Տորք Անգեղի արձանի հարակից տարածքը կվերածվի մեծ ու գեղեցիկ զբոսայգու․ շինաշխատանքները կավարտվեն մոտ 2 տարի հետո

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տորք Անգեղի արձանի հարակից տարածքը շուտով կվերածվի մեծ և գեղեցիկ զբոսայգու։

Կատարվող աշխատանքներին այսօր հետևում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։

Լրագրողների հետ զրույցում վարչական շրջանի ղեկավարն ասաց, որ առաջին փուլով կատարվել են հողային աշխատանքներ, անձրևների պատճառով որոշակի դադարից հետո, արդեն սկսվել է աշխատանքների երկրորդ փուլը, այս պահին կատարվում են գեոդեզիական աշխատանքներ, որից հետո կշարունակեն հիմնական աշխատանքը։

«Առաջին փուլում շեշտեմ նաև, որ քանդվել են 40-ից ավել զավթված տարածքներ, որոնք մարդիկ ուղղակի զավթել էին տարիների ընթացքում։ Եվ եթե այդ տարածքները չբացազատվեին, հնարավորություն չէր լինելու ստանալ այս այգին։ Վերջնական արդյունքում ստանալու ենք մոտ 6 հեկտար այգի, որի ճեմուղին լինելու է մոտ 2,8 հեկտար տարածքով,մեկ կիլոմետր երկարությամբ, փոքրիկ սրճարանով, ամֆիթատրոնով, հեծանվուղով»,-ասավ Տիգրան Տեր-Մարգարյանը։

Խոսելով նաև տարածքի հետ կապված քննադատությունների մասին, թե տարածքը չի բարեկարգվում կամ աշխատանքները արագ չեն կատարվում, Տիգրան Տեր-Մարգարյանն ասաց, որ աշխատանքները կատարվում են հնարավորինս արագ և ինտենսիվ, բացի դա տարածքում կա սեփականաշնորհված տարածք, որի սեփականատիրոջ միջոցներով է սարքվում այգու մի հատվածը և ինքը, որպես վարչական շրջանի ղեկավար, շահագրգռված է, որ մեկ օր շուտ այդ աշխատանքներն ավարտվեն։

«Այգու բյուջեն մոտավորապես մեկ միլիարդ 60 միլիոնի կարգի է, որից 250 միլիոնը տրամադրել է Երևան համայնքը, այսինքն՝ հողային աշխատանքների առաջին փուլը կատարվել է Երևան համայնքի միջոցներով, իսկ հաջորդ երկրորդ փուլը, մոտ 750 միլիոն դրամ, սեփականատերերի միջոցներով է կատարվելու։

Սեփականատերերը տարածքում ունեն սեփական հող, որում կան նրանց կողմից սարքվող շենքերը և շենքերի հետ մեկտեղ նրանք՝ լինելով Նոր նորքեցիներ, ժամանակին այստեղ անցկացրել են իրենց առօրյան, և որոշել են, որ Նոր Նորքին և Երևան համայնքին նվիրեն այս գեղեցիկ այգին»,-ասաց Տիգրան Տեր-Մարգարյանը։

«Առաննաշին» ընկերության տնօրեն Գարիկ Համբարձումյանն էլ ասաց հետևյալը․ «Առաջին փուլի ավարտից հետո, մենք քաղաքապետարանում առաջարկով հանդես եկանք, որ մենք հնարավարություն ունենք մեր քաղաքի այս հրաշալի հատվածի շինարությունը շարունակել մեր միջոցներով և դա կատարում ենք։ Քանի որ հողային աշխատանքները մինչև առաջին փուլի սկսվելը մենք ենք կատարել»։

Նշենք, որ զբոսայգու տարածքը տասնյակ տարիներ չի բարեկարգվել, բայց ինչպես վստահեցնում է վարչական շրջանի ղեկավարը այգու վերանորոգումից և բարեկարգումից հետո բոլորը կհամոզվեն, որ Երևանն ունենալու է ամենագեղեցիկ այգին Նոր Նորք վարչական շրջանում։

Վերջինս տեղեկացրեց, որ նախատեսված է շինարարական աշխատանքներն ավարտել 22-24 ամիս հետո։

Հարցին, թե այս գործընթացում կա՞ն անհաղթաահարելի խոչընդոտներ, Տիգրան Տեր-Մարգարյանն ասաց, որ աշխատանքների սկզբում կային մի քանի հոգի, որոնք այդ տարածքում զավթել էին տարածքներ, որոնց հետ անմիջական շփումից հետո խնդիրը վերացել է և կարծում է, որ նմանատիպ խնդիրներ այլևս չեն ունենա։

«Առաննաշին» ընկերության տնօրեն Գարիկ Համբարձումյանն էլ նշեց, որ տարածքի բնակիչները ի վերջո հասկացան, որ այն ինչ այստեղ կառուցելու են, դրանից օգտվելու են թե՛ իրենք, թե՛ իրենց երեխաները։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ այս աշխատանքների իրականացման ընթացքում, թե՛ վարչական շրջանի ղեկավարությունը, թե՛ քաղաքային իշխանությունը ցանկացած հարցով կանգնած են իրենց կողքին։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ