Ռուսական եթերում շարունակում է ակտիվ մնալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին կեղծ խոսույթը, որը օրակարգ են բերել ադրբեջանական և թուրքական կողմերը:
Մոսկվայի քարոզիչները ամեն անգամ առիթը բաց չեն թողնում մտացածին և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ անել՝ տողատակում սպառնալով հայկական կողմին:
Վերջերս նման հայտարարություններ է արել ռուսական քարոզչամեքենայի մաս կազմող Դմիտրի Կիսելյովը՝ պնդելով, թե հայկական կողմը հրաժարվել է իր պարտավորություններից:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ սա առաջին անգամը չէ, երբ Ռուսաստանը, իր հայտնի պրոպագանդիստ դեմքերին օգտագործելով, նման ոճով է հանդես գալիս։
Պատգամավորը նկատում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի քայլերն այս պարագայում փոխկապակցված են. նրանք կա՛մ շարունակում, կա՛մ նախորդում են միմյանց։
Հովհաննիսյանը ևս մեկ անգամ շեշտում է՝ Հայաստանի Հանրապետությունը չի կարող լինել որևէ քննարկումներում, որտեղ կքննարկվի արտատարածքային միջանցքի հարց, չի եղել ու չի լինելու քննարկում, որ Հայաստանը որևէ մեկի հետ պայմանավորվի, թե իր մի տարածքում պետք է վերահսկողությունն անցնի այլ պետության։
Նա ընդգծում է՝ այն հայտարարությունները, որոնք կվերաբերեն Հայաստանի ինքնիշխանությունը զիջելուն, չեն կարող դիտարկվել քաղաքական, դրանք դավաճանական հայտարարություններ են, և այդ հարցով պետք է զբաղվեն ազգային անվտանգության ծառայությունները։
Ինչ վերավերում է ռուսական ալիքները Հայաստանում ցուցադրելն ամբողջապես արգելելու մասին պնդումներին, պատգամավորն ասում է, որ Հայաստանը տեսականորեն բոլոր գործիքակազմերն ունի նման որոշում կայացնելու համար։
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում: