Ինչու Ալիևը չմասնակցեց Իրանի նախագահի երդմնակալությանը և ինչպես դա կազդի հարաբերությունների վրա. պարզաբանում է իրանագետը

Այն, որ Իրանի նախագահի՝ օրերս կայացած երդմնակալության արարողությանը ներկա չէր Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը, չի կարող ինչ-որ կերպ ազդել Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը՝ հիշեցնելով, որ ադրբեջանական կողմից միջոցառմանը մասնակցել է վարչապետ Ալի Ասադովը, ինչը ևս ընդունված պրակտիկա է և նորմալ:

Խոսելով Ադրբեջանի, Թուրքիայի և տարատեսակ այլ շրջանակների կողմից շրջանառվող այն թեզի մասին, թե Իրանի նորընտիր նախագահն ունի թուրքական ծագում, հետևաբար՝ պրոադրբեջանական քաղաքականություն է վարելու, իրանագետը նկատում է՝ Ադրբեջանում Իրանի հյուսիս-արևմուտքի թուրքախոսներին անվանում են ադրբեջանցի և փորձում նույնացնել իրենց հետ, այդ կերպ հավակնություններ ներկայացնում Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

«Իրանի այդ թուրքախոսներով բնակեցված տարածքներն իրենք համարում են Հարավային Ադրբեջան: Այդ քարոզչության տրամաբանության շրջանակներում լիովին նորմալ է, որ Փեզեշքիանին էլ են ներկայացնում որպես իրենցից մեկը կամ տարածում տեսանյութեր, որտեղ նա թուրքերենով է խոսում: Այո, Փեզեշքիանը բավականին հաճախ է խոսում Ատրպատականի թուրքերենով, և դա, բնականաբար, կարող է օգտագործվել թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի, և թե՛ բոլոր պանթյուրքիստական շրջանակների կողմից: Բայց մենք պետք է ֆիքսենք, որ ամեն դեպքում, նա Իրանի քաղաքացի է և պետք է առաջնորդվի Իրանի շահով, որովհետև համակարգը դա է թելադրում»,- նշեց բանախոսը:

Ժաննա Վարդանյանը վերահաստատում է՝ Փեզեշքիանի հայրը թուրքական ծագում ունի, մայրը քրդուհի է, բայց նրան համեմատել կամ նույնացնել Ադրբեջանի հանրապետության կամ ադրբեջանցու հետ, սխալ է, քանի որ նա իրանցի է:

«Իրանում նախագահի ինստիտուտը գոյություն ունեցող ամենաբարձր ինստիտուտը չէ, և միայն նախագահն ու իր ինստիտուտը չեն որոշում արտաքին քաղաքականությունը, դա համակարգն է որոշում: Հետևաբար, անկախ նրանից, թե ով է Իրանում նախագահը, այդ երկիրը առաջնորդվում է այն արտաքին քաղաքականությամբ, որը սահմանել է համակարգը ու այս առումով առանձնակի մեծ փոփոխություններ չպետք է ակնկալել թե՛ Իրան-Ադրբեջան, թե՛ առհասարակ մյուս երկրների հետ հարաբերություններում»,- նշում է իրանագետը:

Ըստ Վարդանյանի՝ Իրան-Ադրբեջան հարաբերություններում ձևավորված լարվածությունը կարծես թուլացել է, դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը վերսկսել է գործունեությունը:

«Դեսպանատան բացումը նշանակում է, որ լարվածությունը թուլացել է, իսկ ինչ վերաբերում է «սառույցի» հալվելուն կամ թշնամանքին, ապա Իրան-Ադրբեջան հարաբերություններում կան խնդիրներ, որոնք շատ խորքային են և ժամանակ առ ժամանակ ջրի երես են դուրս գալիս և հանգեցնում հարաբերություններում լարված շրջափուլերի: Խոսքը ոչ միայն 2020 թվականի արցախյան պատերազմից հետո առաջացած լարվածության մասին է, այլ նաև դրանից շատ ավելի վաղ՝ 2000-ականների, 2010-ականների մասին, հետևաբար, այս երկրների հարաբերությունները խորքային առումով են խնդրահարույց և միշտ ելևէջներով են դրսևորվում՝ ինչ-որ շրջափուլում լարված են, ինչ-որ շրջափուլում՝ հանդարտ: Այն, որ այս պահին լարվածությունը նվազել է՝ չի նշանակում, որ հետագայում այդ լարվածությունը չի ուժգնանալու»:

Միաժամանակ, իրանագետը հիշեցնում է, որ Փեզեշքիանի կառավարությունն արդեն հայտարարել է՝ հարևանների հետ հարաբերությունների զարգացումը Իրանի համար լինելու է առաջնահերթություն:

«Պետք չէ ակնկալել, որ ինչ-որ խնդիրների պատճառով Իրանը Ադրբեջանի հետ ունեցած օրակարգը կարող է մի կողմ դնել կամ մոռանալ, քանի որ Իրանի շահերից է բխում հարևանների հետ ունենալ լավ հարաբերություններ՝ հաշվի առնելով, թե որքան լարված է Իրանի շուրջ միջազգային իրադրությունը»,- ասում է Վարդանյանը:

Խոսելով հայ-իրանական հարաբերությունների հնարավոր սցենարների, և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին, իրանագետը փաստում է՝ քանիցս պարզ է դարձել, որ Իրանի դիրքորոշումը չի փոխվել վերջին 4 տարիների ընթացքում:

«Ամենաթարմ հայտարարությունները եղել են ընդամենը օրեր առաջ Իրանի հոգևոր Առաջնորդ Ալի Խամենեի շուրթերով, որը ևս մեկ անգամ հաստատեց, որ Իրանը հաստատակամ է իր այդ դիրքորոշման մեջ: Ընդ որում, նախագահ Փեզեշքիանն էլ է հայտարարել, որ Իրանի կարմիր գծերը շարունակում են նույնը մնալ, հետևաբար, այս ուղղությամբ ոչ թուլացման, ոչ էլ փոփոխության միտումներ չկան»,-եզրափակեց իրանագետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ