Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու ԵՄ որոշմանը

Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու ԵՄ որոշմանը:

«Հայաստանին «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներով և «Սեզար» ինքնագնաց հրետանային համակարգերով զինելու՝ Ֆրանսիայի քայլերից հետո Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը չափազանց սխալ և վտանգավոր է: Այն ծառայում է Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության սրմանը։ Եվրամիության նման քայլերն ակնհայտորեն միակողմանի և կողմնակալ բնույթ են կրում, և տարածաշրջանում «բաժանարար գծեր» ստեղծելու քաղաքականության դրսևորում են:

Նշված ռազմական օգնությունը և ապագայում նման օգնությունն ավելացնելու կոչերը կծառայեն Հայաստանի ռազմական ներուժի հզորացմանը:

Մենք մեր բողոքն ենք հայտնում Եվրամիության խորհրդի այս որոշման դեմ և ակնկալում ենք օգնության մասին թափանցիկ տեղեկատվության տրամադրում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:

Եվրոպական խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների խորհուրդն ընդունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին 10 մլն եվրո աջակցություն տրամադրելու որոշումը:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն էր հայտնել Եվրոպական միությանը և անդամ երկրներին՝ Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրամիության արտգործնախարարների խորհրդի հուլիսի 22-ին կայանալիք նիստի օրակարգային հարցերի շարքում են լինելու նաև Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելուն և Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությանն ուղղված հարցերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ