![]()
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ինքնուրույն գործընթաց չէ և թելադրված է աշխարհաքաղաքական ընդհանուր տենդենցներով։
Այս մասին կարծիք է հայտնում իրավագետ Արտաշես Խալաթյանը՝ անդրադառնալով ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հնչեցրած մտքին, թե Մարգարայի անցակետը գործարկելու և սպասարկելու համար քաղաքական որոշում է անհրաժեշտ:
Ըստ իրավագետի՝ Թուրքիան Հայաստանի հետ սահմանի բացմանը կգնա արտաքին ճնշման դեպքում:
«Պետք է հիշել, թե Թուրքիայի քաղաքականությունը որն է․ օգտագործել հայ-թուրքական հարաբերությունները որպես խաղաքարտ Արևմուտքի և Ռուսաստանի հետ առևտրում։ Թուրքիայի համար, հատկապես արցախյան հակամարտության չեզոքացումից հետո, հարցն իր արդիականությունը արդեն իսկ կորցրել է։ Այսինքն՝ Թուրքիայի տնտեսության համար կարևորություն չկա Հայաստանի հետ սահմանի բացման և ապրանքաշրջանառություն սկսկելու մեջ։ Հակառակը՝ սահմանի բացումը կարևոր է Հայաստանի համար, և թուրքական կողմը դա գիտակցում է։ Թուրքիայի համար, սակայն կարևոր է Հայաստանին մեկուսացնելը և թույլ վիճակում պահելը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Խալաթյանը:
Ըստ նրա՝ պատահական չէ այն հանգամանքը, որ Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանի բացումը պայմանավորում է նաև Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացով: Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, թե կարող են բացել Հայաստանի հետ սահմանը, եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն:
«Այստեղ մեծ է Ալիևի դերակատարումը, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը շահագրռգվածություն ունի Հայաստանից ավելի շատ բան խլելու հնարավորություն ստեղծել, որպեսզի հետաձգեն հարաբերությունների կարգավորման ընթացքը»,-նշում է Խալաթյանը։
Այսինքն՝ ըստ նրա, ընդհանուր առմամբ սահմանի և Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման գնալը չի արվելու տարածաշրջանի պետությունների կամքով։ Մասնավորապես, ԱՄՆ-ի համար է կարևոր, որ հայկական գործոնը տարածաշրջանում ամրապնդվի, և միջին միջանցք ձևավորվի, որը թույլ կտա Կենտրոնական Ասիայով շրջանցել Ռուսաստանը Հայաստանի տարածքով և ապրանքներ հասցնել դեպի Եվրոպա, իսկ եթե Ադրբեջանը շարունակի մնալ Ռուսաստանի հետ նույն գծում, ապա, ըստ զրուցակցի, այդ ճանապարհը կարող է անցնել Իրանով։
«Արևմուտքի համար Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարևոր նշանակություն ունեն։ Ուստի, այս հարցում կարևորվում է, թե որքանով ԱՄՆ-ը կճնշի Թուրքիային։ Վերջինս տնտեսական վատ դրության պայմաններում է, և ֆինանսական առումով կախման մեջ է Արևմուտքից։ Բայց Ռուսաստանի համար է, որ ձեռնտու չէ հայ-թուրքական սահմանի բացումը, որով Հայաստանը ձեռք կբերի նոր տնտեսական կարգավիճակ։
Հնարավոր է՝ ՌԴ-ն էլ իր հերթին ճնշումներ գործադրի Թուրքիայի նկատմամբ, քանի որ երկուստեք այսօր շահավետ համագործակցություն ունեն՝ ՌԴ-ն Թուրքիային տրամադրում է ատոմային տեխնոլոգիաներ, Թուրքիան՝ ապրանքների մատակարարման սև շուկա է հանդիսանում Ռուսաստանի համար, և այս իմաստով կողմերը փորձելու են չնեղացնել միմյանց»,- մանրամասնում է Խալաթյանը։
Իրավագետը կարծում է, որ մինչև ԱՄՆ նախագահական նոր ընտրությունները երկու գործընթացներում էլ՝ թե՛ հայ-ադրբեջանական, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով, առաջընթաց չի գրանցվի։
Ըստ փորձագետի՝ որոշակի ֆորմալ արարողակարգային հանդիպումներ, հայտարարություններ կլինեն, Թուրքիան կփորձի Արևմուտքին ցույց տալ, թե ջանքեր են գործադրվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար։
«Ինչո՞ւ մինչև նախագահական ընտրությունները առաջընթաց չի լինի, որովհետև ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներն էլ աշխարհաքաղաքական զարգացումների մասով տարբեր մոտեցումներ ունեն»,- պարզաբանեց Խալաթյանը։
Ի վերջո՝ անկախ նրանից՝ սահմանը մոտ ապագայում կգործարկվի, թե՝ ոչ, Արտաշես Խալաթյանը կարևորում է այն հանգամանքը, որ Մարգարայի անցակետն այժմ տեխնիկապես լավ վիճակում է գտնվում։ Նրա խոսքով՝ ռազմավարական առումով այդ սահմանը մի օր բացվելու է, բայց դա լինելու է ոչ թե Թուրքիայի որոշմամբ, այլ արտաքին ճնշման արդյունքում։
![]()