![]()
«1990 թ․ օգոստոսի 8-ին Հայ Յեղափոխական Դաշնակցությունն հայտարարեց Հայաստան իր ՎԵՐԱԴԱՐՁ-ի մասին»,-ավետում (թե՞ գուժում է) ՀՅԴ ԳՄ-ն, որն այս նշանակալից օրվա առթիվ (կապակցությամբ) հայտարարություն է տարածել։ «Անցնող երեք տասնամյակներին Դաշնակցությունը Հայաստանի և Արցախի անկախության կերտման քաղաքական կարևոր դերակատարներից էր՝ ճակատում, երկրի ներքին կյանքում և Սփյուռքում՝ այդ ճանապարհին արձանագրելով թե՜ անուրանալի ձեռքբերումներ, ցավոք, նաև բացթողումներ։ Եվ, այդուհանդերձ, մեր սկզբունքներն ու արժեքները եղան ու մնացին աննահանջ՝ «Հայրենիքն ու պետականությունն ամեն բանից վեր»,-ազդարարել է Գերագույն Մարմինն ու չի մոռացել խոսել նաև յուր՝ զառամյալ կուսակցության աննախանձելի ներկայի մասին․ «Այսօր էլ, գոյաբանական ծանրագույն մարտահրավերների հորձանուտում, Դաշնակցության հավատամքն ու թիրախները նույնն են՝ իր կառույցի ողջ կարողականությամբ ծառայել հայոց պետականության կենսունակությանը, բոլոր ճիգերը գործադրել կասեցնելու երկրի կործանարար ընթացքը, վերականգնել մեր ազգային արժանապատվությունն ու հաղթանակներ կերտող հայ մարդու ոգին։ Սիրելի հայրենակի՜ց, Դաշնակցությունը քո կողքին է։ Միասին մենք կարո՛ղ ենք»։ Վերջին նախադասությունը, հաշվի առնելով 134-ամյա կուսակցության անցած վայրիվերո ուղին ու ռազմահայրենասիրական էնտուզիազմը, համաձայնեք, սպառնալիքի երանգ է պարունակում։ Այդ ի՞նչ է, որ «կարող է անել» Դաշնակցությունն ու միասին լինելու կոչով դիմում է «սիրելի հայրենակցին», փաստում նրա կողքին լինելը։ Վերջին առնվազն երկու-երեք տարիներին «մեր հին ընկեր Դաշնակցությունը» մեկ բան է, որ նախաձեռնել, բայց չի կարողացել անել՝ գործադրելով ունեցած և չունեցած ճիգերը՝ «սիրելի հայրենակիցների» մեծամասնության կողմից ընտրված, լեգիտիմ իշխանության տապալմանն ուղղված պերմանենտ գործողություններ՝ դրանց տարատեսակ փրկչական շարժումների տեսք հաղորդելով։ Թերևս պետք է շնորհակալություն հայտնել Գերագույն Մարմնի անունից շարադրված սույն տեքստի հեղինակին՝ անկեղծության ու թափանցիկության համար, այսինքն՝ «սիրելի հայրենակցին» իրազեկելու, որ Դաշնակցությունն այսօր էլ չունի այլ անելիք, քան իր «ողջ կարողականությունը» հայրենիքի ներսում մեկ թիրախի ու նպատակի ծառայեցնելը, այն է՝ հասնել իշխանափոխության։
ՀՅԴ-ի քաղաքական հրապարակային խոսույթը, որին ականատեսն ենք այս ընթացքում (հատկապես 44-օրյա պատերազմից հետո) հուշում է՝ «կործանարար ընթացք» ասելով քաղաքական այս խմբակն ակնհայտորեն նկատի ունի 2018-ի և 2021-ի համաժողովրդական քվեարկության արդյունքները, որոնց հետ այդպես էլ չի համակերպվում և դրանք էլ համարում է այս «ընթացքի» պատճառն ու հետևանքը։ Հենց այդ պատճառը վերացվի, այսինքն՝ ժողովրդի ընտրած իշխանության ընթացքը կասեցվի (Նիկոլ Փաշինյանը գահընկեց արվի), ապա ավտոմատ կերպով կիրագործվեն ՀՅԴ-ի նախանշած մյուս երկու փափագները՝ «ազգային արժանապատվության» ու «հաղթանակներ կերտող հայ մարդու ոգու» վերականգնումը։ Ահա, թևես, այն, ինչին հոգով-սրտով ձգտում ու անկեղծորեն այդ մասին հայտարարում է «անելիք չունեցող» (դեռ տասնամյակներ առաջ Հ․Քաջազնունու կողմից տրված հանճարեղ ախտորոշման համաձայն) կուսակցությունը։ Ուլտրահայրենասիրական փաթեթավորմամբ մատուցվող ավանտյուրան՝ իշխանազավթումը, հուսանք, ինչպես որ այս ընթացքում չի հաջողվել, հետայսու էլ չի հաջողվի ՀՅԴ-ին գլուխ բերել, քանի որ «սիրելի հայրենակիցը» չի կանգնի 134-ամյա՝ քաղաքական զառամախտով տառապող ուժի կողքին, չի միասնականանա վերջինիս հետ, այն է՝ չի «դիմադրի» կամ «սրբազան», «ազատագրական» և այլազան պայքար չի մղի ընդդեմ ժողովրդի կամքի, պետականության և ինքնիշխանության։
Կուսակցությունն, արդ, լավ կլիներ, որ հայրենիք վերադառնալու յուր տարեդարձը (և կամ տարելիցը) նշանավորեր հանրօգուտ գործով՝ ինքնափառաբանման այսօրինակ ծանծաղ տեքստեր տիրաժավորելու փոխարեն մեկիկ-մեկիկ, անկեղծ ու շիտակ թվեր իր գործունեության երկար ընթացքի ժամանակ արձանագրված սխալներն ու ձախողումները, որոնք մեղմասածության հնարքին դիմելով որոշել է կոչել «բացթողումներ»։ Ազդարարեր դրանից քաղած դասերի մասին։ Ի դեպ, չէր խանգարի նաև, որ «մեր հին ընկեր»-ը 134 տարի անց հասարակության հետ կիսվեր իր արձանագրած ձեռքբերումներով՝ եթե, իհարկե, սույն քաղաքական կազմակերպությունն ունեցել է այդպիսիք։ Կազմակերպություն, որը, նկատենք, իր իր հիմնադրման ահեղադղորդ հայտարարություններից հետո 1890-ականերին չկարողացավ ոչ մի լուրջ քայլ ձեռնարկել հայկական ջարդերը կանխելու համար։ Ավելին՝ իր որոշ անհեռատես գործողությունների հետևանքով հրահրեց թուրքերին՝ սկսել դրանք, և ռուս-թուրքական փոխհամաձայնության հետևանքով ավելի քան 600 հազար հայ կոտորվեց։
Ավելին՝ առանց որևէ լուրջ և իրականացման ենթակա նախապայմանների ՀՅԴ-ն 1905-ին միացավ երիտթուրքական «շարժմանը»։ Նպատակը «օսմանյան հայրենիքի» ստեղծումն էր, որին հասնելու ճանապարհին որևէ խոսք չկար Հայաստանին նույնիսկ ձևական ինքնավարության տրամադրելու մասին:
Ի դեպ, ժամանակին (2001-ին), ԳԽ պատգամավոր, ՀՀՇ-ական Երջանիկ Աբգարյանը ծավալուն հոդված էր հեղինակել՝ մանրամասն ու գեղարվեստորեն փաստագրելով ՀՅԴ-ի «հաջողության հաղթարշավը»։ «Հանուն օսմանյան հայրենիքի, օսմանյան սահմանադրության, օսմանյան խորհրդարանի երեսփոխանական մանդատի ո՞վ առաջիններից մեկը բարձրացավ հեղափոխության (թեկուզ երիտթուրքական) բարիկադների վրա, ո՞վ երիտթուրքերի հետ միասնական ընտրացուցակով ձևավորեց օսմանյան նոր պառլամենտը, ո՞վ զինաթափեց հայդուկներին և վերացրեց ազդեցության այն միակ լծակը, որով թուրքերը հայերին մարդահաշիվ էին համարում, եթե ոչ՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը: Ճիշտ է, դրան անմիջապես հաջորդեցին Ադանայի ջարդերը, բայց կարևորը հեղափոխականությունն է և ոչ թե զոհերի թիվը»,-մասնավորապես նկատել էր հոդվածի հեղինակն ու հետագա տողերում արձանագրել․« Դաշնակները իրենց քաղաքական ձախորդություններն ու անկարողությունը սքողում էին միֆերով, անճարակությունը՝ սրտաճմլիկ հեքիաթներով: Նպատակը մեկն էր, և դա հաջողվեց՝ նրանք իրենց ներկայացնում էին Հայ դատի միակ նախանձախնդիրը, դրանով մնում ջրի երեսին և տնօրինում Սփյուռքի հնարավորությունները:
– Իսկ ովքե՞ր էին, որ հայ եկեղեցին պառակտեցին էջմիածնականի և անթիլիասականի, ովքե՞ր էին Մայր եկեղեցուց թեմեր պոկում, ու՞մ գործունեության շնորհիվ է, որ այդ պառակտումը այսօր էլ դեռ շարունակվում է:
– Կոմունիստների հետ այդ ո՞ր կուսակցությունն էր, որ Համազգային շարժման նկատմամբ հենց սկզբից որդեգրեց, մեղմ ասած, անբարյացակամ դիրք: Տխմարության ի՞նչ լիցքերով պիտի օժտված լինել՝ այդ դիրքը «անկախությանը կողմ ըլլալով անջատումին դեմ կմնանք» կարգախոսով արդարացնելու համար:
– Տասը տարի առաջ միֆերով ու հեքիաթներով այդ ովքե՞ր էին, որ գաղտագողի մտան Հայաստան և ոտքի տեղ բացելով՝ որոշ ժամանակ անց բացահայտվեցին: Եկան ամբարտավան աքլորի տեսքով, արյունից կարմրատակած իրենց կատար-դրոշով, «ամենա-ամենա» լինելու իրենց հավակնոտությամբ, իրենց բանսարկու մամուլով և նողկալի բառապաշարով և ըստ պատկան երկրի մասնատված իրենց «կուսակցական» շահերով:
– Հանուն Ազգային Մեծ Իդեալի ովքե՞ր են, որ իրենց պատմությունը ողողել են հեղափոխական ահաբեկչության արյունով: Ո՞վ ունի ահաբեկչություն կազմակերպելու 100-ամյա փորձ (ասենք, Բաքվի քաղաքապետ Նակաշիձեից սկսած): Ո՞վ սպանեց Արփիար Արփիարյանին, ո՞վ պատարագի ժամանակ սպանեց Եղիշե արքեպիսկոպոսին, ո՞վ մահափորձ կատարեց Վահան Թեքեյանի վրա, ովքե՞ր էին Սփյուռքում կատարվող ահաբեկչության հեղինակները, որոնք չէին խնայում ոչ միայն իրենց գաղափարական հակառակորդներին, այլև իրենց կուսակից և նույնիսկ բյուրոյական ընկերներին: Այդ ինչպե՞ս պատահեց, որ Վ.Սարգսյանին և Կ.Դեմիրճյանին սպանողները այսպես թե այնպես առչնվել են դաշնակցությանը․․․․ – Ո՞վ էր 1992-94թթ. Հայաստանի օրինական իշխանության թիկունքում բանակցություններ վարում Ռուսաստանի հետադիմական թափթփուկների հետ՝ կոնֆեդերատիվ հիմունքներով Հայաստանը այդ երկրին կցելու համար: Պայմանը նույնն էր՝ ստանալ իշխանություն: – Ինչպե՞ս հասկանալ, որ արցախյան բոլոր հայաբնակ շրջաններից միայն այն շրջանը կորսվեց, որին ամբողջովին տնօրինում էր դաշնակցությունը՝ օգտվելով նրա ղեկավարության անփորձությունից և միամտությունից: Էլի նպատակը նույնն էր՝ ռազմաճակատը փուլ տալ, և հհշական իշխանությանը մեղադրելով անկարողության մեջ՝ նվաճել իշխանությունը: Այդ ժամանակ, 1992թ. հունիսին, շահումյանցիները և հայկական մյուս ուժերը միանգամայն ապահովված էին թշնամուն կործանարար հարված հասցնելու կարողություններով և ունեին բարձր մարտական ոգի: Չէ՞ որ այդ օրերին ծրագրված էր Գետաշենի ենթաշրջանի ազատագրումը: – Ովքե՞ր էին պատերազմի ժամանակ կուսակցական հակամարտությունը մտցնում խրամատներ, երգելով դաշնակցական զինվոր եմ, պատերազմի կվազեմ:․․․․ 1998թ. փետրվարին իշխանություն զավթածները, ղեկավարվելով դաշնակցության գաղափարներով ու գործելակերպով, գնում են տրորված, պատմականորեն ձախողված հին ուղիով՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ, էլի՝ «մահ կամ ազատություն»: Հայ դատի «ասպետները» ակնհայտորեն, մինչև նորից երկրից փախչելը, ցանկանում են Ղարաբաղն ու Հայաստանը վերջնականապես դարձնել բարոյական հաղթանակների գերեզմանոց: Սա է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության պատմության quint essencia-ն, սրանք են նրա երեկվա և այսօրվա «հաղթանակները»»։
Ի դեպ, 2018-ի հեղափոխության օրերին ՀՅԴ-ն, որը ՀՀԿ-ի հետ նախքան այդ կոալիցիա էր կազմել, վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին, ապա՝ ապրիլի 25-ին, ազդարարեց կոալիցիան լքելու մասին, հետո էլ կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը ՀՀ վարչապետի պաշտոնում ու մաս կազմեց վերջինիս կառավարությանը։ Ամիսներ անց՝ 2018-ի հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ-ն ՀՀԿ-ի և «Ծառուկյան» խմբակցությունների հետ կողմ քվեարկեց ՀՀԿ-ի նախագծին, որը Փաշինյանը որակել էր «հակահեղափոխական»։ Նույն օրը վարչապետը Բաղրամյան պողոտայում աշխատանքից ազատեց ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներին ու մարզպետներին։ «Ժողովրդային շարժմանը» միացած ՀՅԴ-ն այսպիսով դարձավ ժողովրդականություն չվայելող, բայց հայրենափրկչական ընդդիմություն և այդպիսին է մինչ օրս։
![]()