![]()
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը կարծում է, որ Հնդկաստանից զենք ձեռք բերելը չափազանց կարևոր է երկու առումով:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով հնդկական IADN լրատվականի հրապարակմանը, ըստ որի՝ Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը։ (Լրատվամիջոցը հղում է կատարել երկրի Ֆինանսների նախարարության կողմից խորհրդարանին ներկայացված զեկույցին):
«Առաջինը՝ ակնհայտ է, որ 2020 թվականի պարտությունից հետո Հայաստանը շատ լուրջ խնդիր ուներ ռազմական տեխնիկայի առումով, զենք-զինամթերքի ձեռքբերման և իր պաշարները վերականգնելու հարցում: Երկրորդը՝ սա Ռուսաստանից ՀՀ-ի կախվածության նվազեցումն է: Եթե նախկինում Հայաստանը իր ռազմական գնումների 90 տոկոսից ավելին կատարում էր ՌԴ-ից, ապա այժմ այդ ցուցանիշը իջել է, եթե չեմ սխալվում, 10 տոկոսի: Սա նույնպես չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով նաև 2021, 2022-23 թվականների իրադարձությունները, երբ ՌԴ-ն փաստացի ապացուցեց, որ շատ անվստահելի գործընկեր է: Այնպես որ սա բոլոր առումներով պետք է դրական գնահատել՝ և՛ ՀՀ պաշտպանական կարողությունների, և՛ ՌԴ-ից Հայաստանի կախվածության նվազեցման, և՛ նաև խաղաղությանը մոտենալու»,- ասում է քաղաքագետը:
Ըստ Քոչինյանի՝ Ադրբեջանը հաճախ փորձում է ոչ թե բանակցությունների ճանապարհով հարցերը լուծել, այլ Հայաստանին ինչ-որ բան կարգադրել: Այս համատեքստում, նրա խոսքով, հարկավոր է ինչ-որ չափով ուժային բալանսը վերականգնել, հակառակ պարագայում Ադրբեջանը միշտ փորձելու է ուժային լուծումների գնալ և, որպես այդպիսին, խաղաղություն տարածաշրջանում երբևիցե չի լինելու:
«ՀՀ-ի՝ զենք-զինամթերքի ձեռքբերումը և ընդհանրապես սեփական պաշտպանողական կարողությունների ավելացումը խաղաղության պրոցեսի վրա պետք է ազդի միայն դրականորեն, եթե մենք իրապես խոսում ենք խաղաղության պրոցեսի, այլ ոչ թե հարկադրանքի, դոմինացիայի մասին: Ադրբեջանում, իհարկե, կփորձեն սա (- խմբ. զենք-զինամթերքի գնումները) մեկնաբանել որպես միլիտարիստական փաստ, որպես խաղաղությունից խուսափելու, կամ ռևանշիզմի տարր, բայց ուզում եմ, որ դրան միանգամից հստակ արձագանքենք, որ, չնայած այս ամեն ինչին, ՀՀ-ն շարունակում է խոսել խաղաղության մասին, շարունակում է ձգտել խաղաղության, ՀՀ կառավարության օրակարգում շարունակում է մնալ խաղաղությունը՝ խաղաղության խաչմերուկ ենթակառուցվածքային նախագիծը, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման պրոցեսները: Ադրբեջանի այն պնդումներ, թե սա ռևանշիզմ է, չի նպաստում խաղաղությանը, միայն սուտ քարոզ կարելի է դիտարկել, քանի որ իրականության մեջ հակառակն է. ինչքան ուժային բալանսը վերականգնվի, այնքան ավելի հավանական, տեսանելի ու շոշափելի կդառնա խաղաղությունը»,- կարծում է Քոչինյանը:
Զրուցակցի խոսքով՝ պետք է բոլոր երկրների հետ աշխատել, կոչ անել վարվել այնպես, ինչպես վարվում են Հնդկաստանը և Ֆրանսիան, քանի որ սա է Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը:
Խոսելով պատերազմի և խաղաղության մասին՝ Քոչինյանն ասում է, որ կա հնարավոր սցենար և քայլերի հաջորդականություն, որը կբերի նոր պատերազմի, և կա նույնպիսի սցենար, որը կբերի խաղաղության. «Այս պահին ասել, թե որ ուղղությամբ կզարգանան գործընթացները, շատ դժվար է, որովհետև փոփոխելիները չափազանց կարևոր են. փոփոխելիներից ամենաառաջինը և ամենակարևորը, ըստ իս, ԱՄՆ ընտրություններն են, երկրորդը՝ Ֆրանսիայում ներքաղաքական գործընթացները, երրորդը՝ ենթակառուցվածքային նախագծերի շուրջ Արևմուտք-Չինաստան մրցակցությունը, չորրորդը՝ ՌԴ պատերազմը Ուկրաինայում և դրա արդյունքները: Այսինքն՝ փոփոխելիները այստեղ շատ-շատ են, որպեսզի մենք ասենք, թե ինչպիսին կլինի նոր աշխարհաքաղաքական ճարտարապետությունը»:
Քաղաքագետը վերահաստատում է՝ այս պահին վերոնշյալ երկու սցենարներն էլ հնարավոր են, և երկու տարբերակների դեպքում էլ ՀՀ-ն պետք է զինվի:
![]()