Այս փաստաթուղթը ցույց տվեց՝ Հայաստանը խաղացող է․ մի շարք երկրներ շոկի մեջ են

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ Արդեն հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը։

Թեմայի վերաբերյալ Civic.am-ի հետ զրույցում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն ասաց. «Նախ ուզում եմ ասել, որ ԱՄՆ-ի հետ այսպիսի կարևոր փաստաթուղթ ստորագրելու փաստն ինքնին անչափ կարևոր է։ Դա զսպիչ մեխանիզմ կլինի այլ երկրների համար՝ մեր դեմ ագրեսիվ քաղաքականություն չվարելու։ Չեմ ասում՝ բոլոր հարցերը դա կլուծի։ Մեծ աշխատանք պետք է կատարվի և այլն, և այլն, բայց փաստը մնում է փաստ։ Դա է պատճառը, որ ես կասկած չունեմ, որ մի շարք երկրներ ուղղակի շոկի մեջ են այդ քայլից»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Խոսելով փաստաթղթի դրույթների մասին՝ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ այս փաստաթղթում ֆիքսվեց, որ Միացյալ Նահանգները ողջունում է դելիմիտացիայի և դեմարկացիայի պրոցեսը Ադրբեջանի հետ՝ հիմնված Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա։

«Ի՞նչ է դա նշանակում. որ ի տարբերություն Ռուսաստանի՝ ԱՄՆ-ը ֆիքսեց փաստաթղթում, որ ճանաչում են Հայաստանի սահմանները։ Էդ անչափ կարևոր է, ավելին՝ այնտեղ ֆիքսված էր, որ Ադրբեջանն էլ ստորագրեց էդ փաստաթուղթը։ Օրինակ՝ Սերգեյ Լավրովը պատասխանեց այդ դրույթին։ Սերգեյ Լավրովը երեկ չէ առաջին օրվա ինտերվյուի ժամանակ ասաց, որ 1,5 կիլոմետր էս կողմ, 3 կիլոմետր այն կողմ, ինչ նշանակություն ունի, դելիմիտացիա, դեմարկացիա չի արվել, ուրեմն մենք չենք կարող ասել՝ ձեզ վրա հարձակվե՞լ են, թե՞ ոչ»,- նշեց քաղաքագետը։

Խոսելով նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ քաղաքագետն ասաց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո նույնպես կարելի է Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ անդամ երկրների հետ երկկողմ առևտուր անել։

«Շատերը չգիտեն, որ Ռուսաստան-Վրաստան առևտուրն աճեց հենց այն պահից հետո, երբ որ Վրաստանը գնաց դեպի ԵՄ՝ ասոցիացիա ստորագրեց։ Կարծես թե զարմանալի բան եմ, չէ՞, ասում։ Քանի որ Վրաստանը մտավ ԵՄ-ի հետ ասոցիացիայի մեջ, այս վերջին տասը տարվա մեջ իրենց ապրանքների որակն աճեց, ու ավտոմատ այդ ապրանքը ծախվում է Ռուսաստանում, նույնիսկ, երբ հարկերն ու տուրքերը իրենց ապրանքների վրա ավելի մեծ են»,- ասաց քաղաքագետը։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ