Ուրսուլայի նախընտրական խոստումը՝ տրված է Եվրոպայի անվտանգության նոր համակարգի ստեղծման մեկնարկը. Էդգար Առաքելյան

Եվրոպական ձգտումների ու ինտեգրացիայի ճանապարհին մեզանում հաճախ չեն տեսնում հենց Եվրոպայում տեղի ունեցող չափացանց կարևոր վերափոխումները։ Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ Եվրոպական Միությունը տնտեսական և քաղաքական կառույց է և, որպես այդպիսին, չի կարող անվտանգության հարցում Հայաստանին լուրջ աջակցություն ցուցաբերել:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Առաքելյանը՝ մանրամասնելով.

«Նախ պետք է նշել այդ պնդումներն իրականությանն այդքան էլ չեն համապատասխանում, քանի որ ԵՄ-ն ունի միասնական անվտանգային քաղաքականություն և որոշակի գործիքներ այն իրականացնելու համար։ Դրա հիմնասյունն այսօր, իհարկե, եվրոատլանտյան անվտանգային համակարգն ու նրա առանցքում գտնվող հիմնական կառույցն է՝ ՆԱՏՕ-ն։

Եվրոպական անվտանգության կարևոր գործիք է նաև ԵՄ խաղաղության հիմնադրամը, որի շրջանակներում երկու օր առաջ կայացվեց Հայաստանին 10 մլն եվրոյի ռազմատեխնիկական աջակցություն տրամադրելու մասին որոշումը։ Եվրոպական խաղաղության հիմնադրամը փաստացի այն միակ ինստիտուցիոնալ կառույցն է, որի միջոցով ԵՄ-ն, որպես միասնական կառույց, կարող է ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերել որևէ երկրի և Հայաստանի պարագայում, որպես առաջին քայլ, կարևոր էր ոչ թե տրամադրված գումարի չափն, այլ այն, որ այլևս կայացվել է քաղաքական որոշում, որով Հայաստանը, չնայած, ֆորմալ առումով լինելով ՀԱՊԿ անդամ, դառնում է ԵՄ հավաքական կառույցի գործընկերն անվտանգության ոլորտում»։

Ըստ քաղաքագետի, ԵՄ-ն տնտեսական և քաղաքական կառույցից զատ նաև միասնական պաշտպանական միության վերածելու մասին խոսակցությունները վաղուց են ընթանում։ Դրա առաջամարտիկը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է, ով տարիներ առաջ առաջ քաշեց Եվրոմիության բանակի՝ արագ արձագանքման միասնական ուժերի ստեղծման գաղափարը։ Մինչև 2022 թվականի ռուսական ներխուժումը Ուկրաինա այս գաղափարը լուրջ ընդդիմության էր հանդիպում Եվրոպայի ներսում և հիմնական փաստարկներից մեկն այն էր, որ այս քայլով կթուլացվի ՆԱՏՕ-ն և կարող է խզում առաջանալ ԵՄ-ԱՄՆ անվտանգային հարաբերություններում։

«Սակայն ռուս-ուկրաինական պատերազմը վեր հանեց եվրոպական անվտանգության ֆունդամենտալ հիմնախնդիրները։ Եվրոպան կանգնեց իր անվտանգությունն ինքնուրույն պաշտպանելու ինստիտուցիոնալ կարողությունների բացակայության ու դրանից բխող մարտահրավերների առաջ։ Այս խնդիրը սրվում է, հատկապես, երբ առկա է հնարավորությունը, որ ԱՄՆ-ում կարող է իշխանության գալ մի վարչակազմ (օրինակ Թրամփի պարագայում), ով «ձեռքերը կլվանա» եվրոպական անվտանգությունից՝ թողնելով Եվրոպային մենմենակ՝ ընդդեմ ռուսական սպառնալիքների։

Նման իրավիճակում կրկին առաջին պլան է գալիս Մակրոնի երկար տարիներ առաջ քաշված գաղափարը՝ ստեղծել ԵՄ առանձին և միասնական անվտանգային համակարգ՝ ԵՄ-ն քաղաքական-տնտեսական միությունից վերածել նաև պաշտպանական միության։ Դրա մասին, փաստացի, առաջին հայտարարությունն ամենաբարձր մակարդակով արդեն արված է»։

Օրեր առաջ ԵՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու իր նախընտրական ելույթում Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ իր վերընտրվելու դեպքում խոստանում է ստեղծել «Եվրոպական պաշտպանական միություն» և ներդնել պաշտպանական հարցերով եվրոպական հանձնակատարի պաշտոն՝ Եվրոպական հանձնաժողովի կազմում։ Սա, ըստ Առաքելյանի, փաստացի ԵՄ անվտանգային վերափոխման մեկնարկի մասին ծրագրային հայտարարություն էր, որի ճարտարապետը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է։

«Կարող ենք փաստել, որ տրված է Եվրոպայի անվտանգության նոր համակարգի ստեղծման մեկնարկը։

Այս զարգացումները չափազանց կարևոր են նաև Հայաստանի անվտանգության ապահովման համատեքստում։ Եթե Հայաստանի անվտանգային ապագա համակարգը կարող է ինչ-ինչ դժվարություններ ունենալ եվրոատլանտյան համակարգում լիարժեք ինտեգրվելու ճանապարհին, մասնավորապես, Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հարցում, ապա այն կարող է լիարժեք տեղավորվել Եվրոպական նոր անվտանգային համակարգում, առավել ևս, որ ԵՄ-ն կայացրել է քաղաքական որոշում Հայաստանին խաղաղության հիմնադրամի շրջանակներում ռազմատեխնիկական աջակցություն տրամադրելու հետ կապված՝ Հայաստանը, փաստացի, դարձնելով ԵՄ գործընկեր նաև անվտանգության հարցում։ Ահա այստեղ է, որ ԵՄ նման որոշումը շատ ավելի կարևոր ու շրջադարձայի է, քան այն գումարի չափը, որ հատկացվել է Հայաստանին։

Սրանք ֆունդամենտալ վերափոխումներ են, որոնք պետք է հաշվի առնեն հայաստանյան քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք առաջ են մղում Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի գիծը և նրանք, ովքեր թերահավատորեն են վերաբերվում ԵՄ կարողություններին՝ երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը։

Հ.գ. Եվրոպայի անվտանգության այս հիմնախնդիրների մասին Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը խոսեց նաև վերջերս Խորվաթիայում կայացած ԵԺԿ/EPP նախկին ստաժորների հավաքին՝ մեզ հետ հանդիպման ժամանակ»,- գրել է Էդգար Առաքելյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ