![]()
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ (Վազգեն) արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում՝ հյուրանոցային համարում, իբրև թե «գաղտնալսող սարք տեղադրելու փորձից» հետո ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Civic.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու՝ ի՞նչ փուլում է վարույթը։ Մեր հարցմանն ի պատասխան հայտնել են. «2024 թ. մայիսի 25-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հ. Աղասյանը և հայտնել, որ նույն օրը գտնվել է Հանրապետության 6 հասցեում գործող «Անի Գրանդ» հյուրանոցի 807 սենյակում, որի ժամանակ վերևի հարկի բնակիչները, ամենայն հավանականությամբ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ուժգին հարվածել են իր համարի դռանը՝ պահանջելով դուռը բացել, չբացելու դեպքում սպառնացել են, որ կբացեն և կներխուժեն ներս։ Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների երրորդ բաժնում ՀՀ ՔՕ 194-րդ հոդվածի 1-ին մասով (հոգեկան ներգործությունը) նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվում են անհրաժեշտ ապացուցողական և վարութային այլ գործողություններ»։
Բագրատ Գալստանյանի համարում գաղտնալսող սարքի տեղադրման փորձի առթիվ քրեական վարույթը, փաստորեն, նախաձեռնվել է այլ հոդվածով, և ոչ՝ Գալստանյանին ենթադրաբար գաղտնալսելու փորձի։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջում մի տեսանյութ էր զետեղվել, որը վերնագրվել էր այսպես՝ «ԱԱԾ-ն և իրավապահ մարմինները շարունակում են խայտառակվել»։ Տեսանյութին կից տեքստում մասնավորապես գրված էր. «Քիչ առաջ միջադեպ է եղել Ani Grand Hotel Yerevan հյուրանոցում հաստատված Բագրատ Սրբազանի համարում։ Գտնվելով սենյակում՝ Սրբազանն ու նրա կողմնակիցները լսել են, թե ինչպես է ներքևի հարկից ոմն մեկը ծակում սենյակի հատակը, որպեսզի այդ անցքից լսողական սարք տեղադրի Սրբազանի սենյակում։ Բագրատ Սրբազանի կողմնակիցները շտապ տեղեկացրել են այդ մասին հյուրանոցի ղեկավարությանը և իջել ներքևի հարկ, որպեսզի հասկանան, թե ինչ է տեղի ունենում։ Ներքևի համարում գտնվող՝ ըստ ամենայնի ԱԱԾ աշխատակիցը, երկար ժամանակ չէր բացում դուռը։ Սրբազանի կողմնակիցները հսկողություն են սահմանել այդ սենյակի մոտ, որպեսզի հասկանան, թե ով է փորձում լսողական սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում։
Քիչ անց նույն վայր են եկել ոստիկանության և ԱԱԾ բազում աշխատակիցներ, որոնց մեջ էր նաև Կենտրոնի Ոստիկանության պետի պաշտոնակատարը։ Նրանք նշված սենյակից դուրս են բերել տեսանյութում պատկերված կնոջը և արագ հեռացել հյուրանոցից։ ԱԱԾ և իրավապահ համակարգի այս ոչ պրոֆեսիոնալ, կարելի է ասել՝ փնթի աշխատանքն արդեն իսկ բազում խնդիրներ է առաջացրել մեր երկրի համար»։
Դատելով դատախազության պատասխանից՝ Հ. Աղասյանին, փաստորեն, ենթադրաբար սրբազանի կողմնակիցները սպառնացել են կոտրել դուռը։
Այս տեսանյութից հետո սոցցանցերում հումորի ու երգիծանքի հրավառություն սկսվեց՝ շատերը ծաղրում էին «չստացված գաղտնալսման» զոհ դարձած սրբազանին՝ նշելով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների դարում, փաստորեն, երբ որևէ մեկին ուզում են գաղտնալսել, դիմում են նման «փնթի» մեթոդների՝ գաղտնալսող սարքը՝ «ժուչոկ-ը, տեղադրում են ոչ թե ծայրահեղ զգույշ ու աննկատ, այլ՝ աղմուկ-աղաղակով, որ գաղտնալսողին տեղյակ պահեն։
Հ. Աղասյանը Հեղինե Աղասյանն է՝ տավուշցի (Բերդ, Չինարի), որին Գալստանյանը, ինչպես ինքն էր հավաստել, ճանաչում է, ավելին՝ մտերիմ հարաբերություններ ունի նրա ընտանիքի հետ և ժամանակին լավություն է արել։
![]()