարքների թեման առաջին անգամ լսել եմ ԼՂ-ում այդ ժամանակ դեռ բնակվող մի շարք բլոգերներից: Եղել են մարդիկ, որ դրան հավատացել են, եղել են՝ ոչ: Ես անձամբ ձեր նշած օրինակում ոչ մի բան չեմ տեսնում, եթե մարդը հավատացել է ԼՂ-ից այն մարդկանց, որոնք ասել են՝ ԼՂ-ի որոշ իշխանավորներ հանքեր ու ՀԷԿ-եր ծախել-առնելու գործընթացի մեջ են եղել որոշակի շրջան»,- հայտարարեց Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ իհարկե, մարդը պետք է զսպվածություն ունենա և փորձի ամեն կերպ խուսափել նման իրավիճակներից, բայց պետք է հասկանալ՝ որն է եղել ասվածի դրդապատճառը:
Հարցին՝ արդյոք նրա ֆեյսբուքյան գրառումները չե՞ն նպաստում ԼՂ բնակիչների նկատմամբ ատելության մթնոլորտի ձևավորմանը, պատգամավորը ասաց՝ նման շփոթմունքներ չպետք է թույլ տալ:
Ինչ վերաբերում է թեկնածուի անաչառությանը, անկախ գործելու կարողությանը, որի վերաբերյալ ՀԿ-ները կասկած էին հայտնել, Ալեքսանյանը պարզաբանեց՝ Սիրունյանն այլևս ՔՊ կուսակցության անդամ չէ:
«Կարծում եմ՝ պարոն Սիրունյանն այսօր Ազգային ժողովում ելույթ է ունենալու, և կարծում եմ՝ այս թեմաներին անդրադարձ կլինի: Մեր կուսակիցն էր, հիմա կուսակիցը չէ: Ինքը սահմանադրական այնպիսի լիազորություններ է ստանալու, որ իրեն ընդհանրապես կուսակցական ոչ մի խողովակով և ոչինչ պարտադրել չի կարելի»,- նշեց նա:
Լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ են թեկնածուների փնտրում կուսակիցների շրջանում, պատասխանեց՝ երկար ժամանակ փնտրել են:
«Հեռու փնտրել, մոտիկ գտել ենք»,- ասաց Ալեքսանյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: