![]()
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ ընդդիմությունն աշնանը կրկին վերադառնալու է «փողոց»՝ փորձելով չկորցնել հետզհետե մարող ալիքը:
«Ընդդիմություն կոչվածը, որը գլխավորում է նախկին հոգևորականը, փորձում է ընդամենը չկորցնել իր հետևորդներին, ամենայն հավանականությամբ պատրաստվում են 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, և դրա համար անհրաժեշտ է որոշակի ակտիվություն պահպանել: Զարգացումներ կանխատեսում եմ աշնանը, գուցե մի փոքր ավելի ակտիվ, քան այս պահին է, բայց նաև ոչ այն ակտիվությամբ, ինչ իրենց վերջին հավաքներն էին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Ղևոնդյանը:
Դիտարկմանը, թե այս անգամ ընդդիմությունը «ո՞ւմ դեմքով» կարող է հանդես գալ, Ղևոնդյանն արձագանքում է՝ չի բացառվում, որ Գալստանյանն է շարունակելու առաջնորդել ընդդիմության հավաքները, սակայն չի բացառում նաև նոր «առաջնորդի» ի հայտ գալը:
«Խնդիրն այն է, որ այն քաղաքական ուժերը, որոնք նախկինում իշխանության են եղել, չեն կարողանում հասկանալ, որ պրոբլեմը դեմքերի, թարմության կամ հնության մեջ չէ, պրոբլեմը իրենց դավանած արժեքների մեջ է, և որ այդ արժեքները ՀՀ քաղաքացիները չեն ընդունում՝ անկախ նրանից՝ հոգևորակա՞նը կառաջնորդի նրանց, արցախցի ինչ-որ մե՞կը, թե՞ երևանցի ինչ-որ մեկը, կարևորն այն է, որ այդ քաղաքական արժեքները դավանողները այլևս չունեն ՀՀ քաղաքացիների աջակցությունը: Հիմա փորձում են ներկա իշխանությունների նկատմամբ որոշակի դժգոհության ֆոնին հավաքել մարդկանց զանգված, բայց խնդիրն այն է, որ նույնիսկ ներկա իշխանություններից դժգոհողների մեծ մասը չի ցանկանում նրանց աջակցել»,- ասում է Ղևոնդյանը:
Հարցին՝ նմանօրինակ բոլոր շարժումները և խորհրդարանական ընդդիմությունը ինչ-որ իմաստով ասոցացվում կամ նույնացվո՞ւմ է Ռուսաստանի հետ, այս պարագայում արդյոք ՌԴ-ն ունի՞ այդ ներուժը՝ հիբրիդային պատերազմ վարելու մեկ այլ ճակատում ՀՀ-ի դեմ, Ղևոնդյանն արձագանքում է՝ այո, ՌԴ-ն ունի ներուժ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու առումով:
«Անկախ նրանից, որ Մոսկվան այս պահին խուճապահար վիճակում է, բայց, այնուամենայնիվ, տարբեր ուղղություններով ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրված այդ հիբրիդային պատերազմը, և այդ գործողությունները եթե նույնիսկ չեն կառավարվում, ապա հարուցում կամ ներարկում են ՌԴ-ում գործող առանձին ուժեր կամ ինստիտուտներ՝ անհրաժեշտ ռեսուրսներով հանդերձ: Այսինքն՝ պետք է՝ ֆինանսական ռեսուրսներով, պետք է՝ մարդկային, ինչի արդյունքում կոնկրետ ՀՀ-ում գործող «5-րդ շարասյուն»-ը կարողանում է որոշակիորեն իրեն դրսևորել: Սակայն քանի որ ռեսուրսները շատ քիչ են այս պահին, ՌԴ-ն չի կարող թողնել իր համար շատ ավելի ճակատագրական տարածաշրջաններ և ամբողջապես զբաղվել Հայաստանով և այստեղի հիբրիդային պատերազմով: Սրա արդյունքում, բնականաբար, համարժեքորեն նվազում են նաև Հայաստանում 5-րդ շարասյան հնարավորությունները»,- կարծում է նա:
Ըստ քաղաքագետի՝ Գալստանյանի՝ մարզային այցերի նպատակը ևս ալիքը ընդհանրապես չկորցնելն է. «Քանի որ Գալստանյանը, կամ նրա շուրջը հավաքվածները հաշվարկել են, որ առաջիկա ընտրությունների ժամանակ այն զանգվածը, որ 2021 թվականին իրենց քվեն տվել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքին, այդ զանգվածի մի հատված այս ընտրություններին իր քվեն տալու է այլ քաղաքական ուժի»:
![]()