Վեղարով մարդուն պետք է ձերբակալել այլ պետության շահերը սպասարկելու համար. Սուքիասյան

«ՌԴ-ն, սովորության համաձայն, քիթը խոթում է այլ պետությունների ներքին գործերի մեջ, հիմա էլ դասագրքերին են անցել։ Մեր պատմությունը Ռուսաստանի կողմից կեղծվել է, ու ՌԴ-ն, մտրակներից փախչելով, հիմա լեշով փորձում է ընկնել մեզ վրա։ Իրենք թող իրենց գրքերը փոխեն։ Այն, ինչ ԽՍՀՄ տարիներին գրվել է, 99 տոկոսը կեղծ է։ Օրինակ՝ Առաջին հանրապետությունը ԽՍՀՄ-ի կողմից օկուպացվել է, բայց պատմության դասագրքերում գրված է, որ խորհրդայնացվել է»: Այս մասին ասաց քաղաքագետ Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի բողոքին, թե Հայաստանի պատմության 8-րդ դասարանի նոր դասագրքում Հրվ. Կովկասի իրադարձությունները խեղաթյուրված են ներկայացված։

Ըստ Սուքիասյանի՝ ՌԴ-ում ցանկություն կա օկուպացնելու Հայաստանը, բայց նման վտանգ այս պահին չկա, քանի որ ՌԴ-ն այժմ թուլացել է և չի կարողանում ինքն իր խնդիրները լուծել. «ՌԴ-ն պարզապես փորձում է ինչ-որ չափով դավադրություններ ներդնել ՀՀ-ում, որ այստեղ քննարկվեն իր առաջ քաշած թեմաները»։

Ինչ վերաբերում է Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու ցույցեր կազմակերպելուն, Սուքիասյանը ասաց. «Վեղարով մարդուն պետք է ձերբակալել այլ պետության շահերը սպասարկելու համար, այդ մարդը շարունակում է իր մարմինը քարշ տալ ՀՀ-ի տարբեր վայրերում, բայց եթե լրատվամիջոցները չխոսեն այդ մասին, ապա իրենք գոյություն չեն ունենա։ Երբ սահմանազատում էր իրականացվում Տավուշում, այդ մարդը գնացել էր Տավուշ և փորձում էր իր կողքը մարդիկ հրավիրելով թույլ չտալ սահմանազատում. դա միջպետական կոնֆլիկտի հրահրում է։ Եթե ՀՀ-ում գործեր համապատասխան իրավական համակարգ, ապա այդ մարդու գանգին կիջեցնեին։ Մի քանի բառ են հորինել, թե բա սառեցված է, և ձևականորեն հիմնավորում են, թե նորմալ է, որ եկեղեցին թողնի և այլն, կամ էլ պետությունը պետք է ստիպի, որ այդ մարդը իր վեղարը հանի։ Այդ ամենով պետությունը սկսում է որոշակիորեն անկայունանալ, բայց իրենք ոչինչ չեն կարող անել»։

Սուքիասյանը կարծում է, որ հանրության շրջանում ու քաղաքական դաշտում հայրենասիրություն հասկացությունը սխալ է ընկալված, և մի շարք դեպքերում մարդիկ հայրենասիրությունը շփոթում են օրենքը շրջանցելու կամ հակառակվելու հետ. «Օրենք պաշտպանողը հայրենասեր չէ՝ իրենց կարծիքով, իսկ մի հատ ուռած գլուխ, որ տարբեր տեղեր օրենքներ է շրջանցում, թե սա պետք է անենք կամ այն պետք է անենք՝ ինքը հայրենասեր է։ Հակառակվելը համարվում է ճիշտ քայլ։ Քաղաքական դաշտում էլ է այդպես։ Մի վատթարագույն ավանդույթ կա, օրինակ՝ եթե իշխանությունը ասում է՝ «ա», ապա ընդդիմությունը պետք է բառաչի ու «բ» ասի, եթե նույնիսկ իշխանությունը ճիշտ է։ Դրա համար իշխանություն ու ընդդիմություն համագործակցությունը չկա Հայաստանում, իսկ դա պետությանը տալիս է կայունություն ու պրոգրես, մինչդեռ հակառակը անկայուն վիճակ է ստեղծում։ Հայաստանում որոշ շրջանակներ ընդդիմություն են համարում բառաչողներին, իսկ հայրենասիրությունը իրենց համար անիմաստ գոռալ-գոչելն է, թե այսինչը պետք է հետ բերենք ու էն մյուսը պետք է հետ բերենք։ Ինձ համար հայրենասեր մարդը օրինասերն է, ոչ թե պետությունը թալանողը ու օրենքը շրջանցողը, ով իր վրա գրել է հայրենասեր»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ