Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը ճիշտ կլինի ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո

 

«Ես մի քիչ դժվար եմ պատկերացնում միջուկային զենք ունեցող գերտերության պարտությունը, հետևաբար իմ անհանգստությունը այն է, որ աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի շեմին»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին։

Աղազարյանը կարծում է, որ Հայաստանը, ՌԴ-ի հետ լինելով երկկողմանի ռազմաքաղաքական դաշինքի մեջ, կաշկանդված է որոշակի քայլերում. «Բայց բնականաբար, եթե ՌԴ-ն զորք ցանկանա, որպեսզի օգնենք ուկրաինական պատերազմում, մենք կհրաժարվենք։ Մեր դիրքորոշումը այն է, որ մեկ օր շուտ ավարտվի այդ պատերազմը, կարելի է ասել՝ եղբայրասպան պատերազմը»։

Պատգամավորի կարծիքով՝ ռազմաքաղաքական դաշինքներից չպետք է մեկ օրում հրաժարվել, քանի որ դաշինքը ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի ու Պուտինի. «Մենք չգիտենք, թե հաջորդ իշխանությունները այստեղ և ՌԴ-ում ովքեր կլինեն, ու մեր ցանկացած քայլ համարժեք է, բայց այդ գործընթացները հասնելու են իրենց տրամաբանական ավարտին»։

Աղազարյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ում տեղի ունեցող գործընթացները տանում են նրան, որ ՀՀ-ն դուրս գա ՀԱՊԿ-ից. «Լուկաշենկոյի ամբարտավան պահվածքը, այլ երկրների հարաբերությունները Ադրբեջանի հետ տանում են նրան, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս գանք։ Բայց պետք չի, որ ուրիշներին միայն մեղադրենք, մենք պետք է տեսնենք, թե որպես երկիր ու ժողովուրդ՝ արդյոք անո՞ւմ ենք ամեն ինչ, որպեսզի վտանգներին դիմագրավենք, թե՞ ոչ»։

Աղազարյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը ճիշտ կլինի ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա Աղազարյանը կարծում է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում չենք կարող դուրս գալ այդ կառույցից. «ԵԱՏՄ-ից դուրս գալու համար ժամանակ է պետք ու փող»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ