Բացառում եմ, որ ՀԱՊԿ անդամ որևէ երկիր կթաթախվի այս ամենի մեջ, Պուտինին մնում է դադարեցնել պատերազմը. Ռուբեն Մեհրաբյան

Ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Նոր տվյալներով՝ ուկրաինական բանակը վերահսկում է Ռուսաստանի Կուրսկի մարզի 74 բնակավայր։

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ այն, ինչ տեղի ունեցավ, արձանագրում է մի քանի բան:

«Առաջինը այն, որ Ռուսաստանում նման բան չէր եղել՝ սկսած 1941 թվականից, երբ այլ պետության բանակ մտնում է ՌԴ տարածք: Երկրորդը, որ 2-րդ համաշխարհայինից հետո ստեղծված միջուկային զինանոցը, որը նպատակ ուներ և ունի ՌԴ-ին ապահովագրել ներխուժումից կամ ոտնձգություններից, տեսնում ենք, որ, ի հեճուկս դրա գոյության, այդ ամենը տեղի է ունենում: 3-րդ արձանագրումն այն է, որ ՌԴ-ն միջազգային հանրության մեջ ունի զրո աջակցություն, նույնիսկ այն պարագայում, երբ թվում է, թե ֆորմալ առումով ՌԴ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն է խախտված, սակայն միջազգային հանրությունը դա ընկալում է որպես ագրեսիայի ենթարկված պետության իրավունք՝ պատերազմը տեղափոխել ագրեսորի տարածք, և այդ իմաստով, այո, ՌԴ-ն ինքն իրեն զրկել է միջազգային իրավունքի պաշտպանությունից»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Ըստ Մեհրաբյանի՝ հաջորդ և վերջին արձանագրումն այն է, որ Ռուսաստանը, փաստորեն, իր իսկ պահվածքով չեղարկել է իրավապայմանագրային ողջ բազան, դաշինքը, և, ՀԱՊԿ-ը, փաստացի գոյություն չունի. «Իսկ ՀԱՊԿ անդամ երկրներում զրո համակրանք կա ՌԴ-ի նկատմամբ»:

Զրուցակցի խոսքով՝ վերոնշյալ արձանագրումներից Հայաստանը նույնպես պետք է հետևություններ անի, այդ թվում՝ նաև գործնական:

«Օրինակ՝ այն, որ ՌԴ-ն ընդհանրապես պետք է դուրս դրվի Հայաստանի պաշտպանական և անվտանգային քաղաքականության մեջ որևէ մասնակցություն ունենալուց՝ թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո: Դե ֆակտո, իհարկե, էապես նվազել է Ռուսաստանի մասնակցությունը, բայց դե յուրե դեռ պահպանվում է, ինչը պետք է ուղղակի լիկվիդացնել կարճաժամկետ հեռանկարում»,- ընդգծում է նա:

Հարցին, թե, այնուամենայնիվ, դե յուրե շարունակում ենք մնալ ՀԱՊԿ անդամ, արդյոք Ռուսաստանը հնարավո՞ր է դիմի ՀԱՊԿ անդամ երկրներին, Մեհրաբյանը բացառում է Ռուսաստանին օգնության հասնելը:

«Չգիտեմ՝ ռուսները կդիմե՞ն, թե ոչ, բայց ես բացառում եմ, որ ՀԱՊԿ անդամ որևէ երկիր որևէ ձևով կթաթախվի այս ամենի մեջ: Ի վերջո, Միացյալ Նահանգներից էլ հայտարարեցին, որ եթե ռուսներին ինչ-որ բան դուր չի գալիս Կուրսկի մարզում, ապա Պուտինին մնում է «ռադը քաշել» Ուկրաինայից և դադարեցնել պատերազմը: Այնպես որ, ես որևէ ռացիոնալ բացատրություն չեմ տեսնում, թե ինչու պետք է ՀԱՊԿ անդամ որևէ երկիր (մանավանդ Հայաստանը) որևէ ձևով թաթախվի այս ամենի մեջ»,- ասում է նա:

Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ բոլոր դեպքերում Ռուսաստանի պարտությունն այս պատերազմում անխուսափելի է:

«Հանգամանքների ճնշման ներքո ՌԴ-ն ընդունելու է այդ որոշումը, այնպես, ինչպես Գերմանիան ընդունեց 1918-ին, հետո՝ 1945-ին, թեև դրանք խիստ տարբեր հանգամանքներ են երկու դեպքում էլ, չեմ կարող ասել՝ Ռուսաստանի պարագայում որը կլինի առաջին պլանում, բայց ՌԴ-ն կգնա խաղաղության: Այսօր մենք տեսնում ենք, որ ուժերի հարաբերակցությունը այնպիսին է, որ ՌԴ-ն ուղղակի դատապարտված է պարտության, դիմագրավում է 50-ից ավելի պետություն՝ Ռամշտայնի կոալիցիան, որոնց համախառն ներքին արտադրանքը կազմում է համաշխարհային տնտեսության երկու երրորդը: Այնպես որ, Ռուսաստանը որևէ շանս չունի, դաշնակից չունի, իսկ Ռամշտայնի կոալիցիան գլխավորում է ԱՄՆ-ն, ում դաշնակիցն է աշխարհի երկրների մեկ երրորդը»,- նկատում է Մեհրաբյանը:

Կուսակցության փոխնախագահի համոզմամբ՝ պարտության դեպքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ևս, այսպես ասած, լավ բան չի սպասվում. «Կադաֆֆիի ճակատագրից մինչև Միլոշևիչի ճակատագիր, այդ դիապազոնում ամեն ինչ հնարավոր է Պուտինի հետ, համենայն դեպս բոլոր «վարիացիաներում» էլ Պուտինի համար լավ տարբերակ ուղղակի գոյություն չունի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ