Կկիրառի՞ արդյոք Ռուսաստանը միջուկային զենք, ինչո՞ւ է հյուծվել ռուսական բանակը. մանրամասնում է Խզմալյանը

Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը ուկրաինական զինված ուժերի առաջխաղացումը Ռուսաստանի Կուրսկի մարզում համարում է ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական հարված:

«Ուկրաինան գործում է աշխարհի հզորագույն ռազմաքաղաքական դաշինքի հետ միասին: Այո, նա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն միաժամանակ և՛ ԵՄ-ն, և՛ ԱՄՆ-ն, և՛ արևմտյան այլ երկրներ՝ Կանադայից մինչև Ճապոնիա և Ավստրալիա, օգնում են Ուկրաինային ամեն հնարավոր ձևով՝ զենքով ու հետախուզությամբ: Իմ կարծիքով՝ Ուկրաինայի գործողությունները նաև համակարգում են ԱՄՆ-ից: Սա այն գլխավոր տարբերությունն է, որով բացատրվում են ուկրաինացիների հաջողություններն ու մեր անհաջողությունները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքական գործիչը:

Խզմալյանի խոսքով, սակայն, ռազմատեխնիկական տեսանկյունից ներխուժման շարունակությունը անիմաստ է, քանի որ Ուկրաինայի խորքում մնում են զավթված տարածքներ, և կոմունիկացիաների ընդլայնումը շահավետ չէ. «Ըստ երևույթին՝ այն հաջողությանը, որին հասան ուկրաինացիները, նաև զարմանալի է հենց իրենց համար. չէին կարծում, որ այդքան արագ կզիջի ռուսական պաշտպանիչ շերտը: Պարզվեց, սակայն, որ Ռուսաստանն անպաշտպան է: Պրիգոժինի հաղթարշավը շատ բան բացահայտեց, միաժամանակ պարզվեց, որ նաև Ուկրաինան կարող է նման բանի հասնել: Ուկրաինան, իհարկե, չի գնա մինչև Մոսկվա, բնականաբար, դա արկածախնդրություն կլինի: Մոտ օրերս կփորձեն ամրացնել դիրքերը, եթե ՌԴ-ն չանցնի խենթության հասնող միջուկային ռմբակոծությունների»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի պատասխան գործողություններին, ապա Խզմալյանը կարծում է, որ դա լինելու է անուղղակի:

«Նախ բավականին զավեշտալի է, որ Պուտինը Կուրսկի պաշտպանությունը դրել է հատուկ ծառայության վրա՝ բանակի գլխավոր շտաբին ազատելով այդ պարտականությունից. FSB-ն օժտված չէ բանակային ո’չ գործիքակազմով, ո’չ էլ զենքով: Միակ բանը, ինչ կարելի է ենթադրել, այն է, որ խոսքը բանակի թիկունքում կանգնող պատժիչ ջոկատների մասին է, ինչպիսիք էին «նեռժ» կոչվող ջոկատները 2-րդ համաշխարհային պատերազմում: Կարծում եմ, որ Պուտինը, տեսնելով բանակի անկարողությունը, դիմելու է ասիմետրիկ գործողությունների. մենք արդեն տեսնում ենք վտանգավոր զարգացում. հրդեհ է բռնկվել ռուսական վերահսկողության տակ գտնվող Զապաորոժիեի ատոմակայանում, իսկ նման բան պատահական չի լինում, սա, իհարկե, սադրիչ և նախազգուշացում պարունակող մի վտանգավոր գործողություն է: Իրենք կարող են ռմբակոծել հենց այն ռուսական վայրերը, որոնք հիմա ուկրաինական վերահսկողության տակ են, այսինքն՝ Կուրսկի, Բելգորոդի շրջանները»,- նկատում է քաղաքական գործիչը:

Հարցին՝ այսինքն՝ պատասխանը չի՞ լինելու բանակը բանակի դեմ տարբերակով, այլ սադրանքների ձևով, զրուցակիցն արձագանքում է. «Միանշանակ բանակը բանակի դեմ չի լինելու, Պուտինը չունի այն բանակը, որը կարողանա դիմակայել ուկրաինական բանակին, որովհետև ուկրաինական բանակը պրոֆեսիոնալ է և 2 տարվա փորձ ունի, իսկ ռուսական բանակը փաստորեն ոչնչացվել է այս երկու տարվա մեջ, և այն զորամասերը, որ հիմա գոյանում են, չունեն փորձ, ավելի շատ թնդանոթի միս են: Դրա համար էլ Պուտինը փորձելու է դիմել սարսափելի միջոցների՝ ռմբակոծությունների, միգուցե հարվածի Կիևին, ինչ-որ հիստերիկ բաներ է անելու, դա համատեղելի է 1945 թվականի Հիտլերի գործողությունների հետ, երբ նա ամբողջ հույսը դրել էր ատոմային ռումբի վրա, որը գերմանացները պարզապես չհասցրին մշակել ամերիկյան ռմբակոծությունների պատճառով»:

Տիգրան Խզմալյանի համոզմամբ՝ Ռուսաստանի նախագահի և նրա դաշնակիցների խաղադրույքը Դոնալդ Թրամփի հաղթանակի վրա է:

«Հիմա արդեն վստահորեն կարելի է կանխատեսել Թրամփի պարտությունը, ինչը նշանակում է, որ Ուկրաինան շարունակելու է իր հաղթարշավը, սակայն պատերազմի սառեցումը կամ որևէ զինադադարը անխուսափելի են, որովհետև երկու կողմն էլ հասել է մարդուժի սպառման եզրին: Եթե պատերազմն ավարտվի անգամ առանց ռուսական բանակի անմիջական հեռացմամբ Դոնեցկից և Ղրիմից, թեև ուկրաինացիները դրան են ձգտում, չի նշանակի որևէ լավ ելք ՌԴ-ի համար, որովհետև պատժամիջոցները չեն ավարտվելու: Սրան գումարած բանկային ճգնաժամը, ինչը նշանակում է, որ այս կամ այն ձևով ՌԴ տնտեսական և ֆիզիկական փլուզումն անխուսափելի է, միակ արգելանքն այն է, որ Արևմուտքն է խուսափում նման արագ զարգացումներից, որովհետև հրեշին սպանելը գործի կեսն է, թաղելը՝ շատ ավելի դժվար»,- նշում է քաղաքական գործիչը:

Ըստ զրուցակցի՝ Վլադիմիր Պուտինի հաշվարկները սխալ էին ամենասկզբից, երբ 2007 թվականին նա որոշել էր վերականգնել Սովետական միությունը, և դա փաստորեն ռուսական պետության վերջն էր. «2008 թվականի առաջին պատերազմը Վրաստանի դեմ, հետո՝ 2014-ին, Ղրիմի զավթումը, հետո՝ Հայաստանի և Արցախի վրա հարձակումները, դա ՌԴ գաղութային պատերազմներն էին, որոնք պսակվեցին 2022 թվականի՝ իրենց վերջին պատերազմով. սա լինելու է ՌԴ վերջին պատերազմը: Ինչպես 1855-56 թվականներին Ղրիմի պատերազմը ջարդեց Ռուսաստանի կայսրությունը և փաստորեն մեծապես ազդեց ՌԴ հետագա ճակատագրի վրա, սա նույնպես ճակատագրական պատերազմ է իրենց համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ