Երեք պետությունների հատման կետը միշտ եռակողմ պայմանավորվածություններ է ենթադրում. անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև սահմանազատման գործընթացի մասին եղած հայտարարությանը՝ Civic.am-ի եթերում ասաց քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը։
Եթե հենց այդ կետից սկսվի, միջազգային պրակտիկայի համաձայն, պետք է ներգրավվի նաև Վրաստանը։
Ադրբեջանը, ըստ քաղաքագետի, համաձայնել է այս կետից շարունակել սահմանազատումը, քանի որ չի ցանկանա դեռ սահմանազատել, օրինակ, Ջերմուկի կամ Գեղարքունիքի հատվածները՝ դուրս չգալու համար ՀՀ սուվերեն հատվածներից, որոնք կարող է դեռ որպես քաղաքական գործիք օգտագործել Հայաստանի դեմ։ Միաժամանակ, սակայն, Տավուշի հատվածում երկու կողմից էլ խիտ բնակեցված բնակավայրեր են։ Այստեղ հայկական գյուղերը 90-ականներին մեծ կորուստներ են ունեցել։
«Տավուշի հատվածում շատ կարևոր գյուղատնտեսական ֆոնդ է կորսվել, և գյուղեր կան, որ կիսադատարկ են դարձել։ Վազաշեն գյուղն է շատ մեծ տարածքներ կորցրել, Պառավաքարը։ Սարիգյուղը, թեև գյուղատնտեսական առումով այդքան կարևոր տարածք չէ, բայց էլի մեծ կորուստներ է ունեցել։ Շամշադինի սահմանային գրեթե բոլոր գյուղերը կորուստներ են ունեցել։ Այսինքն՝ Տավուշում սկսելը Հայաստանի համար ավելի շատ արդյունքներ է տալու, քան կորուստներ։ Հայկական վերահսկողության տակ ադրբեջանական մոտ 10 քառ. կմ կա, իսկ Ադրբեջանի վերահսկողության տակ կամ չեզոք գոտում Հայաստանի՝ մոտ 90 քառ. կմ տարածք»,- ասաց Սամվել Մելիքսեթյանը։
Նա անդրադարձավ նաև Ալիևի վերջին հարցազրույցի կոշտ հռետորաբանությանը՝ նկատելով, որ հրապարակային իր խոսքում Ալիևը չի կարող ընդունել որևէ կոմպրոմիս, զիջում կամ պարտություն ադրբեջանական կողմի համար, բայց երբ նայում ենք քարտեզի վրա ինչ է կատարվել՝ տեսնում ենք, որ ապրիլի 19-ի որոշմամբ կողմերը եկան այն որոշման, որ եռանկյունները փոխանակվում են։ «Ինչ-որ լուծում գտան, ընդ որում՝ շատ ռացիոնալ։ Հետագայում սահմանազատման ավարտից հետո ադրբեջանական երկու գյուղ կորցրին իրենց բնակարանները։ Տասնյակ բնակարաններ մնացին Հայաստանի վարչական տարածքում։ Ալիևի տեսակետից սա ինչ-որ հաղթանակ էր։ Բայց եթե հաղթանակ լիներ, պետք է ասեր՝ չէ, գյուղերն իմն են եղել, բայց հետևել են հստակ հիմքի, ու այդ հիմքերը հիմա էլ կան, այդ հիմքերը կանոնակարգն է»,- ասաց քաղաքագետը։
Մելիքսեթյանը նկատեց, որ անցած տարի ևս կոշտ հայտարարություններ են եղել սահմանազատման հետ կապված, սակայն գործընթացը բավականին մասնագիտացված է եղել, բարդ գործընթաց է իրականացվել։ Թեև քաղաքական ազդեցություններ, ըստ Մելիքսեթյանի, վերջում եղան. բացասաբար ազդեցին քաղաքական իրավիճակները գործընթացի վրա, ու մի քանի տներ ու կամուրջը մնացին սահմանից այն կողմ, չնայած կարող էր այդպես չլինել, եթե քաղաքական ազդեցություններ չլինեին։
Սահմանազատման այս գործընթացը քաղաքագետը դրական է համարում։ «Ուրիշ Ադրբեջան չենք ունենալու։ Պետք է իր հետ խոսել տարբեր լեզուներով։ Նաև շատ կարևոր է երաշխիքներ փորձել ստանալ տարբեր տեղերում։ Մեկը դա Թուրքիան է։ Մենք տեսնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հռետորաբանությունների տարբերությունը, Թուրքիայի արձագանքը՝ Ալիևի կոշտ արձագանքից հետո։ Իմ կարծիքով՝ այս փոփոխությունները, որ լինում են, կարևոր են, ու ինչքան էլ որ ծանր լինի, մենք այլընտրանք չունենք։ Շատ կարևոր է, որ տրամաբանորեն վերաբերվենք ու մաքսիմալը փորձենք ստանալ այս գործընթացից։ Ցավոք սրտի, Տավուշի այդ փոքր հատվածի սահմանազատումը երբ սկսվեց, հիմար առաջարկներ եղան, քաղաքականացվեց այդ պրոցեսը, որը վերջին հատվածում վնասակար ազդեցություն ունեցավ հայկական կողմի համար»։
Միացյալ Նահանգների հետ ստորագրված փաստաթուղթը սահմանազատման վրա էականորեն չի ազդի։ Քաղաքագետի կարծիքով՝ այն կարող է ազդել ընդհանուր կարգավորման մոտիվացիայի վրա։ «Երևի թե Ադրբեջանը հասկացավ, որ Հայաստանի հետ էլ չի կարող խոսել ուժի, շանտաժի լեզվով, ու դա ռիսկային է իր համար»,- ասաց Մելիքսեթյանը։
Մանրամասն՝ տեսանյութում