Բարեփոխումների համատեքստում ՆԳՆ-ն առանցքային է համարում հանրությանը քաղաքացիակենտրոն բարձրորակ և հնարավորինս թվային միջավայրում ծառայությունների մատուցումը, ինչի ուղղությամբ մի շարք քայլեր արդեն ձեռնարկվել են, բայց նաև կարևոր ծրագրեր են մշակվել ընթացիկ տարվա անելիքների համատեքստում:
Այս մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ նշելով, որ ինստիտուցիոնալ առումով 2024թ-ին ավարտին է հասցվել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորումը, իսկ հաշվառման-քննական ծառայությունների գործառույթները, հաշվի առնելով իրենց քաղաքացիական բնույթը, տեղափոխվել են նախարարության տիրույթ։
«Հանրային ծառայությունների պահանջարկի նշանակալի աճ ենք գրանցել տարբեր ուղղություններով ինչպես օրինակ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների մասով, որոնք վերջին 3 տարիների ընթացքում եռապատկվել են՝ տարեկան կտրվածքով անցնելով 20.000-ը։
Այս իմաստով քայլեր ենք ձեռնարկել ինչպես հերթը կրճատելու, այնպես էլ գործընթացը թվայնացնելու ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, բարեփոխումներն իրականացվել են բարդ, իսկ որոշ դեպքերում նաև ճգնաժամային իրավիճակների կառավարմանը զուգահեռ, մասնավորապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության հետ կապված։
Ծառայությունների ծավալների էական աճը պայմանավորված է ինչպես նկարագրված իրավիճակով, այնպես էլ ավիացիոն շուկայում տեղի ունեցած փոփոխություններով, ինչի արդյունքում մեր քաղաքացիներն առավել մոբիլ են դարձել՝ առաջացնելով տարածքային մարմինների գերբեռնվածություն։ Այս խնդիրների հասցեագրման համար բարելավել ենք հերթագրման համակարգերը ինչպես անձնագրային ծառայությունների, այնպես էլ հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող ծառայությունների մասով՝ հարմարացվելով քաղաքացիների կարիքներին և հասցեագրելով նախորդ տարիներին բարձրաձայնված դժգոհությունները: Մեկ օրինակ՝ 2024թ-ի ամռանը անձնագրային ծառայությունների համար արձանագրել ենք մինչև 35.000 մարդու միաժամանակյա հերթագրումներ, որը նախորդ հերթագրման համակարգով վերածվում էր 2-3 ամսվա հերթի։ Ներկայումս նոր համակարգի ներդրմամբ քաղաքացին կարող է սպասարկվել ընդհուպ մինչև նույն օրը։ Չնայած ներկայումս՝ հայտարարագրման պահանջով պայմանավորված նույնականացված քարտերի հանդեպ պահանջարկն էականորեն աճել է, սակայն ընդհանուր առմամբ ունենք կառավարելի իրավիճակ։ 2024թ-ի ընթացքում գործարկել ենք նաև անձնագրային ծառայությունների մատուցման շրջիկ ձևաչափը, որի շրջանակում աշխատանքային խումբը եղել է 8 մարզերում, ընդունել 500-ից ավելի դիմումներ։ Այս ձևաչափով ծառայությունների մատուցումը կշարունակենք նաև 2025թ-ին, որի համար ձեռք ենք բերել նաև 3 մեքենաներ, որոնք կլինեն հատուկ հարմարացված կահավորանքով և տեխնիկապես վերազինված։ Շրջիկ ձևաչափով կմատուցենք նաև այլ բնույթի հանրային ծառայություններ»,- ասել է նախարարը:
Սարգսյանը հավելել է, որ այս լուծումները կառույցում համարում են կարճաժամկետ, իսկ երկարաժամկետում՝ նախատեսում պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափում, միջազգային լավագույն փորձի ներգրավմամբ, ամբողջությամբ արդիականացնել անձնագրային համակարգը՝ ներդնելով նաև կենսաչափական տվյալների կառավարման ամբողջական ենթակառուցվածք։
«Սա կարևոր քայլ կլինի նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման համատեքստում։
Ծառայությունների մատուցումը հնարավորինս թվայնացված և պարզեցված կերպով կազմակերպելը ևս սկզբունքային մոտեցում է, և այդ ուղղությամբ միջոցառումներ կան ձեռնարկված բոլոր հանրային ծառայությունների ուղղություններով՝ առանձին-առանձին: Հաղորդակցության և սպասարկման ստանդարտների ներդրումն ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական և արդյունավետ վերահսկման գործընթացը ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրվել ինչպես համապատասխան ստորաբաժանման ստեղծմամբ, այնպես էլ ոլորտին ներկայացվող պահանջների սահմանմամբ և դրանց լեգալիզացմամբ»,- ասել է նախարարը: