Իսրայելի ԱԳՆ-ն Հայաստանում ու ևս 3 երկրում գտնվող քաղաքացիների համար զգուշացում է հրապարակել

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 15-ին նախազգուշացում է տարածել Իրանին սահմանակից երկրներում՝ Ադրբեջանում, Հայաստանում, Թուրքմենստանում և Թուրքիայում գտնվող Իսրահելի քաղաքացիների համար՝ խստորեն խորհուրդ տալով պահպանել անվտանգության ուժեղացված միջոցառումները և հետևել Ազգային անվտանգության խորհրդին կից հակաահաբեկչական շտաբի հրահանգներին:

Արտաքին գործերի նախարարությունը բացատրել է, որ այս նախազգուշացումը պայմանավորված է Իրանի և նրա դաշնակիցների սպառնալիքներով, որոնք ակտիվացրել են ամբողջ աշխարհում իսրայելցիների վրա հարձակվելու փորձերը։ Հատկապես խիստ մտահոգություններ են առաջացել Թեհրանում Իսրայելին վերագրվող ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո։

Նախարարությունը նաև նշել է, որ Իրանը կարող է ահաբեկչություններ նախապատրաստել իսրայելցիների դեմ արտասահմանում, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչություններում։ Այս առնչությամբ Իսրայելի բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում սահմանվել է զգոնության ամենաբարձր մակարդակը, որը կիրառվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ից հետո։

Իսրայելցի դիվանագետներին տրվել են խիստ հրահանգներ՝ հետևելու անվտանգության միջոցներին, ներառյալ ռեժիմը փոխելը, հանրային միջոցառումներից խուսափելը և, հնարավոր է, տնից աշխատելը:

Իսրայելցի բարձրաստիճան դիվանագետը Ynet-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ իրական վտանգ կա արտերկրում իսրայելցի դիվանագետների և պետության խորհրդանիշների համար։ Նա նշել է, որ դեսպանատների կամ դիվանագետների վրա հարձակումները կարող են ավելի հեշտ լինել Իսրայելի հակառակորդների տեսանկյունից, քան երկրի խոշոր կառույցների վրա հարձակումները, և որ Իրանի կողմից նման գործողությունները կարող են դիտվել որպես Իսրայելին «նվաստացնելու» փորձ միջազգային ասպարեզում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ