Թրա՞մփ, թե՞ Հարրիս. ում ընտրվելու հավանականությունն է ավելի մեծ և ինչպես դա կազդի գլոբալ քաղաքականության և ՀՀ-ի վրա

 

Վերջին շրջանում աշխարհում տեղի ունեցող քաղաքական, ռազմական կամ այլ նշանակության բոլոր զարգացումներն ու իրադարձությունները կապվում են 2024 թվականի աշնան, ավելի կոնկրետ՝ նոյեմբերին ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունների ու դրանց ելքի հետ:

«Հայկական ժամանակ»-ը քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի հետ զրուցել է ԱՄՆ ընտրություների հավանական արդյունքների ու գլոբալ քաղաքականության վրա դրանց ազդեցության մասին:

Քաղաքագետի համոզմամբ՝ Հարրիսին հաղթելը հեշտ չի լինելու Թրամփի համար:

«Ինչու, որովհետև Բայդենի պարագայում Թրամփն ասում էր, որ նա մեծ է, հիվանդ և չի կարողանա ղեկավարել երկիրը 4 տարի: Հիմա ինքն է տարիքով մեծ թեկնածուի կարգավիճակում, իսկ իր մրցակիցը 50-ամյա կին է, որ նաև ունի սևամորթ բնակչության ձայները: Այս պահին, իմ գնահատմամբ, ավելի ուժեղ են Հարրիսի դիրքերը և Թրամփի համար ավելի դժվար կլինի հաղթել վերջինիս, քան Բայդենի դեպքում էր»:

Խոսելով ԱՄՆ նախագահի թեկնածուներից Հարրիսի մասին, Դալլաքյանն ասում է, որ Հարրիսը շատ քիչ է հրապարակային ելույթներ ունեցել և հասկանալի չէ՝ արդյո՞ք նա արտաքին քաղաքականության առումով Բայդենից տարբեր տեսակետներ ունի, թե՝ ոչ:

Դալլաքյանը նշում է՝ նա առաջ է տանելու Բայդենի քաղաքականությունը և հավելում, որ դեմոկրատների հաղթանակի դեպքում եթե այնպես ստացվի, որ մեր տարածաշրջանում Հարրիսը շարունակի Բայդենի քաղաքականությունը, կտեսնենք մինիմում սառեցված իրավիճակ:

«Այսինքն՝ Ադրբեջանին կճնշեն, որ հարձակում չգործի ՀՀ-ի վրա, բայց կստիպե՞ն, արդյոք, որ վերջինս խաղաղության պայմանագիր ստորագրի, դա արդեն նաև ՀՀ իշխանությունների աշխատանքից է կախված: Իսկ եթե ավելի կոշտ դիրքորոշում դրսևորի և ցանկանա իրոք ճնշել Ադրբեջանին և ՀՀ-ին փրկօղակ նետել, դա, իհարկե, ամենալավ սցենարը կլինի: Համենայնդեպս, կարծում եմ՝ Հարրիսը այդքան չի շեղվի Բայդենի օրակարգից»:

Խոսելով Թրամփի մասին, Լիլիթ Դալլաքյանը նկատում է՝ նա անկախատեսելի է. «Մի օր ասում է, որ գամ՝ կռմբակոծեմ Մոսկվան, հաջորդ օրն ասում է, որ գամ՝ չեմ զինելու Ուկրաինային: Այսինքն՝ Թրամփի բացասական կերպարը ձևավորվել է, որովհետև նա գործարար է, քաղաքականության մեջ էլ բիզնես շահերն է առաջ տանում, տնտեսական պատերազմների մեջ է Չինաստանի հետ, Իրանի հետ հարաբերություններն է սրել: Ինքն անկանխատեսելի է և դրա համար էլ ցանկալի թեկնածու չի կարող լինել որևէ երկրի համար՝ սկսած Ուկրաինայից մինչև Հայաստան»:

Միաժամանակ քաղաքագետը նշում է, որ նրա ընտրվելու դեպքում չենք կարող ասել՝ «Թրամփի հետ գործ չունենք», քանի որ Միացյալ նահանգները հեգեմոն է, և միանշանակ Թրամփի վարչակազմի հետ էլ պետք է փորձել կապ հաստատել:

«Իր պետքարտուղար Պոմպեոն, համենայնդեպս, շատ հայանպաստ դիրքորոշում էր դրսևորում պատերազմի ժամանակ, մեղադրում Ադրբեջանին, Թուրքիային, ինչպես նաև ՌԴ-ին Հայաստանի վրա հարձակվելու համար, իր միտքն էր սկանդինավյան խաղաղապահներ ԼՂ ուղարկելը, այսինքն՝ այնպես չէ, որ Թրամփն է և վերջ, Թրամփն ինստիտուտ չէ, իսկ ԱՄՆ-ում իշխում են ինստիտուտները: Իհարկե, հասկանալով Թրամփի բացասական դերը, պետք է փորձել նրա հետ էլ աշխատել: Օրինակ, Ուկրաինայի նախագահ Զելենսկին արդեն իր հետ խոսել է մի քանի անգամ, ասվում է, որ հնարավոր է Թրամփը նաև այցելի Ուկրաինա, դա խոսում է այն մասին, որ նույնիսկ Ուկրաինան, հասկանալով, որ Թրամփը կարող է չզինել իրեն՝ փորձում է հետը «լեզու գտնել»: Մեր ճանապարհն էլ հայ համայնքին ներգրավելն է: Մենք ունենք ամենաուժեղ լոբբին ԱՄՆ-ում, գուցե Իսրայելին հավասար, եթե ոչ ավել, և պետք է փորձել Թրամփի հետ կապեր հաստատել և ՀՀ շահերի տեսանկյունից նրա հետ աշխատել: Մենք չենք կարող մեզ շքեղություն թույլ տալ, ասել՝ դե մենք Թրամփի հետ չենք շփվում: Աշխատելու տեղ կա, պետք է Թրամփի հետ խոսել, ներկայացնել, որ ԱՄՆ ռազմավարական հենակետն այստեղ կարող է դառնալ ՀՀ-ն, եթե Վրաստանում իշխանափոխություն չլինի և նրանք տեղավորվեն ռուսական նավի մեջ, իսկ Ադրբեջանն արդեն իսկ ռուսական նավում է, մնում է Հայաստանը Հարավային Կովկասում, որը կարող է լինել ԱՄՆ-ի հենարանը»,- նշում է Դալլաքյանը:

Նրա խոսքով, իհարկե, Հարրիսն ավելի կանխատեսելի է, քան Թրամփը, բայց երկու դեպքում էլ կարող ենք ունենալ և՛ բացասական, և՛ դրական հետևանքներ: Իսկ Ադրբեջանի հարձակումը կախված չի լինի նրանից, թե ով կլինի ԱՄՆ նախագահը, այլ կախված կլինի, թե ԱՄՆ-ը կկարողանա՞ ՌԴ-ին զսպել, որովհետև Ադրբեջանին միակ հրահրողը ՌԴ-ն է:

«Մենք ունենք մի դրական կողմ. դա լոբբիզմն է, որն այսօր շատ կարևոր դեր է խաղում Իսրայելի հարցում: Ըստ էության, դա պետություն է պետության մեջ, Իսրայելական լոբբին կարողանում է անընդհատ այնպես անել, որ Իսրայել պետության պաշտպանությունը լինի ԱՄՆ օրակարգում, նույնկերպ պետք է հայ համայնքի ներուժն օգտագործել: Ինչպես նաև շատ կարևոր են ուղիղ շփումները, ինչպես Զելենսկին է անում, ցույց տալ, որ Միացյալ նՆահանգների շահը այստեղ կայուն է, կապ չունի Թրամփը լինի, թե Հարրիսը՝ մենք ենք, որ տարածաշրջանում կարող ենք ապահովել ձեր ներկայությունը»,- նշում է քաղաքագետը:

Կրկին վերադառնալով ընտրությունների հնարավոր հավանական ելքին, Լիլիթ Դալլաքյանը նկատում է, եթե սկզբում մեծ է գնահատել Թրամփի շանսերը, ապա հիմա հակառակն է:

«Այդպես դարձավ հատկապես անհաջող փոխնախագահ ընտրելուց հետո: Պարոն Վենսը շատ ավելի պոպուլիստ է, քան Թրամփը, արդեն հասցրել է բոլորին վիրավորել, տիկին Հարրիսին մեղադրել, թե չի կարողանում երեխա ունենալ, և հետաքրքրին այն է, որ նույն մարդը Թրամփին մի քանի տարի առաջ Ադոլֆ Հիտլեր էր անվանել և ծաղրածու, իսկ հիմա նրա փոխնախագահի թեկնածուն է: Ի վերջո, Հարրիսը, ով դատախազ է եղել, կարող է Թրամփի հետ խոսել որպես հանցագործության մեջ մեղադրվող անձ»,- նշում է քաղաքագետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ