ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է «ռեկորդային» թվով հրամանագրեր ստորագրել, երբ ստանձնի պաշտոնը, և որ զանգվածային արտաքսումները և Լոս Անջելես մեկնումը՝ անտառային հրդեհների վնասները հետազոտելու նպատակով, կլինեն իր պաշտոնավարման առաջին շաբաթվա օրակարգում: Թրամփն իր երդմնակալության և վարչակազմի մոտ ապագայի ծրագրերի մասին պատմել է NBC News-ին տված հարցազրույցում։
Ըստ Թրամփի, իր երդմնակալության ելույթի թեման լինելու են «միասնությունն ու ուժը, ինչպես նաև «արդարություն» բառը»։ «Որովհետև պետք է մարդկանց արդար վերաբերվել։ Չի կարելի պարզապես ասել՝ «Օ՜, ամեն ինչ հիանալի կլինի»: Գիտե՞ք, մենք չորս տարի դժոխքի միջով ենք անցել այս մարդկանց հետ։ Դրա համար էլ դուք գիտեք՝ ինչ-որ բան է պետք անել դրա դեմ: …Դուք չեք կարող դա թույլ տալ, և մենք չպետք է դա թույլ տանք»,- ասել է նա:
Հարցազրույցի ընթացքում Թրամփը կրկնել է, որ անօրինական ներգաղթյալների զանգվածային արտաքսումը լինելու է իր առաջնահերթությունը։ Նա չի նշել ճշգրիտ ամսաթիվը կամ քաղաքը, որտեղ դրանք կսկսվեն, բայց ասել է, որ դրանք սկսվելու են մոտ ժամանակներս:
«Մենք պետք է մեր երկրից դուրս քշենք հանցագործներին։ Եվ ես կարծում եմ, որ դուք կհամաձայնեք սրա հետ։ Չեմ հասկանում՝ ինչպես կարող է որևէ մեկը չհամաձայնել դրա հետ»,- ասել է նա։
Թրամփը նաև NBC News-ին ասել է, որ դիտարկում է չինական TikTok տեահավելվածի արգելքը 90 օրով երկարաձգելու հարցը։
Նա հայտնել է, որ հավանաբար հաջորդ շաբաթ կայցելի Լոս Անջելես՝ անտառային հրդեհների պատճառած վնասը քննարկելու համար:
Ըստ Թրամփի, իր թիմը կանդրադառնա խնդրին «տարբեր տեսանկյուններից»՝ հավելելով. «Մենք պատրաստվում ենք պահանջել, որ ջուրը հյուսիսից բերվի Կալիֆոռնիայի ստորին շրջաններ»: Թրամփն ասել է, որ «հավանաբար» կգնա այնտեղ «շաբաթվա վերջում»։
Շաբաթ վաղ առավոտյան Իսրայելի կառավարությունը հաստատել է հրադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագիրը: Երբ NBC News-ը հարցրել է, թե որքանով է նա վստահ, որ պատանդները կազատվեն, Թրամփը պատասխանել է. «Դե ինչ, մենք շատ շուտով կտեսնենք, և ավելի լավ է սպասել»: Նա նաև հայտարարել է, որ ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին. «Պարզապես շարունակեք անել այն, ինչ պետք է անեք: Դուք պետք է նկատի ունենաք, որ սա պետք է ավարտվի: Մենք ցանկանում ենք, որ սա ավարտվի, բայց պետք է շարունակել անել այն, ինչ պետք է արվի»:
Թրամփը հայտնել է, որ «շատ շուտով» կհանդիպի Նաթանյահուի հետ, սակայն մանրամասներ չի հայտնել։ Նա նաև նշել է, թե ինչպես է իր վարչակազմը հետևելու հրադադարի ռեժիմի իրականացմանը՝ հայտարարելով, որ դա կանի «լավ կառավարությունը»:
«Հարգանք։ Միացյալ Նահանգները պետք է վերանվաճի հարգանքը և որքան կարելի է արագ։ Հարգանքը գլխավոր բառն է, որ ես գործածում եմ։ Եթե նրանք հարգեն մեզ, այն ուժի մեջ կմնա։ Եթե մեզ չհարգեն, իսկական դժոխք կսկսվի»,- ասել է նա։