Ինչու է խաղաղության պայմանագրից դուրս մղվում ապաշրջափակման հարցը, ինչ տեսք կունենա փաստաթուղթը. մանրամասնում է իրավագետը

Հայաստանի արտգործնախարարությունն օգոստոսի 7-ին արձագանքել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հայտարարությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ համաձայնությամբ որոշել են տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում։

Իրավագետ Արտաշես Խալաթյանի գնահատմամբ, որոշումը կարող է խոսել այն մասին, որ դա Հայաստանին կարող է տալ ավելի շատ հնարավորություններ, բայց միևնույն ժամանակ՝ պարունակի մի շարք սպառնալիքներ։

Ըստ նրա՝ սրանով Ադրբեջանը հետաձգում է Սյունիքով անցնող միջանցքային ճանապարհի հարցի քննարկումը, բայց չի վերացնում ադրբեջանական նկրտումները Սյունիքի նկատմամբ։

«Այսինքն՝ սա մոտավորապես հիշեցնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման 20-ամյա ձգձգումը, բայց տվյալ պահին հարցը պահվում է վերահսկողության ներքո, իսկ բուն լուծումը հետաձգվում է։ Ադրբեջանը նմանատիպ սցենարով կարողանում է ռազմավարական առավելության հասնել, քանի որ պահպավում է «Զանգեզուրի միջանցքի»՝ Սյունիքի ճանապարհի միջանցքային տրամաբանության վերաբերյալ Ադրբեջանի ընկալումը, պարզապես դրա իրագործման հարցի քննարկումն է հետաձգվում, որն էլ կարող է ռումբ լինել Հայաստանի համար, որովհետև վստահ չենք կարող լինել նաև Ադրբեջանի՝ Սյունիքի հանդեպ ունեցած նկրտումների դադարեցման վերաբերյալ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Խալաթյանը կարծում է, որ այս պարագայում, հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի աստիճանական լարումը, Հայաստանի համար կարևոր է կանխատեսելիության մինիմալ երաշխիքներ ստանալ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Նա նկատում է՝ այս քայլով Ադրբեջանը հեռացրել է միջանցքային պահանջը, բայց ինչ-որ պահի այն կարող է ակտիվացնել։ Զրուցակցի խոսքով՝ գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ամենևին էլ բարեկամական տրամադրված չէ Հայաստանի նկատմամբ, և կշռում է հակահայկական օրակարգը առաջ մղելու հնարավորությունները:

«Ըստ էության, հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ անհարժեշտ է լինելու առանձին համաձայնագիր կնքել, բանավոր դեպքում հարցը լուծված չի կարելի համարել։ Այդ համաձայնագրում լուծումը կարող է տրվել այնպես, որ լինի ճանապարհ ՀՀ իրավասության ներքո գտնվող, որից օգտվելը հնարավոր կլինի միայն ՀՀ օրենսդրության շրջանակներում։ Կարևոր է ունենալ նաև միջազգային երաշխիքներ։ Գուցե լինեն միջազգային մասնավոր կազմակերպություններ, որոնք կիրականացնեն մաքսային վարչարարություն մեր մաքսային ծառայության հետ միասին։ Այսինքն՝ շփումը Ադրբեջանի քաղաքացիների հետ կլինի չեզոք երկրի ներկայացուցիչների միջոցով։ Ադրբեջանն էլ պետք է գրավոր կերպով ճանաչի Սյունիքի ճանապարհի նկատմամբ ՀՀ ինքնիշխան իրավազորությունը»։

Իսկ թե ինչպիսին կլինի Խաղաղության պայմանագիրը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հոդվածի հեռացումից հետո, Խալաթյանի գնահատմամբ, այդ դեպքում պայմանագիրը հնարավորինս հակիրճ կլինի։

«Անկյունաքարային կարող է լինել տարածքային ամբողջականության ճանաչումը Ալմաթիի հռչակագրի հիման վրա, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Այստեղ կարևոր է նաև այն, որ եթե հետաձգվում է Սյունիքի մասով հարցի լուծումը, ապա իրավիճակը հավասարակշռելու համար Խաղաղության պայմանագրում չպետք է շոշափվի Արցախի հարցը, որովհետև դա առանձին հարց է, ու կարևորվում է Արցախի հայության հարցը, որով հավասարակշռելու ենք իրավիճակը Սյունիքի մասով Ադրբեջանի հնարավոր նկրտումների վերաբերյալ, իսկ Արցախի հարցը կպահենք միջազգային օրակարգում»,-նշում է Խալաթյանը։

Նա ընդգծում է՝ կարևոր է, թե այս հարցի հեռացումից ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում․ արդյո՞ք Հայաստանը կունենա աշխարհաքաղաքական ինստիտուցիոնալ փոփոխություն, որքա՞ն հմուտ ու արդյունավետ դաշնակիցներ ձեռք կբերի ու ամուր երաշխիքներ կստանա ՀՀ անվտանգության համար։ Իրավագետը շեշտում է, որ պետք է դասեր քաղել անցյալից ու Ադրբեջանի հետ չգնալ բանավոր պայմանավորվածությունների, որոնք հեղհեղուկ են լինելու։

Այնուամենայնիվ, մինչև տարեվերջ, ըստ Խալաթյանի, հայ-ադրբեջանական հարաբերություններում կայուն իրավիճակ կլինի, բայց անկանխատեսելի հնարավորություններով զարգացումներ ևս սպասվում են․

«Եթե Թրամփն ընտրվի ԱՄՆ նախագահ, Ռուսաստանը հաջողի ուկրաինական ճակատում, Հայաստանի համար ոչ բարենպաստ դեպքեր տեղի ունենան, օրինակ, Իրանի թուլացում, կունենանք գերագրեսիվ Ադրբեջան։ Այստեղ էլ կարևորվում է Հայաստան-Արևմուտք հարաբերությունների սերտացումը, Թուրքիայի գործոնով հավասարակշռումը։ Ադրբեջանի համար կարևոր կլինի Հայաստանի մասով վերջնական որոշում կայացնել, երբ պարզ կլինի, թե ով է Սպիտակ տան տիրակալը, հետևաբար, բոլոր հարցերի կարգավորումը կլինի ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո»։

Իրավագետը մինչև նոյեմբեր չի կանխատեսում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ