![]()
Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Թեման արդիական է մնում միջազգային մամուլի էջերում և օրակարգային՝ տարածաշրջանի երկրների համար:
«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի բնորոշմամբ՝ լարվածությունը Մերձավոր Արևելքում ձևավորվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին՝ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, երբ ՀԱՄԱՍ-ը արյունալի հարձակում սկսեց Իսրայելի դեմ:
«Բացարձակապես ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքում որևէ մեկը շահագրգռված չէ էսկալացիայի մեջ, շահագրգիռ կողմերը դրսում են՝ տարածաշրջանից դուրս, և դա, իհարկե, առաջին հերթին Ռուսաստանն է, որովհետև դրանով իսկ, այո՛, լղոզվում է Ուկրաինայի վրա ՌԴ հարձակման թեման, այո՛, դրանով հարվածի տակ է դրվում Արևմուտքի և Հարավի համերաշխությունը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցում, իսկ մենք գիտենք, որ Ջիդայում այդ պայմանավորվածությունը արդեն իսկ կայացել էր մինչև հոկտեմբերի 7-ը, և այո՛, ՌԴ-ն փորձում է դիրքավորվել և հենց հիմա փորձում է Մերձավոր Արևելքում և՛ Իրանի, և՛ Իսրայելի մասնակցությամբ առավելագույնս լայնամասշտաբ բախում հրահրել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը:
Մեկնաբանելով Reuters-ի՝ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված, չճշտված այն տեղեկությունը, թե Վլադիմիր Պուտինն Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդին Շոյգուի միջոցով խնդրել է զուսպ արձագանքել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը և զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակիչների վրա հարձակումներից, Մեհրաբյանն ասում է, որ դա ընդամենը ծխածածկույթ է և պարզապես պրոպագանդա.
«ՌԴ-ն իրականում այդ բախման շահառուն է, ինչպես այն տեռորիստական խմբերը, որոնք գործում են Մերձավոր Արևելքում: ՌԴ-ին ձեռք է տալիս, որ այդ խմբերը կապվեն Իրանի հետ և վերջինս շարունակի մնալ մարգինալացված, որովհետև Իրանը իր նավթագազային հարստություններով ուղղակի ՌԴ կոնկուրենտն է, և հաշվի առնելով Իրանի ներկայիս խոցելի վիճակը, ռուսները փորձում են Իրանից համաձայնություն պոկել և դեպի Իրանի նավահանգիստներ Ռուսաստանի մուտքն ապահովել, ՌԴ-ն հիմա դա է ուզում: Նայե՛ք Շոյգուի պատվիրակության կազմը՝ բոլորը տրանսպորտային ենթակառուցվածքային պատասխանատուներ են, արտգործնախարարության որոշ ներկայացուցիչներ և այո՛, նրանք փորձում են դա անել Ադրբեջանի միջոցով, Շոյգուի այցը Բաքու նաև դրանով էր պայմանավորված»:
Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ ներկայիս իրավիճակը Մերձավոր Արևելքում պայթյունավտանգ է և ռիսկը՝ վերածվելու լայնամասշտաբ պատերազմի, շատ մեծ է:
Մեկնաբանելով մեկ այլ ոչ պաշտոնական տեղեկատվություն, ըստ որի՝ Իրանը ՌԴ-ից խնդրել է հակաօդային պաշտպանության միջոցներ, և հարցին՝ թե ՌԴ-ն պատրա՞ստ է Իրանին զինել, քաղաքագետը պատասխանում է, որ ՌԴ-ն շատ կուզենար դա անել և կանի այնքան, որքան հնարավոր է. «Բայց պետք է հասկանալ, որ ՌԴ-ի հնարավորությունները էապես սահմանափակվել են և դրա վկայությունն է Կուրսկի մարզում տիրող «բառդակը», որը տեսնում ենք լրահոսում»:
Անդրադառնալով ոչ պակաս կարևոր հարցին, թե ինչպե՞ս կարող է իսրայելա-իրանական հակամարտությունը ազդել մեր տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի վրա, և արդյո՞ք կարող է Ադրբեջանը օգտվել «խառը» իրավիճակից և նոր գործողություններ սկսել մեր դեմ, Մեհրաբյանը նկատում է, որ այդ հետևանքները տարածաշրջանի և Հայաստանի համար կախված են նրանից, թե որքանով թույլ կտրվի Ադրբեջանին Մերձավոր Արևելքում հնարավոր բախումն օգտագործել որպես հնարավորություն իր ծավալապաշտական նկրտումների համար:
«Հայաստանը բոլոր դեպքերում ունի ընդամենը երեք անելիք՝ զինվել, ռուսներին այստեղից վռնդել, և ռազմավարական մակարդակի հասցնել հարաբերությունները Արևմուտքի հետ:
Դա էապես մեծացնում է մեր շանսերը, էապես զսպում Ադրբեջանի ախորժակը և բարձրացնում քաղաքական գինը ՀՀ-ի դեմ ագրեսիայի դեպքում»,- եզրափակեց Մեհրաբյանը:
![]()