«Աշխատանքային խմբում երբեք չի քննարկվել ՀՀ-ում արտատարածքային միջանցքների ստեղծման հարցը». Զախարովա

Մոսկվան հետևողականորեն խոսել է Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի համապարփակ ապաշրջափակման մասին՝ հիմնված 2020-2022 թվականներին բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Խոսքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մասին է։

«Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը կազմակերպելու նպատակով»,- հիշեցրել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ տրանսպորտային կապերի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունը, և կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը։

Զախարովան նշել է, որ հենց այդ տրամաբանությունն է ընկած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հիմքում։ Խմբի շրջանակներում հնարավոր եղավ հասնել զգալի գործնական արդյունքների և մոտենալ Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնմանն ու կազմակերպմանը, նշել է նա։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ եռակողմ աշխատանքային խմբում երբեք չի քննարկվել Հայաստանում արտատարածքային միջանցքների ստեղծման հարցը։ Ընդհակառակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկրներն ունեն ինքնիշխանություն և իրավասություն իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ։

Նրա խոսքով՝ գործընթացը կանգ է առել Արևմուտքի «ապակառուցողական ազդեցության պատճառով»:

Զախարովան վստահություն է հայտնել, որ խմբի ներսում լիարժեք փոխգործակցության հնարավորինս շուտ վերականգնումը կնպաստի ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային և հաղորդակցության համակարգի վերականգնմանը, այլև ամբողջ տարածաշրջանի հետագա սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ