Ես մուրացկան չեմ, մեծահարուստ Նիկոլ Մազմանյանի աղջիկն եմ. գյումրեցի տնակաբնակ միակ և միայնակ տարեցը՝ Փեփրոնեն

 

Գյումրու ձյունապատ, ծուռումուռ փողոցի սառցակալած մի ճամփա տանում է դեպի փայտե դուռ-լուսամուտով փոքրիկ տնակ։ Փայտի վառարանի ծխնելույզից բարակ ծուխ է նկատվում․ տանը մարդ կա։

Դռան թակոցին արագ արձագանքում է՝ ո՞վ է ու առանց պատասխանի սպասելու՝ բացում։

«Ես չեմ տեսնի, դուք ներս եկեք»,- ասում է տանտերն ու փորձում վահանակով անջատել ռադիոյի բարձր ձայնը։

Ես մուրացկան չեմ, ես մեծահարուստ Նիկոլ Մազմանյանի աղջիկն եմ

Ներսում կիսամութ է, խառը իրեր են ամենուր։ Սենյակի մի անկյունում մահճակալ կա, նաև՝ խորհրդային տարիներին գրեթե բոլորի ննջարանների զարդը համարված հայելիներով զարդասեղան, վրան՝ հին, պատմության շունչն իրենց մեջ թաքցրած լուսանկարներով։

Վառարանի կողքին հարմարեցված որպես բազմոց ծառայող նստատեղի վրա է նստում Փեփրոնե տատիկն ու միանգամից շեշտում՝ մուրացկան չեմ։

«Ես մեծահարուստ Նիկոլ Մազմանյանի աղջիկն եմ։ Շուն թուրքը թալնել է հորս, հնչակը թալնել է, բոլշևիկները թալնել են, բայց հերս էլի որբերին գրկած տիրություն է էրել։ Առաջ ոսկին թափած էր, մե որբը՝ մե ոսկիմ, հերս տվել, երեխեքին բերել է Ամերկոմի որբանոցը ստեղ։ Աղքատներին կշահեր-պահեր։ «Կինո հոկտեմբեր»-ի դեմի ոսկու խանութը մերն է եղել, պապիս խանութն էր, հետո՝ հորս։ Սովետը եկել է, թալանել, աքսորել է, բայց էլի կանգուն էր Նիկոլ Մազմանյանը։ Հերս, որ մահացել էր, Փափախանից մինչև Քութաիսյան մաշինեքը կայնած էին, կլացեին, կսեին՝ մեր բարերարն է մահացել»,- պատմում է նա:

Հորս տան «սկոռի պոմշ»-ը, որ կար, ես էի․ 10 երեխա էինք, հերս մեզի վարդի պես կպահեր

Փեփրոնե տատիկը 4 քույր, 6 եղբայր է ունեցել։ Մտքով հեռու անցյալ է հասնում, ասում է՝ պատերազմ էր, բայց իրենք լավ են ապրել, կարիքի մեջ չեն եղել։ Մազմանյաններն օգնել են ընկածին ու ցանկացած մեկին, ով դրա կարիքն ունեցել է. «Կողքի հարևան մարդիկ եկան, թե՝ «հոպար, պապան է մահացել, չենք կռնա թաղենք»։ Նիկոլ Մազմանյանն ըսեց՝ գնացեք ձեր սուգը սգացեք, ես ամեն բան կենեմ»։

Ընտանիքի մասին խոսելիս լուսավորվում է դեպքը, խորշոմած այտերին քրտինքի փոքրիկ, արծաթափայլ կաթիլներ են հայտնվում։ Աչքերը փայլում են, ձայնը՝ ավելի հաստատուն դառնում։

Կատակում է՝ հորս տան «սկոռի պոմշ»-ը, որ կար, ես էի։

Տեսնիմ՝ մաշինեմ գուկա, մեռելի պսակն էլ՝ դեմը զարգած․ ըդպես ընձի փախցրավ Սերգեյը

«Աղջիկ ջան, ինչ կպատմեմ, ճշտությունն է, դու իմ էս վիճակիս մի նայե։ Այ, տրիմոյի վրայի նկարները կտեսնի՞ս, ես չեմ տեսնի հմի, բայց անգիր գիտեմ. էն մեկը հերս ու մերս են, մյուսը՝ ես ու ամուսինս, էն մեկելներն էլ ենք մենք, մեկն էլ Միսակս է, մահացած է, չկա։ Հերս Եվրոպա եղած մարդ էր, մեզի հետը կինո կտաներ, թատրոն, ամեն տեղ կտաներ»,- ասում է Փեփրոնե տատիկը։

Ինչպե՞ս ամուսնացաք․ հարցից մի փոքր անակնկալի է գալիս, սակայն՝ ուրախանում։

«Հմի պատմեմ»,- ասում է ու երջանիկ մի ժպիտ տևական ժամանակ չի հեռանում տատիկի կնճիռներով ծածկված դեմքից։

Մտքով հասնում է հայրական տան այգի, ամառվա մի օր. «Լավ մարդու աղջկան գուկան ուզելու։ Մեկ էլ տեսանք՝ Սերգեյը եկավ, վայեննի շորերով մեզի հարևան մե անպետք մարդմ կար, հենց ըդոր հետ։ Ըսել էր՝ Նիկոլը լավ աղջիկ ունի քեզի հարմար։ Ես էլ դուռը նստած էի աթոռին, «Ամերիկյան ողբերգություն»-ը կկարդայի։ Մե շեկ տղեմ եկավ, թե՝ «Փեփրոնը ո՞րդ եք»։ Ըսի՝ ես եմ։ Ըսավ՝ ինքն է, որ կա։ Հորս ոտներն ընկավ, ըսավ՝ հայրիկ, քանի՞ երեխա ունիս, հայրիկս ըսավ՝ 10։ Ըսավ՝ չէ, 11։ Հայրս ըսավ՝ 1-ն ո՞վ է։ Էս տղեն էլ, թե՝ ես եմ։ Բայց հայրիկս դառավ, թե՝ տղա ջան, դու էմբես մարդու հետ ես եկել տունս, որ ես դռան շանն էլ չեմ թողնի հետը խոսա»։

Այս դեպքից կարճ ժամանակ անց Նիկոլը մի օր Փեփրոնեին ուղարկում է, թե՝ գնա հորեղբորդ կանչի գա, բան կա քննարկելու։ Աղջիկը գնում ու էլ չի վերադառնում հայրական օջախ։

«Փողոցով կերտայի, որ հորոխպորս կանչեմ, մեկ էլ տեսնիմ՝ մե հատ մաշինա կողքովս կամաց գուկա, մեռելի պսակն էլ՝ դեմը զարգած։ Էդ մաշինեն եկավ, եկավ, իմ ի՞նչ գործս է՝ ով է, ինչ է, ես կերտամ հորոխպորս կանչելու։ Մեկ էլ թևիցս քաշեց ու քցեց մաշինեն։ Հմի ես կճվամ, կգոռամ, ժողովուրդը գիտեն, թե մարդ է մահացել, ես ըդոր համար կլացեմ ըդպես։ Ըսի՝ այ տղա, դու գիտե՞ս՝ ես ով եմ։ Դառավ, թե՝ չիդեմ՝ ով ես, ով չես, դու ես իմ կյանքի արևը։ Ըսի՝ պաշոլ, դու ում շունն ես, ընձնից հեռու մնա, մեղք ես։ Ըսավ՝ չէ։ Ու ընձի փախցրեց։ Մեկ էլ ախպերս՝ Սպիրիդոնը, միլիցապետ էր, իրա կազմով եկավ։ Էդ տան կնիգն էլ, ուր որ ընձի տարել էին, կըսեր՝ ընկեր Մազմանյան, իդա աղջիկ մեր տուն հարս է եկել, ինչի կնեղվիս։ Դե հետո էլ գնացինք զագս, ու վերջ, եկավ հորս ու մորս սիրտը մտավ, որ ջուրը քցեին աղ, իրան բդի հանեին բաժին, ըդքան, որ լավն էր»,- պատմում է տատիկը:

Մա՜ ջան, ցավըդ տանիմ, մե հատըմ բան կըսեմ, չվշտանաս, բդի էրտամ պատերազմ

Փեփրոնեն ու Սերգեյը 6 տղա են ունեցել։ Երեխաներից 4-ը մանկահասակ են մահացել։ Միսակը՝ 35 տարեկանում։ Հովհաննեսի գտնվելու վայրը տատիկը չգիտի։ Ասում է՝ մեկնեց Արցախյան պատերազմին որպես կամավոր ու էլ չվերադարձավ, լուր չկա. «Ղարաբաղի պատերազմը գիտես չէ՞, առաջին օրվանից ընտեղ էր, հմի չիդեմ՝ ուր ա, մի օր գուկա։ Եկավ, թե՝ մա՜, մա ջա՜ն, ցավըդ տանիմ, մե հատըմ բան կըսեմ, չվշտանաս, կյանքիդ մեռնիմ։ Չոքել է դեմս, ձեռներս կհամբուրե։ Մա ջան, գիտես՝ ինչ գուզեմ ըսեմ։ Ըսի, տղա, ինչ բդի ըսես, որ ըսպես եսիմ ինչ կեղնիս։ Ըսավ՝ կամավոր էրտամ, որ թուրքերի վրեժը լուծեմ։ Ըհըն իմ պատմությունը։ Թող ինքը սաղ էղնի, 7 սարի հետևն էղնի, գուկա, քանի սաղ եմ՝ աչքս դռանն է»։

Ուրեմն գամ ըսեմ, աղջիկ ջան, մանեթմ տա՞ս․․․ ըդիգ իմ ծագումս թույլ չի տա․ ամեն բան ունիմ

Տիկին Փեփրոնեն 95 տարեկան է։ Տնակաբնակ միակ միայնակ տարեցն է Գյումրիում։ Ոչ մեկը չունի։ Ասում է՝ երբ հայրն ու ամուսինը հարուստ էին, տունը լիքն էր ազգ-բարեկամ, հյուրերով, հետո արդեն, երբ չկարողացան նախկինի նման օգնելու ձեռք մեկնել, եկող-գնացողը պակասեց, այսօր արդեն որևէ մեկը չի բացում Փեփրոնե տատիկի տան դուռը, բացի մի քանի հարևաններից, Մանուկ անունով գյումրեցուց, որը տատիկին հաճախակի իր տուն հյուր է տանում և «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանից։ Վերջինս տատիկին պարբերաբար ձմռան վառելափայտ է տանում ու ուշադրության կենտրոնում պահում, ցանկացած կարիքի դեպքում՝ արձագանքում և օգնում։

Տատիկը դպրոցից հետո միանգամից աշխատել է «Անուշարան»-ում։ Ասում է՝ պատերազմ էր, կրթությունը շարունակելու մասին խոսք չկար, բարձրագույն կրթությունը կյանքի համալսարանում է ստացել։

«Ես հեչ մե բանի կարիք չունիմ, թոշակ էլ կստանամ, նպաստ էլ։ Թոշակիցս երկու կոպեկ դնեմգը կողքի, որ կարող է մեռնիմ, կարող է հիվընդնամ, ուրեմն գամ ըսեմ՝ աղջիկ ջան, մանեթմ տա՞ս։ Կեղնի՞, չի էղնի, ըդիգ իմ ծագումս թույլ չի տա։ Կան մարդիկ, որ գուկան, կօգնեն, բայց ես միշտ ըսել եմ ու կըսեմ՝ ում որ պետք է, իրան տարեք, ես ամեն ինչ ունիմ։ Էն օրը մեկմ ընձի 50 կգ կարտոլ է բերել, ըսի՝ արի պադվալը բաց, տես, առել եմ, ամեն ինչը ունիմ, փողը տվել եմ, բերել են, կարիքը չունիմ։ Փեփրոնը կյանքում մեկիմ չի ըսե՝ ընձի հաց չեմ առել։ Ես 2 հաց կառնիմ, մեկը ես կուտեմ, մյուսը, որ կմնա, ըդտեղ շունմ կա, իրան կուտամ»,- հպարտորեն ասում է 95-ամյա կինը:

Աշխարհը փուչ՝ կյանքը երազ, կյանքս վերջանալու վրա է, բայց ես ըսել եմ՝ 100 տարի բդի ապրիմ

«Սաղ գիտեն, որ մեծ եմ, բդի մեռնիմ, էն չիդեն, որ ես 100 տարի բդի ապրիմ։ Պատվով ու նամուսով մարդը բդի ապրի, իմ հերս միշտ կսեր՝ ով չունի օգնեք, նամուսը փողով չծախեք։ Ես հմի մոտս երեխա ու թոռ չունիմ, բայց հորս ըսածները ուրիշներին կխրատեմ, էլ չիդեմ՝ համաձայն են, թե չէ, բայց կյանքի ճշմարտությունն է ըդիգ»,- ասում է տատիկը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ