![]()
Քրեական դատարանի Ավանի նստավայրում ընթացել է «Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդել է վերացնել «Իմնեմնիմի» պոդքասթը վարելու արգելքը:
Մեղադրյալներից Նարեկ Սամսոնյանը դատարանում հայտարարել է, որ հայհոյելը հանցագործություն չի համարում, Վազգեն Սաղաթելյանն էլ հավելել է՝ «Իմնեմնիմի» պոդքասթը հայհոյանքի մասին չէ:
Մեղադրող կողմը նշել է, որ արդարացումները համոզիչ չեն, ու արգելքը պետք է մնա ուժի մեջ, և Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը չպետք է վարեն հաղորդումը:
Դատարանը որոշել է սահմանափակումները թողնել նույնը ևս երեք ամսով: Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը չեն վարի «Իմնեմնիմի» պոդքասթը ևս երեք ամիս:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իմնեմնիմ»-ի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է։ Նրանց նկատմամբ որպես խափանման նոր միջոց է կիրառվել վարչական հսկողությունը։ Միաժամանակ, դատարանի որոշմամբ սահմանափակվել էր նրանց հաղորդումներ վարելը, ինչպես նաև վերջիններս պետք է զերծ մնային հրապարակային վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ հնչեցնելուց:
Մայիսին հայտնել էինք, որ ձերբակալվել էին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը և «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանը:
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել Սամսոնյանի և Սաղաթելյանի ձերբակալման վերաբերյալ:
Ըստ այդմ՝ 2024թ. մարտի 20-ին՝ ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Իմնեմնիմի»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ էին հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։
Դատարանը Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել:
![]()