ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում խոսել է ապօրինի գույքի վերադարձի համակարգի ներդրման մասին:
«Շատերդ եք լսել ասացվածքը, որ եթե ուզում ես մարդուն կերակրել, ոչ թե նրան ձուկ տուր, այլ նրան սովորեցրու ձուկ բռնել։
Ըստ էության, մենք այս ասացվածքի առաջարկած տրամաբանությամբ ենք առաջնորդվել Հայաստանում ապօրինի գույքի վերադարձի համակարգը ներդնելիս, որը վերաբերվում է, հիշեցնեմ, ապօրինի կերպով սեփականաշնորհված և կոռուպցիոն միջոցներով ձեռք բերված գույքերին և օրենքով նախատեսված այլ դեպքերի։
Շատ կարևոր է արձանագրել, որ այս համակարգը այլևս ներդրված է ՀՀ-ում և աշխատում է հաջողությամբ։ Ես առիթ ունեցել եմ ներկայացնելու այն գույքերը, որոնք արդեն իսկ վերադարձվել են Հայաստանի Հանրապետությանը, ընդ որում օրենսդրական տարբեր մեխանիզմների գործադրմամբ և ուզում եմ այս համատեքստում երկու բան արձանագրել:
Առաջինը, ապօրինի գույքի վերադարձի և ընդհանրապես պետական շահի և համայնքային շահի համակարգով ապօրինի կերպով ձեռք բերված գույքերի վերադարձի համակարգը վերաբերվում է այո նախկինում տեղի ունեցած այդ երևույթներին, 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունից առաջ տեղի ունեցած նմանատիպ երևույթներին, բայց վերաբերվում է նաև հեղափոխությունից հետո տեղի ունեցող, տեղի ունեցած նման հնարավոր դեպքերին և երևույթներին։
Եվ ահա սա նա է, որ արժեավորում է ներդրված համակարգը, որովհետև ապօրինի գույքի վերադարձը և համայնքային ու պետական շահերի պաշտպանության տանիքի ներքո այդ ապօրինի գույքերի միջոցների վերադարձը թիրախավորում է ոչ թե կոնկրետ ժամանակաշրջան, այլ թիրախավորում է կոնկրետ երևույթ։
Ժողովրդից տարված գույքը, պետությունից գողացված և ապօրինի ձևով ձեռք բերված գույքը պետք է վերադարձվի պետությանը, այսինքն ժողովրդին։ Եվ ես այսօր ուզում եմ արձանագրել, որ այդ համակարգը ներդրված է, գործում է, ինչի առիթով ուզում եմ շնորհավորել բոլորիս, որովհետև դա 2018 թվականի հեղափոխության կարևոր խնդիրներից մեկն էր:
Եվ ուզում եմ արձանագրել, որ այն ինչ խոստացել էինք, ահա իրականացված է, ներդրված է և այս ներդրված համակարգը հատիկ առ հատիկ դարձնելու է ժողովրդից գողացված բոլոր գույքերը, շնորհակալ եմ»,-նշել է վարչապետը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: