![]()
Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանն ու նրա ընտանիքի անդամները չեն ներկայացել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
«Հայկական ժամանակ»-ին դատախազությունից տեղեկացրել են, որ Սարգսյանների ներկայացուցիչները կապ են հաստատել և նշել, թե վերջիններիս երկրում չեն գտնվում։
«Այդ անձինք դատախազություն կներկայանան օգոստոսի 20-ին»,- նշել են դատախազությունից։
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանն ու ընտանիքի անդամները օգոստոսի 13-ին հրավիրվել էին դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
Դատախազություն էին հրավիրվել Ալեքսանդր Սարգսյանը, կինը՝ Ավրիգա Սարգսյանը, որդիները՝ Նարեկ և Հայկ Սարգսյանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Սոնա Սարգսյանը:
Այս փուլում դատախազությունը տեղեկություններ չի փոխանցում, թե ինչ գույք կամ որքան դրամ է ենթակա բռնագանձման: Պատճառաբանությունն այն է, որ շահագրգիռ անձիք կարող են ներկայացնել ապացույցներ, որով հնարավոր է հիմնավորվի գույքի օրինականությունը:
Նշվում է, որ դատախազությունը բոլորին ծանուցել է, որ Սաշիկ Սարգսյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվել, ինչի հիման վրա ընտանիքի անդամների անվամբ հաշվառված գույքը ևս հանդիսանում է բռնագանձման առարկա։
Միաժամանակ, առաջարկվել է ներկայանալ ս/թ օգոստոսի 13-ին՝ ժամը 14:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնել նախապես:
2019 թվականին Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ։ Նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։
Քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 9 506 000 000 (9 միլիարդ 506 միլիոն) ՀՀ դրամին համարժեք 19 600 000 (19 միլիոն 600 հազար) ԱՄՆ դոլար է նվիրաբերել Ղարաբաղի պաշտպանության բանակին։
![]()