![]()
Հայաստանում կանանց մոտ հանդիպող չարորակ նորագոյացությունների շարքում արգանդի պարանոցի քաղցկեղը տարածվածությամբ գտնվում է երկրորդ տեղում, առաջին տեղում կրծքագեղձի քաղցկեղն է։
ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ արգանդի պարանոցի քաղցկեղը գրանցվում է հիմնականում 15-44 տարեկան կանանց շրջանում։ Համեմատած հետսովետական մյուս երկրների՝ մեզ մոտ այս հիվանդության վիճակագրությունն ավելի տխուր պատկեր ունի․ կանանց շրջանում հայտնաբերվող դեպքերի 70 տոկոսը վերաբերում է քաղցկեղի 3-4-րդ փուլերին։
Ուռուցքաբանության գծով առողջապահության նախարարի խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ 2023 թվականին արգանդի պարանոցի քաղցկեղի 265 դեպք է հայտնաբերվել, հիվանդության առաջին փուլերում ախտորոշումը կազմել է դեպքերի 32 տոկոսը։ Չնայած սահմանված տարիքային շեմին, հիվանդությունը մեր երկրում հանդիպում է հիմնականում մեծահասկաների մոտ, դեռահասների վարակվածության դեպքեր չեն գրանցվում։
«Հիմնականում գինեկոլոգի մոտ գնալու մշակույթի բացակայությունն է խնդիրը․ Հայաստանում կանայք այլևս երեխա չպլանավորելուց հետո չեն հաճախում մասնագետի։ Իսկ հիվանդության առաջացման պատճառներից են անկանոն սեռական կյանքը, չպաշտպանված հարաբերությունները։ Այսինքն՝ շատ հաճախ տղամարդիկ, որոնք ունենում են չպաշտպանված հարաբերություն, վարակվում են պապիլոմա վիրուսի տեսակով, հետո վարակում են իրենց կանանց, որոնք էլ չեն այցելում գինեկոլոգի»,- ասում է մասնագետը:
Ըստ նրա՝ այդ տեսակ քաղցկեղը կնոջ մոտ առաջանում է հենց պապիլոմա վիրուսի 16 և 18 ենթատիպերի պատճառով։ Վիրուսը 10-15 տարի մնում է կնոջ օրգանիզմում, դրանից հետո՝ վերածվում քաղցկեղի։
Այսինքն՝ այնպես չէ, որ վարակվելուց հետո միանգամից ախտորոշվում է չարորակ հիվանդությունը:
«Եթե կինը պարբերաբար բուժզննումների է գնում գինեկոլոգի մոտ, ապա դա կհամարվի լիարժեք զննում այն դեպքում, երբ առաջին անհրաժեշտ հետազոտությունների հետ մեկտեղ կնոջից վերցվի նաև պապիլոմա վիրուսի հայտնաբերման կամ «ՊԱՊ» թեստը։ Հետազոտությունները անհրաժեշտ են, քանի որ կօգնեն հայտնաբերել նաև նախաքաղցկեղային վիճակը կնոջ մոտ՝ էռոզիա, այլ բորբոքումներ»,- ասում է մասնագետը։
Նրա խոսքով՝ թեստերը հանձնելուց հետո, եթե պապիլոման հաստատվում է, համապատասխան բուժում է նշանակվում, բայց կինը հետո 3-5 անգամ ևս պետք է գնա և անցնի անհրաժեշտ բուժզննումները, որովհետև վարակելիությունը հնարավոր է կրկնվի։
Ուռուցքաբանության գծով առողջապահության նախարարի խորհրդատուն նաև մանրամասնում է հիվանդության ախտանշանները․ «Դաշտանային ցիկլի թույլ արյունահոսություն կամ արյունարտադրություն, դաշտանային արյունահոսություն, որն ավելի առատ և երկար է տևում։ Ամենաշատ գանգատը արյունային արտադրությունն է սեռական հարաբերությունից կամ լվացվելուց հետո, ցավը սեռական հարաբերության ժամանակ, առատ հեշտոցային արտադրությունը, որը նորմալ արտադրությունից զատ, ունի գունային տարբերություն։ Բոլոր գանգատների ժամանակ կինը պետք է մտածի, որ ինքը խնդիր ունի և պետք է գնա գինեկոլոգի մոտ»։
Գինեկոլոգը կնոջից վերցնում է անհրաժեշտ թեստերը, եթե կա կասկած կամ հիվանդությունը հաստատվում է, կատարվում է հեշտոցի ներզննում, մանրամասնում է մասնագետը։ Դրանից հետո վերցվում է բիոպսիա, որի պատասխանից էլ պարզ է դառնում՝ կնոջ մոտ հիվանդությունն արդեն վերածվե՞լ է քացկեղի, թե՞ սկզբնական փուլում է:
«Եթե դեռ նոր է զարգանում պապիլոման, ապա գինեկոլոգը ստուգումներից հետո պացիենտին ուղարկում է ուռուցքաբանի մոտ, որտեղ էլ պետք է տրվի համապատասխան բուժումը կա՛մ վիրահատության, կա՛մ ճառագայթային պրոցեդուրաների միջոցով։ Այսինքն՝ բուժումն արդեն բժիշկն է որոշում՝ կախված, թե որ փուլում է հայտնաբերվել այն»։
Ուռուցքաբանության գծով առողջապահության նախարարի խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը նկատում է՝ հիվանդությունից պաշտպանվելու համար կարևոր է, որ 15 տարեկանից սկսած աղջիկները պատվաստվեն մարդու պապիլոմա վիրուսի դեմ։
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման բաժնի մանկաբույժ Պիրիջիդա Սիմոնյանն էլ մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ Հայաստանում 2017 թվականից իրականացվում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը։ Այն երկու դեղաչափով է, առաջին դեղաչափից վեց ամիս անց կատարվում է երկրորդը։ Նրա խոսքով՝ Հայաստանում սքրինինգային ծրագրերը՝ արգանդի վզիկի պարանոցի քաղցկեղի հետ կապված, սկսվել են 2015 թվականից և հասանելի են բոլոր պոլիկլինիկական ծառայություններին:
«Իմունիզացիայի ծրագրով պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը երկրորդ ամենատարածված պայքարի միջոցն է քաղցկեղի դեմ: Տղամարդկանց դեպքում պապիլոմա վիրուսը կարող է առաջացնել կոկորդի, թոքի կամ այլ քաղցկեղ: Ճիշտ է, դեռ այն մակարդակի չենք հասել, որ կարողանանք դրանցով իմունային համակարգ ձևավորել, և վիրուսի նվազում ունենանք, բայց պատվաստանյութերը հասանելի են»,- նշեց մասնագետը։
Վերջինիս փոխանցմամբ՝ Հայաստանում կանանց վակցինացիայի այս պատվաստանյութերը դեռևս լայն տարածում չունեն, բայց ցանկալի է այն տարածել, որովհետև ապացուցված է, որ պատվաստանյութը 90 տոկոսով կարողանում է կանխարգելել քաղցկեղը: Անկախ սեռից՝ 15-44 տարեկան ցանկացած անձ ևս կարող է դիմել իր տեղամասային պոլիկլինիկա և ստանալ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստում:
![]()