Վազգեն Գալստանյանը Թեհրան է մեկնել. որն է իրական պատճառը

«Սրբազան շարժման» հարկադիր պարապուրդի ուղարկված առաջնորդ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը, պարզվում է, պայքարի այս պասիվ շրջանը որոշել է օգտագործել երկրից դուրս մեկնելով։ Մասնավորապես ուղղություն է վերցրել դեպի հարեւան Իրանի մայրաքաղաք՝ Թեհրան, հունվարի 18-ին էլ դաշնակցապատկան Հայ ուսումնասիրաց Չհարմահալ միությունում էլ տեղի է ունենալու վերջինիս հանդիպումը տեղի հայության հետ։

Հանդիպման մասին հայտարարության մեջ նշված է, որ մուտքն ազատ է, հանդիպումը կկայանա 7։30-ին։

Իրանի «Հայկական ժամանակ»-ի աղբյուրներից լուր ստացանք, որ արքեպիսկոպոսը բուժման նպատակով է մեկնել Իրան, այցելությունն էլ կնշանավորի տեղի ՀՅԴ-ական շրջանակների հետ հանդիպումներ ունենալով, ով գիտե, գուցե նաեւ վերսկսվելիք շարժմանն ընդառաջ նոր հրահանգներ ստանալով։

Նշենք, որ 2024-ի տարեվերջին հիշյալ միությունում նշվել է ՀՅԴ 134-ամյակը։ Ելույթ է ունեցել նաեւ ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ, «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Հրանտ Մարգարյանն ու մասնավորապես նշել՝ «մենք չենք ստեղծվել իշխանություն դառնալու համար, ինչ որ անձի կամ անձանց իշխանություն բերելու համար, մեզ համար իշխանությունը նույնպես միջոց է Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգ գոյությունը եւ համընդհանուր զարգացումը ապահովելու համար»։ Ապա հավելել է․ «Հայաստանն ու հայ ժողովուրդը ոչ թէ մեզ համար միջոց են անհատական կամ խմբակային կարիերա ապահովելու համար, ինչպես է շատ ու շատ կուսակցությունների ու շրջանակների համար, այլ մենք ամբողջ էությամբ հայրենիքինն ենք ու ազգինը»։

ՀՅԴ-ի հետ դաշնակցած, ավելի ճիշտ՝ ավանդական այս կուսակցությանն օգտագործած ու ԱԺ-ում խմբակցություն ձեւավորած ՀՀ նախկին նախագահ, իշխանությունը նորից բռնազավթելու (ՀՅԴ-ի օգնությանն ապավինելով) մտադրություն ունեցող Ռոբերտ Քոչարյանը տեսնես ի՞նչպես է արձագանքել կարկառուն ՀՅԴ-ականի այս խոստովանությանը։

Նշենք, որ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, ի թիվս այլ թեմերի, ողջունեց Գալստանյանի սկսած ու նախկին իշխանության, այդ թվում ՀՅԴ-ի աջակցությունը վայելող շարժումն ու իր անունից հրապարակած գոտեպնդիչ նամակ-ուղերձում Գալստանյանին համեմատեց Ավարայրի ճակատամարտի սիմվոլներից մեկի՝ «Ավարայրի արծիվ» Ղեւոնդ Երեցի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ