![]()
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի բնորոշմամբ՝ Հայաստան-Թուրքիա սահմանին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հանդիպումը շատ կարևոր է, և վկայում է, որ կարգավորման գործընթացը շարունակվում է:
«Դրական եմ համարում այն հանգամանքը, որ հանդիպումը տեղի է ունեցել հենց սահմանի վրա, հաջորդաբար՝ Հայաստանի և Թուրքիայի տարածքներում. այսինքն՝ սա ընդհանուր մթնոլորտ է ստեղծում, որ դրական հունով են գնում զարգացումները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց թուրքագետը:
Վերջինս նկատում է՝ իր ուշադրությունը գրավել է այն փաստը, որ թուրքական անանուն աղբյուրը Reuters-ին հայտնել է՝ քննարկվելու են կոնկրետ միջոցառումներ՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, որտեղ բանալի բառերը, ըստ թուրքագետի, «կոնկրետ միջոցառումներն են»:
«Կարծում եմ՝ կոնկրետ միջոցառումներ ասելով, թուրքական կողմը բացարձակ նկատի չունի հայ-թուրքական սահմանի վերջնական բացումը կամ հարաբերությունների վերջնական կարգավորումը, որովհետև, ինչպես Էրդողանն է հայտարարել, մինչև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր չստորագրվի, Թուրքիան որոշակի քայլեր չի ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով: Խոսքը գնում է այն քայլերի մասին, որոնց շուրջ կողմերը պայմանավորվել են, մասնավորապես՝ 3-րդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը: Որոշումը, որն արդեն 2 տարի է՝ ամրագրվել է, հիմա կարող է իրականություն դառնալ այս հանդիպման արդյունքում, հակառակն էլ է հնարավոր»,-նշում է բանախոսը:
Թուրքագետը վերահաստատում է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում Թուրքիայի համար առաջնայինը հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումն է: Թուրքիայի համար կարևոր է, որ թղթին հանձնվի՝ պաշտոնական տեսք ստանա այն իրողությունը, որ ստեղծվել է տարածաշրջանում վերջին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո:
«Ինչո՞ւ է Թուրքիայի համար սա կարևոր. Արցախյան վերջին պատերազմից հետո ՌԴ-ն կորցրել է մենաշնորհը տարածաշրջանում, Թուրքիան իր դիրքերն ուժեղացրել է՝ ի հաշիվ ՌԴ-ի: Թուրքիայի համար կարևոր է, որ ինքն ունենա այդ ամենի իրավական հիմնավորումը, որն էլ հենց կլինի հայ-ադրբեջանական պայմանագիրը»,- ասում է Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքագետը միաժամանակ նշում է, որ Թուրքիայի համար կարևոր է իր դիրքի ուժեղացումը՝ հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրումը այն դեպքում, երբ Ադրբեջանի համար կարևորը Հայաստանից զիջումներ պոկելն է, դրա համար էլ տեսանելի է երկու մոտեցումների տարբերություն.
«Այն որ Ադրբեջանը հայտարարում է, որ 80-90 տոկոսով պատրաստ է պայամանգիրը ստորագրելուն, խոսում է այն մասին, որ Հայաստանից չի ստացել այն ամենը, ինչ ցանկանում է: Մյուս կողմից՝ Ադրբեջանը պետք է ընկալել որպես Թուրքիայի ձեռքում գործիք՝ իր տարածաշրջանային ամբիցիաները իրականացնելու համար: Մեծ եղբոր դերում հանդես եկողը, իհարկե, Թուրքիան է, Ադրբեջանը ինչ-որ շատ փոքր հնարավորություններ ունի Թուրքիայի վրա ազդելու առումով»:
Խոսելով հայ-թուրքական կարգավորման հարցում Արևմուտքի՝ մասնավորապես ԱՄՆ-ի դերակատրաման մասին, Սաֆրաստյանն ընդգծում է, որ Հայաստանի գոյության առաջին օրվանից ԱՄՆ-ը հանդես է եկել հայ-թուրքական կարգավորման օգտին:
«Հիմա դրան ավելացել է մի նոր երևույթ, այսպես կոչված, Պեկին-Լոնդոն կոմունիկացիան՝ միջանցք, որի էությունն այն է, որ Չինաստանը Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի, Հարավային Կովկասի և Թուրքիայի միջոցով ցամաքային ճանապարհով կապվի Եվրոպայի հետ, իսկ դա շատ կարևոր է Չինաստանի և Եվրոպայի համար, քանի որ առևտրի շրջանառությունը այդ երկու կենտրոնների միջև հասել է ավելի քան 800 միլիարդ դոլարի:
Ինչո՞ւ են ամերիկացիները շահագրգռված, որ այդ ցամաքային կոմունիկացիան անցնի Հարավային Կովկասով, որովհետև դրա երկու այլընտրանքներն անցնում են ՌԴ-ով ու Իրանով, ինչը, բնականաբար ԱՄՆ-ի համար ցանկալի չէ, դրա համար ձգտում են, որ այդ կոմունիկացիան անցնի Հարավային Կովկասով, իսկ դա նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն»,- մանրամասնում է թուրքագետը:
Հարցին, թե ի՞նչ գին կարող է ՀՀ-ի համար ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու անցակետի բացումը, Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց.
«Թուրքիան տասնամյակներ շարունակ ՀՀ-ի առաջ դրել է տարբեր նախապայմաններ, որոնք այժմ հայ-ադրբեջանական պայմանագրի տեսքով են: Երկրորդ խնդիրը, որ հիմա Թուրքիայի համար կարևոր է ՀՀ-ի հետ հարաբերություններում, դա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի խնդիրն է, որովհետև այդ Պեկինից-Լոնդոն պրոեկտը համամոլորակային նշանակություն ունի և Թուրքիան շահագրգռված է, որ դա սկսի գործել: Թուրքիայի համար, սակայն, կարևոր է, որ ինքը հնարավորինս միջանցքային տրամաբանության շրջանակում կարողանա «Զանգեզուրի միջանցք»-ն իրականանանալի դարձնել, այսինքն՝ հասնի նրան, որ ՀՀ-ն հրաժարվի իր տարածքով անցնող երկաթգծի իրավունքներից, սա Թուրքիայի և Ադրբեջանի երազանքն է, բայց Հայաստանը երբեք չպետք է դրան համաձայնվի:
Կոմունիկացիան, իհարկե, պետք է գործի, դա մեզ միայն օգուտ կբերի, բայց դա պետք է տեղի ունենա ՀՀ ինքիշխան տարածքի վրա և մենք պետք է որոշենք այն ռեժիմը, որ կա սահմանի վրա»:
Սաֆրաստյանի համոզմամբ՝ Հայաստանն այս պահին իր ձեռքում ունի մի կարևոր դարպասի՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի բանալի, և ինքը պետք է որոշի՝ դուռն ինչպես բացել, բացել, թե չբացել, շատ բացել, թե՝ քիչ:
«Այնպես որ, Հայաստանը պետք է երբեք չհրաժարվի իր ինքիշխան տարածքից»,- ասում է թուրքագետն ու հավելում, որ հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու դեպքում նոր իրավիճակ կստեղծվի, իսկ տնտեսական առումով՝ մեզ համար շատ դական կարող է լինել:
![]()