![]()
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի համոզմամբ՝ Իրանն այն պետությունների շարքին է դասվում, որը չի առաջնորդվում վրեժի լուծմանը հագուրդ տալու ճանապարհով, այլ շատ սառնասրտորեն է մոտենում հարցին և այն լուծում է միայն այն ժամանակ, երբ դրա լուծումը հարյուր տոկոսով լինելու է իր օգտին:
Այսպես է փորձագետը մեկնաբանում Իրանի հնարավոր պատասխան հարվածը Իսրայելին՝ Իրանում ՀԱՄԱՍԻ քաղբյուրոյի ղեկավարին սպանելուն ի պատասխան:
«Տվյալ դեպքում Իրանը Իսրայելի համար հոգեբանական պատերազմ է տանում և առանց որևէ լուրջ միջոցներ ծախսելու ստիպում, որ Իսրայելը շատ ավելի լուրջ միջոցներ ծախսի, ասել է թե իրեն սպառի՝ թե՛ ֆինանսական ռեսուրսի և թե՛ մարտական հոգեբանական ռեսուրսի տեսանկյունից»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Հովհաննիսյանը:
Փորձագետի խոսքով՝ երբ Իրանը տեղեկատվական հոսքեր է ապահովում առ այն, որ Ադրբեջանի տարածքում տեղակայված իսրայելական հատուկ ստորաբաժանումներին է հարվածելու, Իսրայելին հոգեբանական տեռորի է ենթարկում. Իսրայելը սկսում է իրականացնել, այսպես ասած, պաշտպանական գործունեություն թե՛ օդում, թե՛ ցամաքում. «Ըստ որոշ վերլուծաբանների և ըստ որոշ հաշվարկների՝ Իսրայելը մեկ ժամվա համար թե՛ օդում և թե՛ ցամաքում հակաօդային և ռադիոէլեկտրոնային պաշտպանությունների համար ծախսում է ավելի քան 70 հազար ԱՄՆ դոլար։ Եվ սա անում է Իրանի՝ իր վրա շուտով հարված հասցնելու հայտարարությունների ֆոնին: Իրանը հենց այդպես է մաշում թե՛ Իսրայելին և թե՛ Իսրայելի դաշնակից ուժերին»:
Հարցին՝ արդյոք դրանո՞վ է պայմանավորված, որ Թել Աիվը հետ է կանչել իր զինվորականներին Ադրբեջանից և Վրաստանից, Հովհաննիսյանը պատասխանում է՝ ոչ, այդ քայլը ավելի շատ քաղաքական դաշտում է:
«Ըստ էության՝ Իսրայելը պլաններ ուներ Իրանի դեմ հարձակման ոչ միայն օդային տարածքներից, այլ նաև՝ ցամաքային, իսկ ցամաքայինի դեպքում դիտարկում էր Ադրբեջանի Հանրապետությունը: Այստեղ դերակատարություն ունեցավ Շոյգուի այցը թե՛ Իրան և թե՛ Ադրբեջան: Կարծում եմ՝ Բաքվին հասկացրել են, որ առնվազն այս շրջանում պետք չի խառնվել իսրայելա-իրանական հակամարտությանը և ճիշտ կլինի թույլ չտալ իսրայելական զորքին հավանական ցամաքային գործողություն սկսել Իրանի դեմ: Այդ քայլը այս համատեքստում է տեղավորվում»,- նկատում է նա:
Ըստ փորձագետի՝ Ադրբեջանում իսրայելական ռազմաբազաներին հարվածելու մասին ինֆորմացիոն արտահոսքի կամ Իրանից հնչող հայտարարության թիրախը ոչ այդքան Իսրայելն է, որքան հենց Ադրբեջանը, որպեսզի վերջինիս զսպեն, և նա տարածքներ չտրամադրի՝ ցամաքային հարձակումներ իրականացնելու համար. «Կարծում եմ՝ Ադրբեջանին հասկացրել են, որ հնարավոր է՝ Ադրբեջանը դառնա Սիրիա կամ Իրաք, եթե որոշի հարձակման համար որևէ տարածք տրամադրել Իսրայելին, և որ Իրանը անպայմանորեն կհարվածի Ադրբեջանի տարածքներին. սա Ադրբեջանի համար շատ ցավոտ թեմա է»:
Կարեն Հովհաննիսյանի պնդմամբ՝ Իրանի նպատակը առանց որևէ կրակոցի կամ առանց լուրջ միջոցներ ծախսելու, հայտարարություններով կանխելն է Ադրբեջանի տարածքից հնարավոր ցամաքային գործողություններն Իրանի դեմ:
Այս օրերին ամենահաճախ հնչող հարցին՝ վերջապես Իրանը կհարվածի՞ ու ամենագլխավորը՝ ե՞րբ, Հովհաննիսյանը պատասխանում է. «Իրանն այն արկածախնդիր պետություններից չէ, որ մեծամտություն ցուցաբերի, որ հաշվի չառնի իր հակառակորդների հնարավորությունները թե՛ ռազմի, թե՛ տնտեսական դաշտում։ Իրանը մինչև վստահ չլինի, որ հաղթող դուրս չի գալու, չի հարվածի։ Սա Իրանի ռազմավարությունն է: Նա պետք է վստահ լինի, որ իր բոլոր օդային հարվածները տեղ են հասնելու, և չի լինելու նախորդ անգամվա նման, երբ դրանք ոչնչացվում էին դեռևս Իսրայել չհասած»:
![]()